Լրահոս
Իմ քաղցր տատը…
Օրվա լրահոսը

Այսուհետ անասնաֆերմայի կամ սպանդանոցի տնօրենի 5 տարվա ստաժը լրիվ բավարար կլինի դպրոցի տնօրեն դառնալու համար

Մայիս 10,2025 00:13

ԱԺ-ն ս.թ. մայիսի 7-ին 2-րդ ընթերցմամբ և ամբողջովին ընդունեց Կառավարության կողմից ներկայացված «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը:

Արդյունքում ընդլայնվում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների, հանրակրթական դպրոցների և մասնագիտական ուսումնական հաստատությունների ղեկավարման հավաստագրերի համար դիմող անձանց շրջանակը: Համաձայն ընդունված օրենսդրական նորմի, այսուհետ մանկապարտեզի, դպրոցի և քոլեջի տնօրեն կարող են դառնալ վերջին 10 (տաս) տարվա ընթացքում ցանկացած ոլորտի կառավարման 5 (հինգ) տարվա ստաժ ունեցող յուրաքանչյուր անձ:

Օրենսդրական առումով «Կրթության մասին» ՀՀ օրենքի հիշյալ փոփոխությունը ուղիղ հակասության մեջ է մտնում «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի, «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» ՀՀ օրենքի, «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի և մի շարք այլ ենթաօրենսդրական ակտերի հետ:

Այս նոր փոփոխությունը լրիվ խնդրահարույց է բոլոր ասպեկտներով։ Այսինքն՝ այսուհետ դպրոցի տնօրեն կարող են դառնալ այնպիսի անձինք, ովքեր իրենց կրթական բովանդակությամբ, աշխատանքային փորձով, գիտելիքներով ու հմտություններով որևէ աղերս չունեն հանրակրթության ոլորտի հետ։

Հարկ է նաև նշել, որ ըստ ոլորտային օրենսդրական նորմերի՝ դպրոցի տնօրենը համարվում է կրթության որակի գլխավոր պատասխանատուն, իսկ ոչ ոլորտային մասնագիտացում ունեցող կադրերի նշանակումը ուսումնական հաստատությունների ղեկավարման պաշտոններում որևէ դրական էֆեկտ չի կարող ունենալ կրթության որակի բարելավման տեսակետից։ Սա ԿԳՄՍ նախարարության կողմից ընդունված հերթական օրենսդրական փոփոխությունն է, որը էլ ավելի է խորացնելու կրթության ոլորտում արդեն իսկ առկա ճգնաժամը։

 

ԱՄՓՈՓՈՒՄ

Օրինակ՝ անասնաֆերմայում, սպանդանոցում, սուպերմարկետում և ցանկացած այլ հաստատությունում 5 (հինգ) տարի տնօրեն աշխատած և բարձրագույն կրթություն ունեցող ցանկացած ոք կարող է դպրոցում, քոլեջում կամ մանկապարտեզում տնօրեն աշխատել:

 

Վանո Կարապետյան

Պատմաբան, կրթության հարցերով անկախ փորձագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031