Լրահոս
Օրվա լրահոսը

Մայիսի 9-ի բարոյական եւ քաղաքական բաղադրիչները

Մայիս 09,2025 10:00

Հայաստանյան «արեւմտամետները» կտրականապես դեմ են «Մեծ հայրենական պատերազմ» ձեւակերպմանը: Նրանք գտնում են, որ դա «ռսաստրկություն» է կամ, լավագույն դեպքում, խորհրդային հնացած մտածողության իներցիա: Ըստ այդ հայեցակարգի՝ Խորհրդային Միությունն առանձնապես ներդրում չունի նացիզմի դեմ տարած հաղթանակի մեջ, իսկ խորհրդային բանակի զինվորները կռվում եւ զոհվում էին հանուն Ստալինի: Ինձ թվում է, այդ մոտեցումը մեզ՝ հայերիս համար պետք չափազանց վիրավորական լինի՝ դրանով անարգվում է մեր պապերի, հարյուր հազարավոր մեր հայրենակիցների հիշատակը:

Այստեղ ես տեսնում եմ նաեւ պաշտոնական «թրենդի» շարունակություն, իբր մարդիկ իրենց կյանքն են զոհել «հանուն ոչնչի»: Պատկերացնել հայրենիքի պաշտպանությունը՝ որպես գոյություն ունեցող եւ միանգամայն խրախուսելի մոտիվացիա, իշխանական քարոզչությունը չի կարող: Ցավոք, այդ ծայրահեղ ցինիզմով վարակված է նաեւ մեր հասարակության, այդ թվում՝ երիտասարդության զգալի մասը, եւ դրա մեջ ես տեսնում եմ լուրջ սպառնալիք մեր ազգային անվտանգության համար:

Մեծ հայրենական պատերազմը՝ որպես այդպիսին ճանաչելու պատմական, բարոյական խնդիրը պետք է տարանջատել Փաշինյանի՝ մայիսի 9-ին Կարմիր հրապարակում հայտնվելու՝ զուտ քաղաքական հարցից: Ամենայն հավանականությամբ՝ Հայաստանի վարչապետը չունի Իլհամ Ալիեւի քաղաքական ռեսուրսը, որպեսզի կարողանար մերժել Պուտինի հրավերը:

Ադրբեջանի՝ քաղաքական խաղեր տալու դաշտը զգալիորեն ավելի մեծ է, քան Հայաստանինը, որովհետեւ, բացի Ռուսաստանի հետ սերտ հարաբերություններից, այդ երկիրն ունի Թուրքիայի ուղղակի ու Եվրամիության անուղղակի աջակցությունը: (Եվրախորհրդարանի որոշ պատգամավորների հռետորաբանությամբ մի՛ խաբվեք՝ կան շատ ավելի էական տնտեսական շահեր): Ալիեւը ոչ բոլոր դեպքերում, բայց որոշակի սահմաններում կարող է Պուտինին «ոչ» ասել, իսկ Փաշինյանը չի կարող: Օդի մեջ «եվրոպամետ» ճառեր արտասանել՝ ինչքան ուզեք:

Ընդունենք այդ ամենը որպես իրողություն՝ Փաշինյանը չէր կարող Մոսկվա չգնալ: Այդ ֆոնին բավականին զավեշտալի են հնչում այն պնդումները, իբր Ռուսաստանը Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է վարում: Ստացվում է, որ Հայաստանի ղեկավարը հյուր է գնում իր երկրի դեմ հիբրիդային պատերազմի կազմակերպիչների մոտ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    Նկարը խոսուն է: Կարելի է Աշոտյանի խոսքերով վերնագրել. Քաղաքական բորոտը:

    • Ասֆալտին պառկեցված says:

      Նկարի վերաբերյալ Սարգիս Ջեյթունյանի առաջարկած դիպուկ վերնագրի տակ առաջարկում եմ այսպիսի տեքստ գրել – Քաղաքական բորոտն ընդունելով իր քաղաքական հոր հրավերը, հնազանդ ձևով նստել է իր քաղաղաքական խորթ մոր կողքին։

  2. Սարգիս Զեյթունյան says:

    Թող ների պարոն Աբրահամյանը, բայց հոդվածի համար իր ընտրած նկարն այնքան դիպուկ ու ամբողջական է արտահայտում Նիկոլի խղճուկ էությունը և, դժբախտաբար, մեր երկրի կարգավիճակը, որ տեքստը ակամա երկրորդ պլան է մղվում: Նկարն, իմ կարծիքով, հարուստ դիդակտիկ նյութ կլիներ հոգեբուժության ցանկացած դասագրքի «օլիգոֆրենիա» բաժնում: Այդ հիվանդության նկարագրությունն ավելի ամբողջական կլիներ, եթե ուղեկցվեր Հայաստանի Հանրապետեւթյան Վարչապետի վարքի մանրամասն նկարագրությամբ՝ թե ինչ էր անում այս վիճակում նկարվելուց 2 օր առաջ և ինչ է անելու դրանից երկու օր հետո:

  3. Anonymous says:

    Այո, “հայրնեկանա մեծ պատերազմ” չէ, այլ Երկրորդ Համաշխարհային: Սա մեկ: Այո, Ռուսաստանը հիբրիդային պատերազմ է տանում Հայաստանի դմե, ու Հայաստանի ղեկավարությունն այստեղ ընդմաենը ռուսների գործակալներն են, որոնք կոչված են ապահովելու ռուսական ալիբին: Խորհուրդ կտամ ուշադիր լսել Շանթ Հարությունյանի ասածները:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031