Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի՝ ընդդիմադիրների հասցեին հնչեցրած սպառնալիքներին։
Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը սպառնացել էր «ԱԱԾ պադվալները լցնել» ընդդիմադիրներին։ Սեյրան Օհանյանն ասաց, որ ընդդիմադիրների նկատմամբ գործընթացները նոր չեն, տարբեր մարդկանց նկատմամբ քրեական գործեր են հարուցվել։ Այդ թվում՝ պատգամավորների նկատմամբ քրեական գործեր կան հարուցված, որոնք, ըստ Օհանյանի, շինծու գործեր են։
«Նորություն չէ, որ Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ այդպիսի ցուցումներ է տվել, սպառնացել է դատական իշխանությանը, ամբողջ իրավական համակարգին։ Եվ նրա խոսույթի վերջնարդյունքում մենք ունեցել ենք նաեւ ուժային կառույցների համապատասխան գործունեություն։ Բայց միաժամանակ մենք պետք է հասկանանք հետեւյալը, որ դա երկրի ղեկավարի խոսույթ չէ, երկրի ղեկավարը իրեն սովորական փողոցային խուլիգանի նման է պահում»,- ասաց Օհանյանը։
Կարդացեք նաև
Նրա խոսքով՝ Փաշինյանն, ինչպես միշտ, մեղքը բարդում է ընդդիմադիրների վրա, նախկինների վրա։ «Մենք այլ բան պետք է տեսնենք, պետք է տեսնենք, որբ երկրի ղեկավարը որոշակի հոգեվարքի մեջ է գտնվում։ Իր մոտ սովորաբար այդպիսի հիստերիաներ են առաջանում, երբ ինքը կորցնում է իր հավասարակշռությունը, գիտելիքի, գիտակցության մթագնում է տեղի ունենում, եւ այդ ամեն ինչը վերածվում է հիստերիայի։ Տեսաք չէ, թե ինչպես էր երկրի ղեկավարը ձեռք թափ տալիս, մատ թափ տալիս, տարբեր ժեստերով խոսում, վիրավորում։ Դու երկրի ղեկավար ես, բոլոր կառույցները քո ենթակայության տակ են, ի՞նչ իմաստ ունի, որ ձեռք ես թափ տալիս։
Կտեսնենք, թե իշխանափոխությունից հետո ինչպես է ինքը ձեռք թափ տալու կամ մեր նման այսպես ազատ, առանց պահակախմբի քայլելու մեր երկրում։ Կարծում եմ, որ այս հոգեվիճակը, որում գտնվում են Նիկոլ Փաշինյանն ու նրա կողմնակիցները, խոսում է այն մասին, որ իրենք կորցրել են հավասարակշռությունը։ Օրըստօրե կորցնելով իրենց ռեյտինգը՝ գիտակցում են, որ իշխանության վերջը գալիս է եւ այն ամենի համար, ինչ տեղի է ունեցել Արցախում ու Հայաստանում, իրենք պատասխան են տալու»,- հավելեց Օհանյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ