Երկու օր շարունակ Երևանի LOFT-ը արցախաբույր էր շնչում։ «Ասկերանցիներ համայնքի զարգացման կենտրոն» ՀԿ-ն, որն Արցախի տեղահանությունից հետո իր «Վերածնունդ» ծրագրի շրջանակներում տեղահանված արցախցի մի շարք կանանց հնարավորություն է տվել ձեռք բերել նոր հմտություններ և հաջողությունների հասնել, կրկին ծրագիր իրականացրեց։ Մեկամսյա այս ծրագրում ընդգրկված են ինչպես ՀԿ-ի շահառուները, այնպես էլ արցախցի շնորհաշատ այլ կանայք։
ՀԿ-ի նախաձեռնող խմբի կողմից կյանքի կոչված ծրագրին աջակցել է Սիրանուշ Սարգսյանը, իսկ հեղինակն ու համակարգողը Ելենա Սարկիսյանն է։ Ֆինանսական աջակցություն է ցուցաբերել ամերիկահայ երիտասարդներից կազմված «Armenian American Dance4 Armenia» խումբը։
Երևանի LOFT-ում 2 օր վարպետաց դասեր էին, որոնց նպատակն էր սովորեցնել պատրաստել արցախյան ավանդական ուտեստներ՝ միաժամանակ նպաստելով Արցախի հարուստ խոհարարական ժառանգության պահպանմանը, որի փոխանցումը սերունդներին արցախցի շնորհաշատ կանայք իրենց առաքելությունն են համարում։ Յուրաքանչյուր խոհարարական դասընթաց ներկայացնում է ավելին, քան բաղադրատոմսերը․ դա նաև դիմադրողականության և հույսի դրսևորում է, ապահովելով, որ Արցախի խոհարարական ավանդույթները շարունակեն բարգավաճել ու տարածվեն աշխարհի տարբեր երկրներում։
Ծրագրի շահառուներ Մարինե Գաբրիելյանը, Ալլա Արզումանյանը, Անյուտա Հովսեփյանը և Իդա Պողոսյանը վարպետության դասեր անցկացրին արցախյան խոհանոցի սիրահարների հետ։ Արցախյան ժենգյալով հաց, խաշիլ, գաթա ու փախլավա պատրաստելու հմտությունները նրանք սիրով փոխանցեցին ցանկացողներին, որոնց շարքում նաև երեխաներ կային։ Վարպետաց դասերն անցնում էին հաճելի ու աշխույժ մթնոլորտում՝ կատակների ու հիշողությունների ներքո։ «Աշակերտները» ընդունակ էին, և նրանց ձեռքով պատրաստած արցախյան ուտեստները ոչ պակաս անուշաբույր ու գեղեցիկ տեսք ունեին։
Արցախյան բարիքների պատրաստման փորձառություններ է ձեռք բերում նաև Սիրանուշը․․․
-Անցյալ տարի, երբ սովորում էի ԱՄՆ-ում, ուսմանս զուգընթաց շատ եմ շփվել հայ համայնքի հետ ու նկատել, որ Սփյուռքի մեր հայրենակիցները այնքան էլ լավ չեն պատկերացնում, թե ինչ խնդիրների ու մարտահրավերների առաջ են կանգնած Արցախից բռնի տեղահանվածները։ Նկատում էի նաև, որ նրանք մեծ ցանկություն ունեն օգնելու, աջակցելու։ Քանի որ իմ պատմությունների հերոսները հիմնականում կանայք են ու նրանց միջոցով էի պատմում բոլոր դժվարություններն ու անսահման ուժը, որ ունեն նրանք, հայ համայնքի առանձին անհատներ որոշեցին փոքր դրամահավաքներ անել ու օգնել արցախցի կանանց։ Սփյուռքահայ երիտասարդ մեր հայրենակիցների ցանկությամբ կոնկրետ այս ծրագիրը իրականացվում է հենց կանանց համար։ Ես, տեղյակ լինելով «Ասկերանցիներ համայնքի զարգացման կենտրոն» ՀԿ-ի գործունեության մասին, տեսել եմ, թե ինչպես է այն գործում մինչև շրջափակումը և անգամ շրջափակման ժամանակ, իսկ Արցախի տեղահանությունից հետո տիկին Ալլան կարողացել է իր շուրջը հավաքել ասկերանցի կանանց և կտրել անդառնալի ցավից, միաժամանակ իրականացնել ծրագրեր։
Ու փորձել եմ իմ ընկերների միջոցով կամուրջ լինել և կապել նրանց իրար հետ,- ասում է Սիրանուշը։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում