Մ.թ.ա. 12-րդ դարում Ասորեստանի վասալ մեր Զարմայր Հայկազունի նահապետը տրոյացիների կողմում հայկական զորքով Տրոյայում կռվեց հույների դեմ և զոհվեց (մեր Պատմահայրն էլ հետո գրում է, որ երանի գոնե Աքիլլեսից խոցված լիներ)։ Խորենացու մտքով չանցավ տրոյական պատերազմը կոչել «Հայրենական պատերազմ»։ Դա երևի տրոյացիների համար էր Հայրենական, քանի որ կործանվեց Տրոյան. Հայաստանն ու հայը մնացին իրենց տեղում։
Մ.թ.ա. 331 թ.-ին Ալեքսանդր Մակեդոնացու դեմ Գավգամելայի ճակատամարտում պարսիկների կողմից, որպես վասալներ, պարտավոր էին կռվել և կռվեցին Մեծ ու Փոքր Հայքերի զորքերը (միայն Մեծ Հայքի հեծելազորը 7000 էր, հետևակի մասին էլ չխոսենք)։ Այդ մասին հիշատակել են ոչ միայն օտարները, այլև մեր պատմիչները, որոնցից ոչ մեկի մտքով չանցավ այդ պատերազմն անվանել «Հայրենական պատերազմ»։ Դա երևի պարսիկների համար էր Հայրենական, քանի որ պարտությամբ կորցրին իրենց թագավորին ու պետականությունը. Հայաստանն ու հայը մնացին իրենց տեղում։
Հետագա դարերում պարսիկները հայ զինվորներին իրենց բանակների կազմում իրենց թշնամիների դեմ կռվացնում էին միջինասիական անապատներից մինչև Դերբենդ ու արաբական անապատներ, սակայն ոչ մեկի մտքով չանցավ դա հայերի համար անվանել «Հայրենական պատերազմ», թեև հարյուրհազարավոր հայ զինվորներ երբեմն գլխովին ներծծվեցին այդ ավազուտներում։ Հետագա դարերում բյուզանդացիք հայ զինվորներին իրենց բանակների կազմում իրենց թշնամիների դեմ կռվացնում էին աֆրիկյան իրենց տիրույթներից մինչև բալկանյան անտառուտներ, սակայն ոչ մեկի մտքով չանցավ դա հայերի համար անվանել «Հայրենական պատերազմ», թեև հարյուրհազարավոր հայ զինվորներ մնացին անհուշ ու անհիշատակ։ Իսկ Հայաստանն ու հայը շարունակում էին մնալ իրենց տեղում՝ սպասելով իրենց աստեղնային պահին՝ պետականությանը, որպեսզի ուրիշների կռվի զոհաբերվողը չլինեն։
20-րդ դարի երկու մեծագույն չարիքներից մեկի՝ նացիզմի դեմ պատերազմում ևս 300 հազար հայորդի դրեց իր գլուխը՝ ճիշտ այնպես, ինչպես երեք հազար տարի շարունակ։ Բայց մեր գիտակցությունները մշուշելու նպատակով, հակառակ երեք հազար տարվա տրամաբանությանը, այս անգամ ներշնչվում է, թե Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939-1945թթ.) վերջին չորս տարին (1941-1945թթ.) հայերիս համար իբր եղել է «Հայրենական մեծ պատերազմ»։ Որևէ մեկը կարո՞ղ է բացատրել, թե ինչո՞վ է տարբերվում Տրոյայում զոհված հայի կռիվը Կերչում զոհված հայի կռվից։ Գուցե աշխարհի ոչ մի պետական քարտեզում 1941-1945թթ. չեղած Հայաստանը մեր հայրենի՞քն էր, իսկ տրոյական կամ Գավգամելայի պատերազմների՝ թեկուզ վասալային, բայց քարտեզներում եղած Հայաստանը՝ ո՞չ։ Մեր հայրենիքը եղել է, կա և կլինի բացառապես մեր բնօրրանը՝ Հայկական բարձրավանդակը՝ անկախ այդ բարձրավանդակի վրա ստեղծած մեր պետականությունների ծավալներից. այդ դեպքում ինչո՞ւ չենք ամաչում, երբ Հայկական լեռնաշխարհի անբաժան մասը կազմող հայաբնակ Արցախի պատերազմը Հայրենական պատերազմ չենք կոչել ոչ մի անգամ։
Կարդացեք նաև
Հայրենական կարող է կոչվել միայն այն պատերազմը, որը քո՛ Հայրենիքի համար է։ ԽՍՀՄ-ը ռուս ժողովրդի՝ գրավումներով ընդարձակված հայրենիքն էր, որի ֆիննական, մերձբալթյան, ճապոնական, աֆղանստանյան կռիվներին մենք մասնակցեցինք ճիշտ այնպես, ինչպես երեք հազար տարի շարունակ մասնակցել ենք որպես վասալ, գաղութ կամ ծայրագավառ։ Ես հայ եմ, և ԽՍՀՄ քաղաքացի իմ պապն առանց խուսափելու քաջաբար մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին ու Կերչում վիրավորվելուց հետո կրկին շարք վերադարձել, իսկ մեր պատմական հայրենիքի մեկ այլ մասում, ասենք, Պարսկահայքում բնակվող պարսկահայի պապը չի մասնակցել. ուրեմն ի՞նչ դա ինձ համար «Հայրենակա՞ն» է, իսկ պարսկահայ ցեղակցիս համար՝ ո՞չ։ Ճշմարտությունն այն է, որ պապիս բնակված պետությունը կոչվում էր ԽՍՀՄ, իսկ ցեղակցիս պապինը՝ Իրան։ Եվ ոչ մեկիս համար էլ Երկրորդ համաշխարհային պատերազմը «Հայրենական» չէր կարող լինել. իմ պապը կամավոր կամ զորակոչմամբ ՊԱՐՏԱՎՈՐ էր մասնակցել այդ կռվին, իսկ պարսկահայ կամ լիբանանահայ ցեղակիցներիս պապերը՝ ո՛չ։ Ռուս ժողովրդի Հայրենական պատերազմը չկոչենք նաև մեր Հայրենական պատերազմ, ինչպես որ նացիստների կողմից օկուպացված և հետո ազատագրված տարածքների ժողովուրդները՝ ուկրաինացիք, մերձբալթիկացիք, Եվրոպայի ժողովուրդները դա չեն կոչում «Հայրենական»։
Ավելին՝ ամբողջ քաղաքակիրթ աշխարհը նացիզմի դեմ տարած հաղթանակի օր է նշում մայիսի 8-ը, մինչդեռ քաղաքակիրթ աշխարհին ամեն ինչով հակադրված ու հակադրվող Ռուսաստանը նույն տոնը նշում է մայիսի 9-ին։ Հիմա մենք աշխարհի՞ հետ ենք մեր ժամանակը սինխրոնացնում, թե՞ Պուտինի ու Լուկաշենկոյի ժամկետանց ժամանակի։ Թող «Հայրենական պատերազմ» ու «մայիսի 9» ասեն բոլոր նրանք, ում համար ոչ թե Հայաստանն է հայրենիք եղել, այլ ԽՍՀՄ-ը, բոլոր այն հոմոսովետիկուսները, ում համար «ԽՍՀՄ փլուզումը 20-րդ դարի մեծագույն ողբերգություն» է։ Իսկ բոլոր նրանց համար, ովքեր երջանիկ էին «չարիքի կայսրության» փլուզմամբ, որով վերագտան իրենց պետականությունը, որպես նորմալ մարդիկ իրերը կկոչեն իրենց անուններով՝ Երկրորդ համաշխարհային պատերազմ, և կաղոթեն կորսված միլիոնավոր կյանքերի համար ու կասեն. «Կեցցե մայիսի 8-ը՝ նացիզմի դեմ քաղաքակիրթ մարդկության տարած մեծ հաղթանակի օրը, որին իր մեծ նպաստն է բերել նաև հայ ժողվուրդն իր զավակների այնքա՜ն թանկ արյան ու զոհողությունների գնով»։
Միքայէլ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ