Երեկ երեկոյան ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալել էին Գյումրի բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի վարիչ Ա․ Նասիբյանին (լուսանկարում)։ Նրան տեղափոխել են մայրաքաղաք։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից պարզաբանել էին, բաժնի վարիչը ձերբակալվել է ապօրինի վարձատրություն ստանալուց անմիջապես հետո իրականացված քննչական գործողության ընթացքում։
Ի դեպ, այս ձերբակալությունը բավական մեծ քննարկումների տեղիք է տվել Գյումրիում, մեզ բազում ընթերցողներ էին դիմում՝ հետաքրքվելով, թե որ բժշկի մասին է խոսքը։
Aravot.am-ին որոշակի մանրամասներ են հայտնի դարձել այս դեպքից․ ըստ մեզ հասած տեղեկությունների, բժշկի առանձնասենյակում քննչական գործողություններ իրականացնելու պահին գտել են 270 հազար դրամ։ Ըստ որոշ տեղեկությունների, դա պացիենտի աղիների վիրահատության ժամանակ անհրաժեշտ դետալ ձեռք բերելու գումարն է եղել։
Կարդացեք նաև
Նկատենք, որ Ա․ Նասիբյանը պրոֆեսիոնալ վիրաբույժ է․ երբեմն բացառիկ վիրահատություններ է անում Գյումրիում՝ մասնավորապես ստամոքսի չարորակ ուռուցք ունեցողների կյանքերը փրկելով։ Մամուլը բազմիցս անդրադարձել է նրա կատարած վիրահատություններին։
Սա նկատի ունենալով՝ գյումրեցիներից շատերը տարակուսած են, թե արժե՞ արդյոք բժշկին անազատության մեջ պահել։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ