«Խաղաղության պայմանագրի հետ որեւէ նոր բան չկա, այն, ինչ հրապարակային եղել է, այդքանն է։ Եթե որեւէ նոր բան լինի, մենք կտեղեկացնենք հանրությանը»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Հարցին, թե ուսումնասիրե՞լ ու վարչապետին ներկայացրե՞լ են, թե արդյոք Մոսկվա կատարելիք այցի շրջանակներում նրա կյանքին վտանգ սպառնո՞ւմ է, Արմեն Գրիգորյանը պատասխանեց․ «Ցանկացած սպառնալիք, եթե լինում է, մեր Ազգային անվտանգության ծառայության եւ մնացած այլ կառույցները ցանկացած իրավիճակի հետ կապված անվտանգությունը գնահատում են։ Եթե սպառնալիք է լինում, բնականաբար, ներկայացնում են»։
Արմեն Գրիգորյանն անդրադարձավ նաեւ Նիկոլ Փաշինյանի երեկվա սպառնալիքներին՝ ուղղված ընդդիմությանը։ «Վարչապետը խոսել է մամուլում տեղ գտած կոռուպցիայի վերաբերյալ հրապարակումների մասին։ Անվտանգության խորհրդի գրասենյակը հավաքագրում է այդպիսի բոլոր հրապարակումները, ամբողջական զեկույց է կազմում եւ տեղեկացնում է վարչապետին։ Վարչապետը խոսել է սրա մասին, եւ այս աշխատանքը մենք երկար ժամանակ եւ պարբերաբար կատարում ենք։ Եվ մեր հիմնական ուշադրությունը նաեւ կառավարության անդամների, ՏԻՊ մարմիններում աշխատող քաղաքացիների մասին է»,- ասաց նա։
Հարցին, թե վարչապետն ընդդիմադիրներին «ԱԱԾ պադվալ» լցնելու լիազորություն ունի՞, որ նման բան է հայտարարում, Արմեն Գրիգորյանը պատասխանեց, որ ամենայն հավանականությամբ նկատի է ունեցել, որ իրավապահ մարմինների միջոցով դա կանի։
Կարդացեք նաև
Արմեն Գրիգորյանին նաեւ հարց ուղղվեց, թե ԱԽ-ն ի՞նչ կապ ունի կոռուպցիոն փաստերը հավաքագրելու հետ։ «Անվտանգության խորհրդի գրասենյակը սրանով զբաղվում է, որովհետեւ կոռուպցիան մենք համարում ենք մեր ազգային անվտանգությանը սպառնալիք։ Քանի որ կոռուպցիայի դեմ պայքարը կառավարության համար առաջնահերթություն է, Անվտանգության խորհուրդը նաեւ դրա շրջանակներում աշխատանքներ է կատարում։ Եվ հրապարակումները, որոնք կան մամուլում, այդ հրապարակումների մասին մենք հավաքագրում ենք ու զեկույցով տեղեկացնում վարչապետին՝ համարելով, որ կոռուպցիայի դեմ պայքարն առաջնահերթություն է եւ ազդում է ՀՀ անվտանգության վրա»,- նշեց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ