Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ բառերը պակասում են, լուսանկարներն են սկսում խոսել․ «Ազգը՝ բանակ» խորագրով լուսանկարների ցուցահանդես Գեղհովիտում

Մայիս 10,2025 11:34

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մայիսյան եռատոնի առթիվ Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի Գեղհովիտ գյուղի մշակույթի կենտրոնում բացվեց «Ազգը՝ բանակ» խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդեսը։ Հայոց բանակի օրվան նվիրված ցուցահանդեսը, որի լուսանկարները պատմում են սկսած 1989 թվականից մինչ ներկա օրերը Հայոց բանակի մասին, առաջին անգամ բացվեց 2025թ․ փետրվարի սկզբին «Թեքեյան կենտրոն»-ում։

Մարտի 5-ին՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, ցուցադրությունը շարունակվեց Արմավիրում գործող Տիգրան Մեծի անվան ռազմամարզական վարժարանում։ Գեղհովիտում ցուցահանդեսը կայացավ մշակույթի կենտրոնի աջակցությամբ։ Գեղհովիտ գյուղը դարերի պատմություն ունի, այդ են վկայում տարածքում պահպանված կիկլոպյան ամրոցները, այլ հնադարյան հուշարձաններ։ Մեծ Հայրենականում շատ գեղհովիտցիներ մասնակից եղան։ Կեսը տուն չեկավ։ 1967 թվականից գյուղի կենտրոնում կանգուն է նույն նահատակներին նվիրված հուշակոթողը՝ «Դուք, որ ընկաք հայրենիքի համար մղվող մարտերում, ձեր վեհ գործով կապրեք հավերժ սերունդների սրտերում» արձանագրությամբ։

Արցախյան գոյամարտում նույնպես շատ գեղհովիտցիներ մասնակից եղան։ 1994թ․ մարտին Օմարի լեռնանցքը պաշտպանելիս նահատակվեցին Արսենն ու Հարությունը։ Հետագա խաղաղ տարիներին Հայոց սահմանը պաշտպանելիս նահատակվեցին գյուղի տղաներից։ 2020թ․ սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը դարձյալ շատ գեղհովիտցիների առաջնագիծ տարավ։ Զոհվեց ժամկետային 4 զինծառայող, կա անհայտ կորած։ Մեծ հայրենականի նահատակներին նվիրված հուշակոթողի հարևանությամբ է նորօրյա Անմահ հերոսներին նվիրված խաչքար-կոթողը, որի պատվանդանին գրված է․ «Ի հիշատակ Արցախյան պատերազմում հանուն Հայրենիքի ընկած նահատակների։ Խոնարհվում ենք յուրաքանչյուրի առաջ»։

Եղավ հանդիսավոր մաս՝ կենտրոնի սաների երաժշտական կատարումներով ու ասմունքով ուղեկցվող։ Նշված հուշակոթողների մոտ ծաղիկներ խոնարհելուց հետո ներկաները հրավիրվեցին ցուցասրահ, որտեղ կենտրոնում զինվորական տեսարան է, իսկ պատերին լուսանկարներն են։ «Երբ բառերը պակասում են, լուսանկարներն են սկսում խոսել… Այս ցուցահանդեսը լռությամբ կպատմի հայ զինվորի աննկուն կամքի ու հերոսական կերպարի մասին։ Մեր հիշողությունը մեր ամենամեծ պարտականությունն է։ Միացիր մեզ՝ պատվելու նրանց, ովքեր կյանք տվեցին՝, որ մենք ապրենք», -իր խոսքում ասաց մշակույթի կենտրոնի աշխատակիցը։

Ցուցասրահի կարմիր ժապավենը կտրեց լուսանկարների հեղինակը՝ հայրս՝ ազատամարտիկ, լրագրող Զոհրաբ Ըռքոյանը մշակույթի կենտրոնի՝ նախկին զինվորական աշխատակցի հետ։ Ցուցադրված է մոտ 300 լուսանկար՝ արված 1989-2025 թվականներին։ Բերդաձորի ինքնապաշտպանության խորհուրդ, որի կազմում էր Մարտունու շրջանի ջոկատը, նաև գեղհովիտցիներ՝ Էդվարդ Ասլանյան, Զարզանդ Շահնազարյան, Զոհրաբ Ըռքոյան, Տարոն Գրեյան, Անուշավան Սենեքերիմյան (հետագայում վախճանվել է հիվանդության պատճառով)։ Արցախյան առաջին գոյամարտի մասին պատմող լուսանկարներում Շուշին է, Բերդաձորը, Քաշաթաղը, Ավետարանոցը, Ճարտարը, Ակնան, Վանքասարը և այլն։ Հեղինակը պատմեց շատ հերոսների մասին, որոնք արդեն մեզ հետ չեն։ 1996 թվականից բնակվելով Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում՝ լուսանկարների հեղինակը տարբեր ժամանակներում, տարբեր պատճառներով այցելել է Արցախի ՊԲ զորամասեր, առաջնագիծ, և ներկայացված են այդ օրերի լուսանկարներ։

2014, 2015, 2016 թվականներին Քաշաթաղից շատ կամավորականներ են ժամկետային զինծառայողների հետ պաշտպանել Արցախի սահմանը։ Շատ են այդ օրերի լուսանկարները ևս․ հեղինակը զենքին զուգահեռ նաև լուսանկարչական խցիկն է օգտագործել։ 2020թ․ պատերազմի օրերի մասին նույնպես պատմող լուսանկարներ կան։ Առանձին մի պաստառ նվիրված է Գագիկ Գինոսյանին։ 2020թ․ պատերազմից հետո արված լուսանկարներն արդեն նոր ստեղծված ռազմամարզական ճամբարների, վարժարանների սաների մասին են պատմում։ Ներկաները ծանոթացան ցուցադրությանը, կարևորեցին նման միջոցառումները՝ հիշողություն արթնացնող ու հավատ ներշնչող՝ կրկին հաղթանակներ ունենալու ենք։

Գեղհովիտի Ալ․ Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն, ազատամարտիկ Էդվարդ Ասլանյանը, ով նույնպես առաջիններից էր, որ զենք վերցրեց ու անցավ Բերդաձոր, շնորհավորեց ներկաներին տոնի առթիվ, կարևորեց ցուցադրությունը։ Եղան շնորհավորանքի ու շնորհակալական այլ խոսքեր ևս։ Ցուցադրությունը կշարունակվի մինչև մայիսի վերջը։ Եղավ առաջարկ՝ լուսանկարները ցուցադրվեն նաև Մարտունի քաղաքում։ Հեղինակի նպատակն է՝ հատկապես դպրոցականները, ուսանողներն ու երիտասարդները ծանոթանան Արցախյան գոյամարտի հերոսների մասին պատմող ցուցադրությանը։ Ուրախ էր՝ մայիսի 9-ի ցուցադրությանը շատ էին հատկապես դպրոցականները։

 

Անահիտ ԸՌՔՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031