Լրահոս
Օրվա լրահոսը

Ստալինին նամակ էր գրել զինվորը անհետ կորած հոր մասին, նա պատասխանել էր, հիմա նամակ գրեք ՊՆ-ին, տեսեք կպատասխանի՞

Մայիս 09,2025 13:00

Հայոց մեծ եղեռնից փրկվածները, նրանց ժառանգները զինվորագրվեցին Հայրենական պատերազմին: Նրանք զինվորագրվելով մեծ երկրի՝ ԽՍՀՄ-ի պաշտպանությանը, վստահ էին, որ հաղթանակից հետո Թուրքիան կվերադարձնի իրենց կորցրած հողերը, կվերականգնվի պատմական արդարությունը:

Մեր տան արխիվներում հետաքրքիր պատմություններ կան, որոնք խնամքով հավաքում էր մայրս (նա բավական օգտակար եղավ «Հայաստանի ուսուցիչները մեծ հայրենականում» եռահատոր գրքի ծնունդին, 1982թ. «Լույս» հրատ-Ռ.Մ.): Գրականագետ Հայկ Գորյանը ծնվել էր Վանի Լամզկերտ գյուղում 1906թ.-ին: Թուրքական կոտորածից փրկվել էին. մայրը երկու երեխաներով հանգրվանել էին Էջմիածնում: Հայկը հետագայում հայտնվում է Էզրաս Հասրաթյանի (բժշկական գիտությունների դոկտոր) եւ Սարմենի (արձակագիր) հետ որբանոցում: Հետագայում որբանոցից նրանք հեռացվում են: Հայկը Ապարանի շրջանի Տամջլու գյուղում հայոց լեզու եւ գրականություն էր դասավանդում, ապա՝ դասավանդեց Սանահինում…

1941-ին զորակոչվում է սովետական բանակ, կռվում Կերչում, ապա՝ Սեւաստոպոլում: Հենց այդտեղ էլ զոհվում է:

Կարսի մարզի Արդահան բնակավայրից էր Աղասի Սեդրակի Գրիգորյանը:

Նա կոտորածներից, ջարդերից հետո ծնողների հետ ապաստան էր գտել Լենինականում:

Ավարտել էր Մանկավարժական ինստիտուտը, մաթեմատիկա դասավանդել Լենինականում, Երեւանում… Ծառայել է Բրյանսկի ռազմաճակատում, 3-րդ բանակում, 2-րդ Մերծբալթյան ռազմաճակատում:

Նախիջեւանի Փառակա գյուղից էր Վիլսոն Թումանյանը:

Նա մասնակցել էր Բելայա Ցերկովի մոտ մարտերին, վիրավորվել, հայտնվել ռազմագերիների ճամբարում, ապա փախչել այնտեղից….միանալով Սուվորովի անվան պարտիզանական ջոկատին…

Այդ պատերազմից վերադարձածները մեծ տարիքում տեսան Արցախյան պատերազմները, հարյուրակն արդեն բոլորած սակավաթիվ վետերանները՝ Արցախի կորուստն ու թուրք-ադրբեջանական վայրագությունները, բռնագաղթը…

Հայաստանի անկախությունից հետո առաջին թիրախավորվողը Հայրենականի վետերաններն էին: Ես հիշում եմ, թե ինչպես էին մայիսյան տոներին ծաղրում վետերաններին, վիրավորում, թե «մեզ համար չեք կռվել, ում համար կռվել եք, գնացեք նրանցից պահանջեք»:

Շատերը ամաչում էին իրենց պատվո մեդալներով ու շքանշաններով գնալ միջոցառումների: Նրանք մեղավո՞ր էին, որ ծնվել էին մի ժամանակահատվածում, երբ պատերազմ էր, իսկ իրենք չէին կարող խուսափել…

Տարիներ առաջ հարցազրույցի էի գնացել վետերաններից մեկի մոտ, նա, հիշում եմ, զրույցի ժամանակ ինձ ցույց տվեց Ստալինին բանակից գրած իր նամակը, անհետ կորած հոր մասին, ու …Ստալինի պատասխանը երկու օր հետո իր զինվորին:

Հիմա պատերազմի մասնակիցը կամ զոհվածի ծնողը նամակ են գրում ՀՀ պաշտպանության նախարարին, նա «լայեղ» չի անում պատասխանի…

Պատերազմն ինքնին ողբերգության շղթա է, եւ անտարբերությունը, վերաբերմունքը փոխանցվում է: Մենք ինչպես վարվեցինք 90-ականների մեր հայրենիքի սահմանների պաշտպանների, կամավորականների, ազատամարտիկների հետ, շատերը դիմում էին խմբագրություններ, որովհետեւ պատերազմ չտեսած ինչ-որ նորահայտ կուսակցության դրածո պետք է նրանց մերժեր, պատերազմի մասնակցի վկայականից զրկեր, հաշմանդամության կարգը կասկածի տակ դներ…

Մեծ եղեռնը վերապրածները, մեր փոքրիկ Հայաստանը մոտ հինգ հարյուր հազար զինվոր է տվել, 106 հայորդի արժանացել է ամենաբարձր՝ Խորհրդային Միության հերոսի կոչման (Հ. Բաղրամյանը եւ օդաչու Նելսոն Ստեփանյանը՝ կրկնակի), 27-ը՝ Փառքի 3 աստիճանի շքանշանների, մյուս հայ մարտիկներն ու հրամանատարները պարգեւատրվել են տարբեր շքանշաններով ու մեդալներով: Մենք պարզերես պետք է հարգանքի տուրք մատուցենք նախ եւ առաջ մեր հայրենակիցներին, ում անունները թնդացրել են նախկին միութենական հանրապետությունները…

Ինչպիսի քայլեր, այնուամենայնիվ, տեսանք 90-ականներին:

1991թ. հուլիսի 5-ին ՀՀ նախարարների խորհրդի որոշմամբ, որի տակ ՀՀ նախարարների խորհրդի նախագահ Վ. Մանուկյանի ստորագրությունն է, որոշում ընդունվեց «2-րդ համաշխարհային պատերազմի վետերանների վիճակը բարելավելու միջոցառումների մասին»:

Հանձնարարվել էր պատգամավորների Երեւանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեին՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել 1991թ. երրորդ եռամսյակում շահագործման հանձնելու վետերանների հանրապետական խորհրդի վարչական շենքը, բնակարաններն ապահովել հեռախոսային կապով, բարեկարգելու Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհվածների գերեզմաններն ու հուշարձանները….

Իսկ էքս-նախագահ Ռ. Քոչարյանի օրոք 1998 թ. դեկտեմբերի 2-ին ընդունվեց «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» օրենքը, որով սահմանվեց «Հայրենական մեծ պատերազմի վետերաններ» հասկացությունը, հստակեցվեց սոցիալական պաշտպանության իրավունքները, վետերանների նկատմամբ պետական քաղաքականության իրականացումը, որը պետք է տեղի ունենար կառավարության միջոցով, պետական նպատակային ծրագրերի իրակակացման միջոցով….

Շատ վետերաններ այդպես էլ չտեսան ուշացած արտոնությունները, մարդիկ կային, որ պատերազմի ավարտից հետո դեռ որոնում էին իրենց հարազատներին, ծնողներին, անհետ կորած էին համարվում: Նրանք սփոփավայրեր ունեին. հուշարձանները, ուր հարգանքի տուրք էին մատուցում իրենց պապերին, հարազատներին: Իսկ արդյո՞ք խնամքի տակ են մեր հուշարձանները: Հայտնի է, որ 1945 թվականից հետո պատերազմում ԽՍՀՄ հաղթանակի, ինչպես նաեւ զոհվածների հիշատակին նվիրված բազմաբնույթ հուշարձաններ եւ հուշահամալիրներ են կառուցվել ԽՍՀՄ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում:

Ցավոք, մեր ամենօրյա լրահոսը լի է անտարբերության, վանդալիզմի օրինակներով: Ու դա անում է ոչ միայն թշնամին:

Տարիներ առաջ խմբագրություններին դիմեց Լոռու մարզի Թեղուտ գյուղի մի բնակիչ, ում հայրը՝ Անդրանիկ Սահակյանը, Հայրենական մեծ պատերազմի մասնակից էր, այդ պատերազմում զոհված 68 թեղուտցիների հիշատակը հավերժացնելու նպատակով 1966թ. Թեղուտի Լորուտ հանդամասում իր միջոցներով կառուցել էր աղբյուր-հուշարձան, որը նշված է Հայաստանի հուշարձանների քարտեզում: Եվ քանի որ հետագայում իրենց միջոցները սպառվել էին, պետությունից խնդրում էին, որ անմխիթար վիճակում կհայտնվի հուշարձանը, օգնեն իրենց…

Օրեր առաջ «Իմ երկիր, իմ Հայաստան» հասարակական շարժման ղեկավար Մհեր Ավետիսյանը սոցիալական ցանցերում կոչ է արել բոլորին՝ կամավորության սկզբունքով ընդգրկվել այդ աշխատանքներին, վերանորոգել, բարեկարգել հուշարձաններն ու հուշահամալիրները:

Հրապարակումը պատրաստ էր, երբ գյումրեցի քանդակագործ Արթուր Գեւորգյանը ֆեյսբուքյան իր էջում երեկ ահազանգեց. «Փաստենք։ Երկու օր առաջ իմացանք, որ օկուպացված Արցախի Վանք գյուղի Հայրենական մեծ պատերազմի հերոսների հուշարձանը բնաջնջվել է։ Այսօր իմանում ենք, որ Արթիկի նույնաբնույթ հուշարձանն ապամոնտաժում են, իբր այլ տեղ վերամոնտաժելու համար: 4 օրից ֆաշիզմի դեմ հաղթանակի 80 ամյակն է»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.05.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031