Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞վ եք դուք, դուք պատգամավորնե՞ր եք, թե՞ ռազբոռկա անողներ եք»․ Մարտուն Գրիգորյանը՝ ՔՊ-ականներին

Մայիս 10,2025 12:34

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ազգային ժողովի պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, Aravot.am-ին տված հարցազրույցում անդրադառնալով Գյումրիում տարածված այն խոսակցություններին, որ «Մեր քաղաքը» դաշինքի մանդատից հրաժարված ավագանու անդամ Կարեն Բադալյանի վրա օրենքով գողերն են ներազդել, որպեսզի փոշմանի ու հետ վերցնի մանդատը, ավելին՝ դիմում ներկայացնի դաշինքից հրաժարվելու և որպես  ավագանու անկախ անդամ հանդես գալու համար, պարզաբանել էր, որ օրենքով գողերը քաղաքական թեմաների չեն խառնվում, կան շահագրգիռ անձինք նման խոսակցություններ տարածելու համար, նպատակ ունեն Գյումրիում թշնամանք սերմանելու, թիմերի, տղաների միջև կռիվ գցելու, դա իշխանական ձեռագիրն է։

Պատգամավորի  ասելով՝ ընտրություններից հետո էլ չեն հանգստանում ու շարունակում են խառնակչությունները։

«Ի՞նչ էր արվում այս ամբողջ ընթացքում․ քաղաքապետի ընտրություններից հետո իշխանական ամբողջ թիմը՝ տեղի պատգամավորները, որոշակի պատգամավորներ Երևանից թողել էին պետության, պետականության, Արցախի, արցախցիների խնդիրները, սահմանների և մյուս, մյուս հարցերը, և այդ մարդիկ դարդ ու ցավ չունեին, մտածում էին իմ մասին, թե ես Գյումրի քաղաքում ի՞նչ եմ անելու, ո՞նց եմ ապրելու, ո՞նց եմ դուրս գալու Գյումրիից, ո՞նց եմ ժողովրդի հետ շփվելու։

Ու այդ ամբողջ ընթացքում էս մարդկանց խոսույթը ո՞րն էր, այդ ամբողջ ընթացքում այս մարդկանց խոսույթը թշնամություն սերմանելն էր՝ թշնամություն, թշմանություն․․․ Դեպքերի մասին խոսելով, որը բացարձակապես իրենց խելքի բանը չէ՝ թե՛ Գյումրիի, և թե՛ առավել ևս Երևանի պատգամավորների, որոնք այդ ամենից ո՛չ գաղափար ունեն, ո՛չ էլ իրավունք ունեն իրենց քիթը խոթելու։

Այդ ամենի արդյունքում իրենք ունեցան այն, ինչ ունեցան Գյումրիում․ արձանագրեցին պարտություն։ Հենց Երևանից եկած էդ նույն պատասխանատուների շնորհիվ էր, որ իրենք էսօր Գյումրիում չունեն քաղաքապետ։ Այդ պարտությունը նաև իրենցով էր պայմանավորված, որովհետև իրենք Գյումրին չգիտեն, Գյումրիին չեն տիրապետում, որի արդյունքում ունեցան էն, ինչ ունեցան Գյումրիում․ արձանագրեցին պարտություն։

Իսկ այդ ամբողջ խոսույթը գնում էր նրա մասին՝ թշնամություն ունեք, հարաբերություններ ունեք, դեպքեր էին հիշատակում, արյունի մասին էին խոսում։

Դուք պատգամավորնե՞ր եք, թե՞ էստեղ հարցեր լուծողներ եք, ռազբոռկա անողներ եք, թե՞ ճիշտն ու սխալը որոշող եք էս քաղաքում։

Քաղաքական թեմաները բերել, խառնել անձնական թեմաների մեջ, ո՞վ եք դուք, դուք ձեր ապրած կյանքով ո՞վ եք, ի՞նչ եք ներկայացնում, որ Գյումրի քաղաքում որոշեք, թե ով ում հետ ինչ է անում։ Սա քաղաքականություն է, սա քաղաքական պրոցես է․ առաջին օրվանից Գրիգորյան Մարտունը հայտարարել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ համագործակցություն չի լինելու և մինչև վերջ Գրիգորյան Մարտունը պահել է իր խոսքը։

Սրանց արածն ի՞նչ էր․ խորացնել թշնամությունը․ մարդ կար, ասում էր էնտեղ՝ հանկարծ գյումրեցիների գլխից մազ ընկնի, էս լինի, էն լինի, բա էդ ամեն ինչի մասին մտածողը, մտածողները չէին գիտակցո՞ւմ, որ դրանով քաղաքում ավելի շատ խորացնելու են թշնամությունը։

Քաղաքական գործընթաց է, ընդդիմությունը մասնացել է ընտրություններիի, 9-ից 8-ը ասել են, որ չենք համագործակցելու և ընտրություններից հետո հավաքական ընդդիմության հաղթանակն ամրագրվել է։ Ընդդիմությունը հաղթել է, դրանով պայմանավորված՝ էսպես խառնվել իրար, փորձել թշնամություն։

Հիմա էդ չմարսեցին, տեսան, որ իշխանական խայծերը, մուտիլովկաները թույլ չենք տալիս, հիմա էլ անցել են այլ պրոցեսի՝ մեջբերելով մարդկանց անուններ, գողական աշխարհը մեջբերելով՝ դրանով էլ հիմա փորձում են մեկ ուրիշ մուտիլովկաներ անել։

Այդ կազմակերպիչները փորձում են Գյումրիում խառնաշփոթ, թշնամություն, արյունահեղություն, սրտերը արյուն է ուզում, 5 հազար զոհերը հերի՞ք չեն, հաշմանդամները, պատերազմներն ու պարտությունները հերի՞ք չեն մեզ, հիմա էլ թշնամություն են ուզում իմ ու Վարդան Ղուկասյանի թիմերի միջև, թշնամություն իմ ու Սարիկ Մինասյանի թիմերի միջև, թշնամություն Վարդան Ղուկասյանի ու Սարիկ Մինասյանի թիմերի միջև, թշնամություն քաղաքի տղաների միջև»,- ասաց պատգամավորը։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031