Այս տարի «Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը կազմակերպել եւ անցկացրել է Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումների մի ամբողջ շարք՝ մարշալ Բաղրամյանի թանգարանի բացումից մինչեւ «Հաղթանակն իմ արխիվներում» մրցույթը, հեռուստատեսային «Հաղթանակի ժամանակը» հաղորդաշարից մինչև 1945 թվականի խաղողի բերքից պատրաստված «Հաղթանակ» կոնյակի հատուկ խմբաքանակի թողարկումը:
«Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի կարեւորությունը որեւէ մեկը չի կարող կասկածի տակ դնել, որովհետեւ Հայաստանի համար շատ մեծ ու պատմական նշանակություն է ունեցել այս հաղթանակը: Գաղտնիք չէ, որ շուրջ 600 000 հայորդիներ մասնակցել են Հայրենական Մեծ պատերազմին, որոնցից 300 000-ը հերոսացել է եւ մարտի դաշտից չի վերադարձել: Տասնյակ գեներալներ, մարշալներ, ծովակալներ կերտել են այդ հաղթանակը, եւ այսօր վստահաբար հետխորհրդային բոլոր պետությունների շարքում Հայաստանն առաջիններից մեկն է, որը կիսում է այդ հաղթանակի կարեւորման պատասխանատվությունը»,- Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում նշեց «Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի նախագծերի համակարգող, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:
«Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը մի շարք ծրագրեր է իրականացրել, ի թիվս այլնի, պատմաբանների, մասնագետների հետ զրույցներում պատմական մի շարք փաստեր նորովի են բացահայտվել, եւ մեր հիմնական նպատակներից մեկն էր՝ թույլ չտալ, որ պատմական իրողությունները խեղաթյուրվեն: Ցավոք սրտի, որոշակի գործընթացների արդյունքում փորձ է արվում այս կամ այն կերպ ստվերել ռուս-հայկական հարաբերություները, իսկ դրանք ուղղորդված բնույթ են կրում, ես դրանում վստահ եմ, ինչպես նաեւ գերնպատակներից մեկն էլ այն է, որ թույլ չտանք պատմական ճշմարտության խեղաթյուրումը»,-ընդգծեց Իվետա Տոնոյանը:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ