Մարտական եղբայրություն միաբանության անդամ, պատմաբան Հրանտ Տեր-Աբրահամյանը ֆեյսբուքի իր էջում գրառում էր կատարել, որ նկարիչ, արվեստագետ Կարեն Քյուփելյանը ՆԳՆ Քրեական ոստիկանությունում (նախկին 6-րդ) վարչությունում է՝ որդու հետ:
Ավելի ուշ Aravot.am-ի հետ զրույցում Հրանտ Տեր-Աբրահամյանը հայտնեց, որ Կարենին արդեն բաց են թողել: «Կարենին ձերբակալել են Շենգավիթում, որտեղ ապրում է: Ինքը հենց նստել է իր մեքենան, որ դրոշներով, պաստառներով գնա «Մայր Հայաստան» արձանի մոտ կազմակերպված ակցիային, ինչի մասին իրականում շատ քիչ մարդ գիտեր, իրեն ձերբակալել են զենք-զինամթերքի կասկածանքով, անմիջապես տարել են 6-րդ վարչություն՝ որդու հետ: Կարենը վերջին անգամ ինձ թելեգրամով գրել էր առավոտյան 10-10:30-ի շրջանում: Ժամը 1-ին իրենք պետք է լինեին տեղում »,-նշեց Հրանտ Տեր-Աբրահամյանը:
Ապա մանրամասնեց, թե նկարիչը ինչու էր պատրաստվում գնալ «Մայր Հայաստան» արձանի մոտ. «Այնտեղ երթ էր կայանալու՝ «Անմահ գնդի» երթը: Կարենը նախապես պատրաստել էր ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի դրոշները՝ որպես հաղթող պետություններ, նա այդ դրոշներով պետք է մասնակցեր ակցիային: Որքանով տեղյակ եմ, նաեւ Ռուսաստանի դրոշ էր պատրաստել՝ կիսալուսնով ինչ-որ բան պետք է լիներ: Պլակատ կար, որի վրա պետք է գրված լիներ մոտավորապես նման նախադասություն. «300 զոհ՝ ինչի համար»: Ոչ մի վիրավորական բան չկար, ճիշտն ասած՝ տեքստերը ես եմ գրել, դրա համար եմ ասում: Ինքը միայնակ էր լինելու, ու ընդամենը մի քանի հոգի էին տեղյակ»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Կարեն Քյուփելյանի ֆեյսբուքյան էջից