Մեր եկեղեցում Կարմիր կիրակիին ընդառաջ, որը Զատկից հետո երրորդ կիրակին է, Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ Սրբազանը ուղիղ եթերում զրուցեց քաղաքացիների հետ:
«Կարմիր կիրակին կրում է խորհուրդը նահատակության եւ այդ ճանապարհով հաղթանակի հասնելու, բազմաթիվ մարտիրոսների, հերոսների, նահատակների արյան գնով նվաճված հաղթանակի: Եվ գաղտնիք չէ, որ անխտիր բոլոր ազգերի պատմությունը, ընդհանրապես հաղթանակների պատմությունը կապված է նահատակության եւ հերոսների կյանքի հետ: Նրանց արյունով եւ նրանց կյանքով է գծված ազգերի պատմությունը հաղթանակների պատմությունը, որից բացառություն չէ մեր ազգը:
Դժբախտաբար, մեր օրերում նահատակությունը նկատվում է որպես մեռելություն: Նահատակությունն այն մեծագույն զոհաբերությունն է, որ մարդը կարող է ընծայել ինքն իրեն, իր կյանքը՝ ավելի մեծ նպատակի, ավելի մեծ կյանքի համար, իր հայրենիքի, իր պետության եւ իր հավատքի համար: Այնպես, ինչպես եղել է մեր կյանքի ճանապարհը եւ անխուսափելիորեն նույնն էլ մնալու է, որովհետեւ բոլոր հաղթանակները այդ ճանապարհով են կերտում:
Երեկ մենք նշում էինք մայիսի 9-ը՝ Շուշիի ազատագրության օրը, ինչպես ընդունված է մեր կյանքում ասել, մեր Եռատոնը՝ նաեւ Պաշտպանության բանակի օրը եւ Հայրենական մեծ պատերազմում կամ Համաշխարհային 2-րդ պատերազմում հաղթանակի օրը, որին անմնացորդ կերպով մասնակցել է մեր ժողովուրդը, որի սխրանքների եւ հերոսությունների պատմությունները գրված են ազգերի պատմության գրքերում»,-ասաց Սրբազանը եւ խոսեց մի շատ կարեւոր ավետարանական դրվագի մասին, որը կապված է յուրաքանչյուր մարդու կամ հավաքականության կյանքի հետ, որից բացառություն չէ նաեւ մեր կյանքը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ