Լրահոս
Օրվա լրահոսը

«Գողական աշխարհ են մեջբերում, դրանով էլ հիմա փորձում են իշխանական մեկ այլ խառնակչություն անել»․ Մարտուն Գրիգորյան

Մայիս 09,2025 21:12

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ազգային ժողովի պատգամավոր Մարտուն Գրիգորյանն Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով իր գլխավորած «Մեր քաղաքը» դաշինքից մանդատագողության փորձին՝ ասաց, որ ամեն ինչ արվում էր, որպեսզի իր քաղաքական ուժը Գյումրու ավագանիում 6 մանդատի փոխարեն ունենար 5-ը։

Մարտուն Գրիգորյանին դեռևս չի հաջողվել կապ հաստատել դաշինքի մանդատից հրաժարված, այնուհետ փոշմանած Կարեն Բադալյանի հետ, որն այս աղմկոտ պատմության կիզակետում է, սակայն պատգամավորը համոզված է, որ նրա փոխարեն ինչ-որ մարդիկ են այս ամենը անում։

«Կարենը Բադալյանը դատարան է դիմել, դիմումը որ նայում ես, Կարեն Բադալյանի ներկայացրած երկու էջանոց բողոքի տեքստից ակնհայտ է, որ այդ ամենը ինչ-որ մարդիկ Կարեն Բադալյանի փոխարեն անում են և ներկայացնում են, որ կարողանան այդ ամենը ծառայեցնել իրենց նպատակին»,- ասաց Մարտուն Գրիգորյանը։

Պատգամավորը նշում է՝ ինչ արվել է, արվել է Կարեն Բադալյանի ձեռամբ, բայց մինչև օրս Կարենին չեն տեսել, նրա հետ հանդիպել չի հաջողվել, չեն զրուցել, հետևաբար և ժամանակը ցույց կտա իր կամքով է արվա՞ծ, թե՞ոչ՝ իրականությունը կպարզեն նրա հետ հանդիպելուց հետո։

«Մարդը գալիս է, խնդրում է, բացատրում է, փաստարկներ է բերում, հասկանում ենք, դրության մեջ մտնում ենք, և դրանով պայմանավորված՝ ինքը ինքնակամ դիմում է գրում, դուրս է գալիս՝ այն պայմանով, որ ինքը մնում է մեր թիմի անդամ։ Նույնիսկ պատրաստակամություն է հայտնում ավագանու նիստերին ոչ ավագանու կարգավիճակով գալ, մասնակցել, այստեղից հետևություն՝ այդ մարդն, որ ասում էր աշխատանքի անցնելու, անձնական բնույթի խնդիր ուներ, այդ ամենով հանդերձ՝ պատրաստ էր մեր թիմում մնալ։

Այս ամենից հետո չկա մի բան, որ մտածես՝ ինչը կարող էր պատճառ լինել, որ Կարենն աներ այն քայլերը, որոնք այս պահի դրությամբ արվում են։ Դիմումն էլեկտրոնային գրել, հետ ուզել, դրանից մի քանի րոպե հետո դիմում գրել խմբակցությունից դուրս գալու մասին, որն ընդհանրապես անհասկանալի էր, այդ մասին ինքը պարտավոր էր նաև խմբակցությանը գրելու։ Ըստ օրենքի, ոչ միայն քաղաքապետարան, այլ նաև խմբակցությանը պիտի դիմեր, տեղեկացներ։ Օրենքն այդպես է պահանջում ու դրանից հետո դատի տալը։

Գործը դատարանը վարույթ ընդունել է, և մենք կարող ենք ասել, որ համակարգված համագործակցություն է եղել, որպեսզի կարողանան կանխել մանդատի փոխանցումը հաջորդ համարին»,-ասաց Մարտուն Գրիգորյանը։

Մեր այն հարցին էլ՝ որքանո՞վ են իրական այն խոսակցությունները, որ Կարեն Բադալյանի վրա ճնշումներ գործադրել են օրենքով գողերի միջոցով, պատգամավորը պատասխանեց․ «Իրականում կա՞ն այդ մարդիկ, որոնք խոսում են, ես կասկածում եմ, որ քաղաքում նման խոսակցություններ կան ու շրջանառվում են, բայց որ շահագրգիռ մարդիկ կարող են լինել քաղաքում նման խոսակցություններ տարածելու, դա հասկանալի է։ Հասկանալի է նաև, թե ով է այդ շահագրգիռ կողմը․ հենց այն մարդիկ են, որոնք ամեն ինչ անում են, ցանկություն ունեն Գյումրի քաղաքում թշնամություն սերմանել մարդկանց մեջ, թիմերի մեջ, խմբերի մեջ, տղաների մեջ։

Այդ ամենը հասկանալի է, արդեն պարզ է՝ այդ ձեռագիրը ումն է, իշխանության ձեռագիրն է»։

Ըստ պատգամավորի, ընտրությունների ողջ ընթացքում «իշխանական մուտիլովկաներ» հրահրեցին, հիմա էլ չմարսելով ընտրությունների արդյունքները՝ փորձում են տարբեր մարդկանց անուններ շահարկել, նրանց ներգրավել։

«Գողական աշխարհ են մեջբերում, դրանով էլ հիմա փորձում են մեկ ուրիշ մուտիլովկաներ անել։ Այդ կազմակերպիչները փորձում են Գյումրիում խառնաշփոթ, թշնամություն, արյունահեղություն, սրտերը արյուն է ուզում, 5 հազար զոհերը հերիք չե՞ն, հաշմանդամները, պատերազմներն ու պարտությունները հերիք չե՞ն մեզ, հիմա էլ թշնամություն են ուզում իմ ու Վարդան Ղուկասյանի թիմերի միջև, թշնամություն իմ ու Սարիկ Մինասյանի թիմերի միջև, թշնամություն Վարդան Ղուկասյանի ու Սարիկ Մինասյանի թիմերի միջև, թշնամություն քաղաքի տղաների միջև։

Իշխանության համար թվարկածս մարդիկ ոչ մի նշանակություն չունեն, իրենց համար նշանակություն ունի կոնկրետ մի բան․ հասնել իրենց նպատակին։ Իշխանությունները միշտ էլ դա են եղել, տառապանքս փորձ ունի, մշտապես տեսել եմ նմանատիպ բաներ, խառնակչություններ, մարդկանց իրար դեմ լարել, թշնամություն հրահրել։

Տեսան, որ իրավական առումով չկարողացան այս հարցի դեմն առնել, փորձում են այս թեման (նկատի ունի մանդատագողության փորձը, Ա․ Ն․) գցել ինչ-որ մարդկանց գրպանը, որ այ, էս մարդիկ են եղել, կամ ի նկատի ունեին այս մարդկանց՝ չհասկանալով, որ եթե ես շեշտադրում եմ՝ դատի է տվել մեզ Կարեն Բադալյանը, դատական պրոցեսներ են գնում, գործողություններ են լինում, ո՞նց կարող է դատական պրոցեսների մեջ մտած մարդը ուղղորդվել էդ մարդկանց կողմից։

Կամ այդ մարդիկ ինչ գործ ունեն ընդհանրապես քաղաքականության մեջ կամ մտնեն քաղաքականության մեջ, իրենց կյանքը լրիվ ուրիշ կյանք է, քաղաքականությունը լրիվ ուրիշ կյանք է, բացարձակապես իրա հետ կապող չունեցող կյանքերի մասին է խոսքը։

Հասկանալի է, որ Գյումրիում ուզում են մի ուրիշ խառնակչություն անել, որը, իհարկե, թույլ չենք տալու։ Կգա ժամանակը, կպարզվի, կհասկանանք՝ ինչով էր պայմանավորված Կարենի քայլը, ո՞վ էր մեղավոր, ինչո՞ւ այս ամենը եղավ, չնայած ինձ համար պարզ է, հասկանալի է»,-ասաց պատգամավորը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031