Հաճախ բացում եմ խունացած նրա նամակներն ու հիշուղությունս կինոժապավենի նման սկսում է ցուցադրել անցյալի երջանկագույն «կադրերը», որոնք կարծես մխիթարանք լինեն անցյալի դաժան, սոսկալի իրականության հեռացած մորմոքներից… Ու մտածում եմ՝ մի՞թե մարդկային սիրտն այսքան տառապանք ու անմարդկային զրկանքներ կարող էր կրել ու գոյատեւել, նորից հառնել փյունիկի նման ու երբեմն էլ՝ օգնության ձեռք մեկնել դժվարին իրավիճակներում հայտնված ընկերներին, հարազատներին ու նույնիսկ անծանոթներին…
Սակայն գոյատեւելուց բացի, ես կարողացա ուժ գտնել իմ մեջ սատարելու ծանոթ-բարեկամներիս՝ հոգեպես ու ջերմ վերաբերմունքով, երբեմն նաեւ նյութապես։ Փոխադարձեցին նրանցից շատերը, ովքեր դաժան աղետից չէին տուժել կամ բնակվել էին աղետի գոտուց բավականին հեռու։
Ինձ շատ հարազատ մարդկանցից մեկն էլ արվեստագիտության դոկտոր Վարսիկ Գրիգորյանն էր՝ մեր ժամանակների մեծագույն արվեստագետներից մեկը, ում հետ պատիվ եմ ունեցել ծանոթ լինելու ու վայելելու նրա ներկայությունը Սպիտակի Ժողովրդական թատրոնի ներկայացումների ժամանակ։
Նամակը, որ ձեզ եմ ներկայացնում, նշանավոր թատերագետն ինձ է հասցեագրել 1990թ. փետրվարի 14-ին։ Իմ ունեցած սուրբ մասունքների հետ այն պահում եմ նամակներիս գզրոցում։
Ահա այն.
Հարգելի՛, ո՛չ, սիրելի՛ Սպարտակ
Այս պահին այնքա՛ն թանկ ու հարազատ եք ինձ, որքան այն ամենն, ինչ առնչվում է մեր խաղաղ ու երջանիկ օրերի, ստեղծագործական որոնումների հետ։ Ափսո՜ս… Մենք այն ժամանակ չէինք գնահատում մեր երջանկությունը։ Ճիշտ է երեւի, որ մարդ կորցնելուց հետո է գնահատում ունեցածը։
Հարազա՜տս, Ձեր վիդեոն (իմ ուղարկած տեսահոլովակի մասին է գրել. Ս.Մ.) ու նամակն ինձ է փոխանցվել։ Ի՞նչ ասեմ։ Ես կարդում էի ու լալիս։ Կարդացի տան երկու հարազատներիս համար…
Ի՞նչ ասեմ, որ Ձեզ գեթ միի՜ քիչ սփոփած լինեմ։ Երեւի միայն մի բան՝ փիլիսոփա լինել եւ ամեն ինչից գեթ միի՜ քիչ վերանալ ու դիտել եկողի ու անցնողի, եղածի ու անցածի հավերժ շղթայի մեջ…
Անմիտ բան։ Այդ բոլորը դատողություն է, իսկ սի՞րտը… չի ենթարկվում դրան։
Սպարտա՛կ ջան, ես մի քիչ շփոթում եմ երեւի այն մեկի հետ, որը դպրոցի դիրեկտոր էր։ Օգնեցե՛ք հիշել, Դուք Սագադեեւի մյո՞ւս դերակատարն էիք, որը մի քիչ ավելի տարեց էր։ Մեկը, որ երիտասարդ էր, Վոլոդյա՞ն էր, որին Վահե Շահվերդյանն ուզում էր տանել Կիրովականի թատրոն։ Ես հիշում եմ, որ Դուք փայլում էիք խելացի ու խոհուն հայերենով։ Չե՞մ սխալվում։ Բոլոր դեպքերում, խնդրում եմ գրեք Ձեր խաղացած դերերը։ Հավանաբար որեւէ լուսանկար չի պահպանվել։ Ինձ մոտ են «Տրիբունալ»-ի լուսանկարները, որն արել էր Ձեր շրջանային թերթի լուսանկարիչը, սակայն հոդվածը ձգձգվեց ու չտպագրվեց… Բոլոր դեպքերում ես պատրաստվում եմ մի լավ հոդված տալ «Խորհրդային Հայաստան»-ին։ Բարեկամս, մի՞թե կասկածում եք, Ձեր մասին կա՛ եւ շատ լավ կա, գոհ կլինեք։ Խնդրում եմ ինձ նամակ գրեք եւ ասեք, թե մյուս զոհվածներն ի՞նչ էին խաղում «13-րդ նախագահ»-ում եւ «Տրիբունալ»-ում, որովհետեւ միայն դրանք եմ լավ հիշում:
Գրում եմ, բայց ինչ էլ որ գրում եմ՝ հոգումս Ձեր դուստրն է, Սիրանուշը: Եթե չեմ սխալվում, ես նրա մասին կարդացել եմ եւ շատ ցավել: Կարծեմ «Ավանգարդ»-ում էր, թե՞ «Հայրենիքի ձայն»-ում… Անարդարության զգացումից կարելի է մեռնել… Այն, որ ասում են՝ քիչ է մնում կես լինես՝ իսկական այս դեպքում է… Եթե Ձեր ձեռքը կընկնի «Նորք» ժուռնալի համար 6-ը (1989 թ.), վերցրեք եւ կարդացեք իմ «Լենինգրադյան խճանկարը»: Գոհ կլինեք:
Էհ, ի՞նչ ասեմ։ Ո՞վ կա, ո՞ւմ եք հանդիպում։ Բարեւեք ջերմ։ Բոլորն էլ ինձ համար թանկ ու հարազատ են։ Որքան կարելի է, խմբի ողջ մասնակիցների մասին գրեք։ Մի բան էլ է ինձ հետաքրքրում։ Վահեի ու Ձեր խմբի հետ մենք գնացինք Գեղասար, այնտեղ խաղացին «Տրիբունալ»-ը։ Ես հիշում եմ այնտեղի կուլտուրայի տան 3 կանանց՝ Զարոյին (Ավետիսյան, գեղմասվար), Ռիտային (Գրիգորյան, դիրեկտոր) եւ Զեմֆիրային (գրադարանավարուհի էր, ազգանունը չգիտեմ, զոհվել է)։ Նրանց մասին էլ եմ գրել, բայց հիմա ոչինչ չգիտեմ։ Գեղասարն ի՞նչ վիճակում է, աղջիկները կա՞ն։ Եթե կան, իմ ջերմ հուշերն ու բարեւները։ Նրանց ես պարտք մնացի, կգրեմ նրանց մասին էլ։ Հրաշալի աղջիկներ էին։
Բարեւներով Ձեր Վ. Գրիգորյան 14/|| – 90 թ.
Հ.Գ. Նամակը փակելուց հետո կրկին կարդացի Ձեր նամակը եւ տեսա, որ կարեւոր բան եմ բաց թողել։ Սպարտա՛կ ջան, Դուք ուզում եք միջնորդեմ «13-րդ նախագահը» կրկնելու մասին։ Դրանից էլ հեշտ բան։ Բայց ախր չի պահպանվել, ջնջվել է։ Այն ժամանակ շատ քիչ էր մեր ունեցած ժապավենը, եւ ամեն ինչ անմիջապես հաղորդումներից հետո ջնջում էին, որ վրան ուրիշ բան գրեն։ Սիրելի՛ս, թե իմանա՜ք՝ ի՞նչ սրտի ցավով եւ ինչե՞ր ենք ջնջել… Ես էլ շատ վատ զգացի, որ ոչինչ չի պահպանվել… Ի՞նչ արած, սա է իրականությունը…
***
Երկար տարիներ էին անցել։ 2018 թվականի ամռանն ինձ զանգահարեց Վահե Շահվերդյանը եւ հայտնեց, որ Վարսիկ Գրիգորյանն ինձ է փնտրում-հարցնում։ Հաղորդեց նաեւ նրա տան հեռախոսահամարը։ Ուրախացա եւ անմիջապես զանգահարեցի։ Երկար պահեցի ընկալուչը, սակայն մի քանի անգամ զանգելու իմ փորձերից պատասխան չեղավ։ Հաջորդ օրը նորից մի քանի անգամ փորձեցի, եւ եղավ սպասված պատասխանը։ Ես լսեցի չափից դուրս «ծերացած ու դողդողացող» նրա ձայնը։ Ես ներկայացա, իսկ նա նորից է հարցնում, թե ո՞վ է իրեն զանգահարել։ Նորից ու նորից ներկայանում եմ, սակայն… Նա կախեց լսափողը՝ ասելով՝ որ ինձ չի լսում։ Ափսոսանքով ու տխրությամբ լցված՝ ինքս էլ դրեցի ընկալուչը, ու մտորումներս նորից տարան ինձ մինչերկրաշարժյան հեռավոր անցյալ։ Բայց այդ պահին ցավ զգացի դարձյալ։ Իննսունն անց, ողբերգական իրավիճակում հայտնված, զառամյալ կնոջ կյանքը մոտենում էր ավարտին…
Սպարտակ ՄԱԹՈՍՅԱՆ
արձակագիր
«Առավոտ» օրաթերթ
08.05.2025