«Այսօր Երկրապահի օրն է։ Ըստ ավանդույթի՝ ես պետք է լինեի Եռաբլուրում՝ իմ ընկերների հետ։ Չեմ գնացել, որ տիկին դատախազի զեկույցը լսեմ, և լսեմ՝ ի՞նչ կա հոկտեմբերի 27-ի գործի հետ կապված»,-խորհրդարանում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ դատախազության 2024 թվականի հաշվետվության ներկայացման ժամանակ հայտարարեց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Անդրանիկ Քոչարյանը մտահոգություն հայտնեց, որ հոկտեմբերի 27-ի հետ կապված շատ կարևոր վկաներ կան, որոնք այս պահին ՀՀ-ում չեն․ հաջողությամբ հատել են ՀՀ սահմանը։ Նա հայտարարեց․ «Հոկտեմբերի 27-ը պետք է բացահայտված լիներ հոկտեմբերի 28-ին։ Էսօր 2025-ի մայիսի 8-ն է՝ Երկրապահի օրը։ Չեմ գնացել Եռաբլուր։ Ի՞նչ պետք է ասեի Վազգեն Սարգսյանի գերեզմանին նստելուց, խունկ վառելուց․․․»։
Անդրանիկ Քոչարյանը, դիմելով Աննա Վարդապետյանին, նշեց՝ անցյալ տարի, նախանցյալ տարի էլ է հարցը տվել Աննա Վարդապետյանին՝ ե՞րբ է բացահայտելու հոկտեմբերի 27-ը․ «Մեր առաջին հանդիպման ժամանակ անձամբ ինձ հետաքրքիր էր Ձեր մոտեցումները հոկտեմբերի 27-ի հետ կապված։ Դուք ասացիք, որ դա մեր երկրի պատվի գործն է։ Դա ճիշտ է։ Բայց հոկտեմբերի 27-ը մինչև հիմա բացահայտված չէ։ Ակնկալում էի, որ հոկտեմբերի 27-ի հետ կապված ոչ թե հիշատակեք նախաքննության գաղտնիքները, իմ ամբողջ գիտակցական կյանքն այդ գաղտնիքների միջով էր անցել։ Էս հարցը Ձեզ պետք է տայի, ոչ թե Աղվան Հովսեփյանին․․․»։
Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց․ «Այսօր ես բավարարված չեմ։ Դուք որևէ բառ հոկտեմբերի 27-ի մասին չեք ասել։ Մեզ էիք խնայո՞ւմ․ գոնե ինձ չխնայեիք, Գագիկ Մելքոնյանին չխնայեիք, Սեյրան Օհանյանին չխնայեիք։ Մի խնայեք, տվեք մեզ հեռանկար օր առաջ հոկտեմբերի 27-ի թեման փակելու։ Իրականում բացահայտել է պետք, իրականում կարևոր վկաներ կան։ Մահացածների առկայությունը հնարավորություն է տալիս պարզելու, թե ինչ ուժեր կարող էին լինել սրա հետևում»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ