Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Ստեփանյանը կդիմի ԲԴԽ՝ ՍԴ-ի որոշման հիման վրա վերականգնելու դատավորի իր լիազորությունները

Մայիս 08,2025 17:44

«Փաստինֆո». Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի՝ լիազորությունները դադարեցված դատավոր Արթուր Ստեփանյանը կդիմի ԲԴԽ՝ ՍԴ-ի որոշման հիման վրա իր գործի վերանայման համար։

Հիշեցնենք, որ ԲԴԽ-ն 2024 թ․ հուլիսի 9-ին դադարեցրել էր Արթուր Ստեփանյանի դատավորի լիազորությունները, որի նկատմամբ կարգապահական վարույթը ՀՀ արդարադատության նախարարությունը հարուցել էր Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա։ Վերջինս, մատնանշելով «Փաստերի ստուգման հարթակի» 2023 թ․ հրապարակումը, պնդել էր, թե Արթուր Ստեփանյանն իբր 102 գործով խախտել է դատավարական ժամկետները։

ԱՆ-ի վարույթի ընթացքում պարզվել էր, որ, այսպես կոչված, ժամկետների խախտումներ արձանագրվել են 85 գործով, որոնց թվում հաշվարկվել են նաև կարճաժամկետ ուշացումները՝ օրինակ՝ 1 կամ 3 օր։ Մինչդեռ նման ուշացումների դեպքում նախարարությունը սովորաբար վարույթ չի հարուցում՝ հաշվի առնելով դատավորների գերծանրաբեռնվածությունը։

Բացի այդ, ԱՆ-ն վարույթը հարուցել էր ոչ պատշաճ սուբյեկտի հաղորդման հիման վրա, քանի որ Դանիել Իոաննիսյանը, ինչպես նշել էր դատավոր Արթուր Ստեփանյանը, գործով շահագրգիռ անձ չէ, մինչդեռ միայն կողմը կարող է գնահատել՝ իր իրավունքը խախտվել է, թե ոչ։ Այդուհանդերձ, գործը հասել էր ԲԴԽ, և վերջինս, փոխարենը կարճելու, ընդամենը 5 կողմ ձայնով որոշել էր դադարեցնել դատավորի լիազորությունները։

Արթուր Ստեփանյանը դիմել էր ՍԴ, որն իր որոշմամբ հակասահմանադրական էր ճանաչել «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի այն դրույթը, ըստ որի՝ ԲԴԽ-ի հինգ անդամների ձայները բավարար էին դատավորի լիազորությունները դադարեցնելու համար։ Փաստացի, ՍԴ-ն արձանագրել էր այն, ինչը բազմիցս բարձրաձայնել էր մասնագիտական հանրությունը։

Իսկ արդեն այսօր հակասահմանադրական ճանաչված նորմի հեղինակը Կարեն Անդրեասյանն է. նրա պաշտոնավարման ընթացքում էլ իրականացվել էին օրենսդրական այն փոփոխությունները, որոնց արդյունքում դատավորի լիազորությունները դադարեցնելու համար անհրաժեշտ էր ոչ թե 7, այլ 5 կողմ ձայն։ Այդ փոփոխությունները դեռ այն ժամանակ քննադատվել էին մասնագիտական հանրության կողմից։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում Արթուր Ստեփանյանը կարևորել է ՍԴ որոշումը՝ ոչ միայն իր իրավունքների, այլև այլ դատավորների համար, քանի որ այսուհետ որևէ դատավորի լիազորությունները հինգ կողմ ձայնով չեն կարող դադարեցվել։ Առաջիկայում նա կդիմի ԲԴԽ՝ իր լիազորությունները դադարեցնելու մասին որոշման վերանայման և հակասահմանադրական խախտման վերացման պահանջով։

«Փաստինֆո»-ի դիտարկմանը, որ արդեն իսկ կա նախադեպ, երբ ԲԴԽ-ն փաստացի չի կատարել ՍԴ-ի որոշումը՝ ինչպես, օրինակ, Դավիթ Հարությունյանի գործով, և հետևաբար ինչ ակնկալիքներով է պատրաստվում դիմել ԲԴԽ՝ Արթուր Ստեփանյանը պատասխանել է.
«Ակնկալում եմ, որ, վերջ ի վերջո, ողջախոհությունը, իրավագիտակցության գոնե առնվազն բավարար մակարդակը՝ համապատասխան պաշտոններում գործելու համար, պետք է իրագործվի»։

Նշենք, որ ՍԴ որոշմամբ սահմանվել է նաև ժամկետ՝ հակասահմանադրական ճանաչված հոդվածը Սահմանադրությանը համապատասխանեցնելու համար։ Սակայն Արդարադատության նախարարությունը, որն այս դեպքում թե՛ հակասահմանադրական ճանաչված կարգավորման հեղինակը, թե՛ դատավոր Արթուր Ստեփանյանի դեմ կարգապահական վարույթ հարուցող մարմինն էր, դեռևս չի շտապում ոչ օրենսդրական փոփոխության հարցում, ոչ էլ՝ որպես վարույթ հարուցող մարմին, դիմել ԲԴԽ՝ ՍԴ-ի որոշման հիման վրա դատավորի գործի վերանայման համար։

ԱՆ-ից «Փաստինֆո»-ի հարցմանը ի պատասխան հայտնել են, թե ՍԴ-ի որոշումն ընդունել են ի գիտություն, սակայն ԲԴԽ պետք է դիմի ակտի հասցեատերը։
«ՍԴ-ի կողմից ժամկետ է սահմանվել, դրանից բխող գործողությունները քաղաքականության մշակման ոլորտում կիրականացվեն»,– նշել են նախարարությունից։

Իզաբել Սահակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031