Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանի սահմանամերձ Շաղատ գյուղին կառավարությունը կարգավիճակ չի տալիս, որ ընդգրկվի սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության ծրագրերում։ Շաղատի վարչական ղեկավար Տիգրան Խաչատրյանի խոսքով (լուսանկարում)՝ պատճառաբանում են, թե գյուղը սահմանապահ չէ․ բուն համայնքի տարածքը սահմանից հեռու է ընդամենը 7 կմ-ով։
«Ասում են՝ մենք սահմանապահ չենք, իսկ սահմանապահ համարվող համայնքները կառավարության կողմից աջակցություն են ստանում տարբեր ծրագրերով։ Մեր դեպքում միայն կադաստրային ծախսեր կան, որոնք կրճատվում են, ուսանողների ուսման վարձերն են զեղչվում, բայց սահմանապահ պետք է լինես, որ կառավարության բոլոր արտոնություններից օգտվես։ Իրենք հաշվի են առնում այն, որ կոնկրետ գյուղը սահմանից հեռու լինի։ Իսկ մեր գյուղը մոտ 7 կմ է սահմանից հեռու, ասում են՝ դա շատ մոտ չէ։ Որ լիներ, լավ կլիներ, ժողովուրդն աջակցություն կստանար, 16 մլն դրամները կստանային՝ տուն կառուցելու համար, աշխուժություն կլիներ, կխրախուսվեր համայնքում մնալը։ Ես ընտանիքներ գիտեմ, որ համայնքից դուրս են եկել, բայց եթե արտոնությունները լինեին, դուրս չէին գա»,- ասում է Տիգրան Խաչատրյանը։
Կարդացեք նաև
Շաղատը սահմանամերձ է Նախիջեւանի հետ՝ մոտ 40 կմ սահմանով։ «Սահմանամերձ լինելն ազդում է մարդկանց տրամադրության վրա, որովհետեւ անվտանգային հարցը դեռ վերջնական լուծված չէ, չգիտենք՝ վաղվա օրը ինչ է լինելու։ Ժողովուրդը դեռ տեղում է, քիչ բնակիչներ են դուրս եկել։ Փորձեցինք նաեւ արցախցիներին ներգրավել մեր համայնք, բայց մարդկանց առաջին հարցն այն է, որ ասում են՝ սահմանամերձ է ու հրաժարվում են։ Ունենք Արցախից եկած ընտանիքներ, բայց նրանք հիմնականում վերաբնակիչներ են»,- լրագրողներին ասում է Տիգրան Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ որպեսզի մարդիկ մնան գյուղում, պետք է հնարավորություն տալ, իսկ այսօր գյուղում գյուղատնտեսության վիճակը շատ թույլ է, կրճատվել է անասնագլխաքանակը։
«Գյուղնախարարություն չունենալով հանդերձ՝ գյուղոլորտը ոնց որ աչքաթող արած լինեն։ Առաջ անտոկոս վարկեր կային, 5 տոկոսով վարկեր կային, բայց հիմա ամենացածր տոկոսը 16-17 տոկոս է։ Ժողովուրդը փոքր վարկերով կարողանում էր իրենց տնտեսությունն առաջ տանել, իսկ հիմա անասնագլխաքանակն է կրճատվում, որովհետեւ սպանդանոցների հետ կապված խնդիրներ են առաջանում։ Սիսիանն ունի մեկ սպանդանոց, եւ խնդիր է միսը տեղում վաճառելը։ Այո, վաճառելն էլ է հիմա խնդիր, որովհետեւ բնակչությունը «թեթեւանում» է։ Մինչեւ 2020 թվականը մեր գյուղացիներն ունեցել են 1350 խոշոր եղջերավոր անասուն, հիմա այդ թիվը 970 է։ Իսկ մանրը 3500 է եղել, հիմա 1400 է»,- նշում է համայնքի վարչական ղեկավարը։
Գյուղացիներն արոտավայրերի մի մասը չեն կարողանում օգտագործել, քանի որ, համայնքի վարչական ղեկավարի խոսքով՝ «սահմանի բերանին են»։ «Ինչ-որ բաներ պետք է հաշվի առնեին ու մեզ փորձեին աջակցել։ Հիմա գյուղական բնակավայրերին պիտի աջակցեն, մանավանդ Գեղարքունիքի ու Սյունիքի մարզերին, որ մարդին չգնան»,- ասաց նա։
Նվազել է նաեւ Շաղատի բնակչության թիվը։ Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ գյուղի բնակչության թիվը տարեցտարի է նվազում․ եթե նախորդ տարի այստեղ ապրում էր 1030 մարդ, այսօր ապրում է 998 մարդ։ Մարդիկ լավ կյանքի հույսով գնում են քաղաքային բնակավայրեր։ «Մարդ կա՝ 30-40 գլուխ խոշոր եղջերավոր անասուն ուներ, վաճառել՝ դուրս են եկել գյուղից։ Նախկինում ո՞նց էին այդ անասնագլխաքանակով ապրում, հիմա չեն կարողանում»,- հավելեց նա։
Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ եթե արտագաղթը շարունակական բնույթ կրի, ողբերգական հետեւանքներ կլինեն մարզի համար։ Պետք է այս արտահոսքը դադարեցվի։ Թե ինչպե՞ս, այդ հարցի շուրջ կառավարությունում պետք է մտածեն։
Շաղատի բնակչուհի Անահիտ Վարդանյանը ցավով է ասում․ «Գյուղից ահագին մարդ գնաց, աշխատանք չկա, գնացին քաղաք։ Ջահելները չեն ուզում մնան ստեղ։ Ջահելներին աշխատանք չկա, դրա համար ձգտում չունեն գյուղում մնալու, գյուղացու գործ չեն ուզում անել, մեծերն են հիմնականում գյուղ գործով զբաղվում»։
Գյուղի կանանց հիմնական աշխատանքը սարերից սունկ, մանդակ եւ այլ բույսեր հավաքելն է։ «Մանդակը հավաքում ենք, մեզ համար էլ ենք օգտագործում, վաճառում էլ ենք։ Դժվար գործ է, սարերում ենք ամբողջ օրը, հավաքում ենք։ Մենք ենք մեր կյանքը դասավորում, ոչ մեկի նեղություն չենք տալիս, մեր աշխատանքով ապրում ենք»,- ասում է Անահիտը։
Շաղատի բնակչուհի 70-ամյա Սիրանուշ Վարդանյանին էլ անվտանգային հարցն է հուզում ամենաշատը։ «Գնում ենք սար, մանդակ ենք հավաքում, կրակոցներ են լինում, վտանգը միշտ էլ կա։ Աստված մեծ է, Աստծո կամքով ապրում ենք»,- ասում է նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ