«Մենք իշխանությունը փոխել ենք Հայաստանում, բայց մենք մեզ փոխե՞լ ենք։ Ամեն քաղաքացի կարող է ասել՝ այո, ես դուրս եկա, իշխանությունը փոխեցի, բայց ամեն քաղաքացի կարող է հարց տալ՝ մենք իշխանությունը փոխեցինք, բայց ինքներս մեզ փոխեցինք, թե՞ չփոխեցինք, ֆունդամենտալ հարցն այստեղ է։ Այո, հեղափոխությունը հեշտ է, փոփոխությունն է դժվար»,- կառավարության այսօրվա նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Այս հարցադրումը Նիկոլ Փաշինյանն արեց կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ։ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ասաց, որ նախագծով առաջարկում են թվայնացնել տրանսպորտային միջոցի առուվաճառքի, նաեւ սեփականության իրավունքի փոփոխության հետ կապված գործընթացները։
Անդրադառնալով Էրեբունի վարչական շրջանում գործող ավտոշուկային՝ Նիկոլ Փաշինյանը հարցրեց կառավարության անդամներին, թե ի՞նչ է փոխվել այնտեղ։ «Եկեք էս շաբաթ բոլորով գնանք այնտեղ, տեսնենք, թե ինչ է կատարվում»,- ասաց Փաշինյանը։
Հետո հավելեց․ «Պատկերացրեք՝ Հանրապետության հրապարակում լինի ավտոշուկա, դա էլ Էրեբունի թանգարանն է, իր շրջակայքով ու միջակայքով։ Մենք պրոբլեմները տեսնելու, հասկանալու, լուծելու բանաձեւերը պետք է գտնենք»։
Կարդացեք նաև
«Այդ տեղը ինչո՞ւ է այդքան գրավիչ, որովհետեւ այնտեղ ԱԱՀ, շրջանառության հարկ եւ ընդհանրապես հարկ չկա կամ հիմնականում չկա։ Այստեղ եկանք, հասանք՝ իսկ ո՞ւր է նայում ՊԵԿ-ը, իսկ ո՞ւր է նայում ոստիկանությունը, իսկ ո՞ւր է նայում Երեւանի քաղաքապետարանը, իսկ ո՞ւր են նայում տեսչական մարմինները, ըհն, տեսա՞ք՝ ուր հասանք: Ես էդ մտադրությունը բացարձակապես չունեի, բայց պրոբլեմն այդտեղ է՝ իսկ ո՞ւր է նայում Սննդի անվտանգության տեսչական մարմինը, որ այդտեղ այդ պայմաններում չի կարելի սնունդ վաճառել, մենք բոլորս ո՞ւր ենք նայում:
Հիմա խցանում է Էրեբունի փողոցում, գործողություն անենք, փակվելու է Էրեբունի փողոցը, այ սենց են հեղափոխականից դառնում կոմֆորմիստ։ Եկեք արձանագրենք, որ հեղափոխությունից 7 տարի անց մենք դարձել ենք կոմֆորմիստ, եւ ես սրա հետ պրոբլեմ ունեմ։ Հույս ունեմ՝ բոլորդ էլ պրոբլեմ ունեք։
Անարդար չլինեմ մեր նկատմամբ՝ մենք որոշումներ էլ ենք կայացրել, բայց սրանք մտքեր են, որոնք պետք է հնչեն, կիսվենք այդ մտքերով, այս ամենը տեսնում ենք, խորանում ենք, նաեւ ինչքան խորանում ենք, այնքան պրոբլեմներ են ի հայտ գալիս»,- հայտարարեց Փաշինյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Լուսանկարը՝ 2018-ի բողոքի ցույցերից