«Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Գեւորգ Ստեփանյանը դեռեւս չի առերեսվել կնոջ մեքենան այրելու մեջ կասկածվող ու նախօրեին ձերբակալված 22-ամյա երիտասարդի հետ:
Ավագանու անդամն առայժմ տեղյակ է միայն, որ ձերբակալված երիտասարդը Փարաքարից է եւ, նախնական տեղեկություններով, միայնակ չի գործել, եղել է հոր հետ, եկել են դեպքի վայր մոպեդով:
«Չեմ առերեսվել, չեմ ճանաչում, բայց միանշանակ շարժառիթը քաղաքական է: Ինքն ինձ ընդհանրապես հետաքրքիր չէ, հետաքրքիր է դրդապատճառը»,- Aravot.am-ին ասաց Գեւորգ Ստեփանյանը:
Ըստ նրա՝ նախքան այրելը, ջարդել են մեքենայի ապակին, բենզինը լցրել մեքենայի մեջ. «Մի թեթեւ վառվելուց հետո քանի որ մեքենայի տանիքն ամբողջությամբ ապակուց է, էդ տաքությունից տրաքել է: Այդ ձայներից ենք զարթնել: Մինչեւ իջանք ներքեւ, մեքենայի մեջն ամբողջությամբ վառվել էր»:
Կարդացեք նաև
Ստեփանյանի տեղեկություններով՝ մեքենան այրելու մեջ կասկածվողը երկու օր առաջ է ձերբակալվել. «Վաղը լրանում է ձերբակալման 72 ժամը, վաղը պարզ կլինի, կտեսնենք՝ տանում են կալանքի, թե ազատ են արձակում: Պետք է իմանանք դրդապատճառը, իմանանք՝ ովքեր են նրանց ուսուցիչները: Ինձ միայն դա է հետաքրքիր ու իմանալու ենք: Ոնց եկել են ստի ու կեղծիքի եւ նմանատիպ երեւույթների վրա իշխանության, այդպես էլ գործում են: Միակ բանը, որ իրենց մոտ հիստերիա է առաջացնում, կոռուպցիայի բացահայտումն է: Իմացեք, որ այս ամեն ինչի հետեւում կոռուպցիա բացահայտելն է»:
Հիշեցնենք, որ մայիսի վեցին՝ լուսադեմին, այրել էին ավագանու անդամ Գեւորգ Ստեփանյանի ընտանիքին պատկանող մեքենան:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ