Փաշինյանը, կարծես թե, դեռ լավ չի գիտակցում այն իրողությունների ահավորությունը, որ 7 տարվա մեջ հայության գլխին բերեց փողոցից իշխանության եկած իր «ուսապարկերի» հետ միասին՝ մահ, արյուն, տառապանք, թշվառություն, ունեզրկություն եւ գոյութենական վտանգներ, որոնք գնալով՝ ահագնանում են: Անմիտ, անկար ու անհեռանկար արտաքին քաղաքականության պատճառով, որ վարում է գործող ՔՊ-ական իշխանությունը, երկիրը չի կարողանում շտկել մեջքը, թոթափել թուրք-ադրբեջանական պատանդի լուծը: «Թավշյա» իշխանակարգը ոչ միայն ի զորու չեղավ դիմակայել աճող մարտահրավերներին, այլեւ փոշիացրեց քառորդդարյա ձեռքբերումներն ու Արցախը տարավ կործանման:
Սակայն, դատելով ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի սառնասիրտ պահվածքից, անհոգ, անհամ կատակներից, որ փորձում է կառավարության նիստերում զվարճացնել գործադիրի անդամներին եւ հանրությանը, անկողմնակալ դիտորդը կարող է մտածել, թե Հայաստանում ամեն ինչ օքեյ է: Տպավորությունն ավելի է խորանում, երբ ժամանակ առ ժամանակ «Հ1»-ով տիրաժավորվում են Փաշինյանի՝ ինչպես առտնին ժամանցները, այնպես էլ այցերը գյուղական համայնքներ՝ դիմավորող մարդկանց գոհունակ դեմքերով, եւ երբ «Կրթվելը նորաձեւ է» նախաձեռնության շրջանակում հանրության միամիտ հատվածը եթերում հետեւում է Նիկոլի ու նրա ընկերուհու գյուղեգյուղ շրջագայություններին:
Երկրում փաստացի իրականությունն այնքան էլ հանդարտ ու անվտանգ չէ, ինչպես փորձում են նենգափոխված ներկայացնել իշխանական լրատվամիջոցները: Եվ դա վերաբերում է թե՛ արտաքին եւ թե՛ ներհայաստանյան օրակարգերին: Բաքվի սուլթանը դարձյալ տարածք է պահանջում՝ Տավուշից 4 գյուղ: Փաշինյանն ու Միրզոյանը իրարով են անցել՝ մտածում են, թե ա՛յս անգամ ինչ «սոուսով» են հանրությանը մատուցելու միակողմանի ու ցավալի գործարքը, որպեսզի հերթական ուրացումը հնարավորինս անաղմուկ անցնի: «Եթե հակառակվենք՝ Ադրբեջանը կպատերազմի» կռվանն այլեւս հնացել է, չի աշխատում, եւ իշխանությունը ճշմարտանման մեկ այլ հիմնավորում կամ արդարացում գտնելու փնտրտուքի մեջ է:
Ներքաղաքական դաշտում եւս իրավիճակը մխիթարական չէ: Սոցիոլոգիական բոլոր հարցումների տվյալներով՝ ՔՊ-ի եւ Փաշինյանի վարկանիշները հատել են պատմական նվազագույնի սահմանագիծը: Քաղաքացիների մեծամասնությունը համոզված է, որ «Քաղպայմանագիր» կուսակցությունն ու նրա առաջնորդը պետք է հեռանան, ընդ որում՝ որքան շուտ, այնքան լավ: Չհեռանալը հղի է նոր աղետալի հետեւանքներով, ուստիեւ այլընտրանք չունի: Հանուն պետականության, հանուն Հայաստանի ապագայի՝ Նիկոլն ուղղակի պարտավոր է մարդավայել թողնել ասպարեզը, կապել ճամպրուկը եւ մոռանալ իշխանության հետդարձի ճանապարհը՝ երկիր կառավարելն իր խելքի բանը չէ:
Կարդացեք նաև
Նա, միգուցեեւ, ենթագիտակցորեն զգում է, որ մի բան այն չէ, ներքին կռիվ է տալիս, նույնիսկ մտովին ինքն իրեն դատափետում է, բայց ոչինչ չի ստացվում, չհեռանալու կամքն ավելի զորեղ է գտնվում: Ավելի կամակոր: Ի՞նչ է լինելու վերջը: Չարագործությունների ցանկը մեծ է ու խայտաբղետ, վկաների թիվը՝ չափից ավելի, ներում-բեկում ակնկալելը միամտություն է: Բոլորը հասկանում են, որ ելքը մեկն է՝ վարչապետական աթոռն անառիկ պահելը: Բայց ինչպե՞ս: Անխուսափելին շրջանցելու մի աղոտ լույս է առկայծում ՔՊ խմբակի տեսադաշտում՝ թիմովի ձեռնամուխ լինել ապօրինությունների հետքերի «սվաղման» գործընթացին, չթողնել ոչ մի հետք: Չկան ապացույցներ՝ չկա մեղադրանք:
Նման գործընթաց տարերայնորեն միշտ եղել է, բայց այժմ՝ հումորով այսպես ասենք, այն դրվում է «գիտելիքահենք» ռելսերի վրա: Եթե այս եզրույթը ՔՊ-երենից թարգմանենք միջին վիճակագրական հայաստանցու լեզվի՝ կունենանք «մանիպուլյատիվ» եզրը: Ուրեմն՝ այդ եզրի ոգով էլ Փաշինյանի վրայից հակապետական գործողությունների հետքերն առաջինը մաքրելու, շեֆի դեմքը փրկելու գործին «կպնում» են ՔՊ վերնախավի փոքրիշատե ազդեցիկ գործիչները՝ ԱԳ նախարար Ա.Միրզոյանը, ԱԺ նախագահ Ա.Սիմոնյանը, ՔՊ վարչության փոխնախագահներ Վ.Ալեքսանյանը, Գ.Պապոյանը, վարչության անդամ Ա.Թորոսյանը եւ էլի ուրիշներ՝ փորձելով տարբեր հնարքներով հավատացնել, որ Արցախի հանձնման հետ Նիկոլը կապ չունի:
Ուրացման եւ ազգադավության «չափման միավորը» տվյալ պարագայում կորուսյալ Արցախն է, քանի որ առնվազն երեք հազարամյակի ընթացքում հայկական այդ չքնաղ լեռնաշխարհը երբեք թշնամու ձեռք չէր ընկել, չէր նվաճվել, Արցախի ոչ մի տիրակալ, ոչ մի առաջնորդ այն օտարին չէր զիջել: Հայոց պատմության մեջ Փաշինյանն առաջին եւ միակ նզովյալ ղեկավարն է, որ Արցախը դավաճանաբար տվեց հազիվ 110-120 տարվա պատմություն ունեցող վայրագ խաշնարածին: Այս հանգամանքով պայմանավորված՝ արժե մի փոքր ավելի մանրամասն կանգ առնել Արցախի հանձնումը ծածկադմբոց անելու եւ հողատուի խարանը Նիկոլի վրայից մաքրելու՝ ԱԳՆ-ի ձեռնարկած փորձերի վրա:
Գեւորգ ԲՐՈՒՏԵՆՑ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում