Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է դրվել «Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում եւ հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Օրինագծում արձանագրվել են մի շարք լուրջ խնդիրներ, որոնք կարող են էականորեն ազդել անհայտ կորած անձանց եւ նրանց ընտանիքների իրավունքների արդյունավետ իրացման եւ պաշտպանության վրա:
«Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմը պարբերաբար ստանում է բողոքներ՝ անհետ կորած զինծառայողների եւ քաղաքացիական անձանց ընտանիքների անդամներից: Խնդիրն էլ ավելի սրվեց 2020թ պատերազմի ընթացքում եւ դրանից հետո: Մինչ այդ էլ աշխատակազմը ստանում էր բողոքներ Արցախյան առաջին պատերազմի ընթացքում անհետ կորածների ընտանիքների անդամներից՝ մարդիկ տասնամյակներ շարունակ չեն դադարում փնտրել իրենց հարազատին»,- Մեդիա կենտրոնում թեմայի վերաբերյալ կայացած քննարկման ժամանակ նշեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անդրանիկ Եղոյանը:
Նրա խոսքով. «Գործընթացն իր բնույթով մարդասիրական է, հետեւաբար ՄԻՊ-ը պետք է արձագանքի բոլոր խնդիրներին, ինչը եւ անում ենք՝ չնայած պաշտպանի այս ոլորտում իրավական ոչ լայն լիազորություններին: Նկատի ունեմ, օրինակ, որոնողական աշխատանքներ իրականացնելու, պետության անունից բանակցություններ վարելու եւ այլ լիազորություններ ՄԻՊ-ը չունի, բայց մենք ունենք լիազորություն՝ պետական մարմինների գործունության վերահսկողության առումով:
44-օրյա պատերազմի ընթացքում ու դրանից հետո ստացել ենք 1000-ից ավելի գրավոր ու բանավոր բողոքներ: Միայն 44-օրյա պատերազմի ընթացքում այդ թիվը 1000-ը գերազանցում էր: Առայսօր բազմաթիվ ընտանիքներ տեղեկություններ չունեն իրենց հարազատների գտնվելու վայրի, ճակատագրերի վերաբերյալ: Հիմնական խնդիրը ընտանիքների մոտ այս ընթացքում, բացի ճակատագրերի մասին տեղեկություններ ստանալու իրավունքի ապահովումից՝ վերաբերում է հոգեբանական աջակցություն տրամադրելուն, սոցիալական, ֆինանսական, կրթական եւ այլ հարցերի կապակցությամբ ՄԻՊ-ի աջակցությունը ստանալուն»:
Կարդացեք նաև
ՀՀ ՄԻՊ աշխատակազմի Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետն ընդգծում է. «Առավել արդի խնդիր դարձել է քրեական վարույթի շրջանակում պատշաճ քննության իրականացումը՝ ԴՆԹ փորձաքննությունների հետ կապված… Շատ ծնողներ համաձայն չեն ԴՆԹ փորձաքննությունների արդյունքների հետ: Ներկայումս էլ առկա են զոհերի բազմաթիվ մասունքներ, որոնք ընտանիքները հրաժարվում են վերցնել եւ հուղարկավորել, քանի որ համաձայն չեն ԴՆԹ պատասխանների հետ եւ ունեն իրենց հիմնավորումները»:
Մանրամասն՝ տեսանյութում
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի