Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր բացահայտումներ Խանջյան գյուղի տարածքում գտնվող հնավայրում

Մայիս 12,2025 00:10

Արմավիրի մարզում՝ Արմավիրի տարածաշրջանի Խանջյան գյուղի տարածքում գտնվող ոչ բարձր բլրի վրա գտնվող հնավայրում 2023թ․ կատարվեցին պեղումներ, որի արդյունքում բլրի գագաթին հայտնաբերվեց աշտարակ։

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հնագետ Լևոն Մկրտչյանի և Գերմանիայի Հալլեի համալսարանի հնագետ Սիմոնե Առնոլդի համաղեկավարությամբ իրականացված պեղումները պայմանական «Խանջյան» ամրոց-բնատեղիում 2024-ին չկայացան։

Այս օրերին՝ արդեն մի շաբաթից ավելի է՝ պեղումներն ընթանում են հնավայրում։ Մայիսի 10-ին հնագետ Գագիկ Սարգսյանի հետ այցելեցինք հնավայր, ներկա եղանք պեղումների աշխատանքին։ Բլրագագաթին պահպանված աշտարակի 4 կողմում իրականացվում են պեղման և ուսումնասիրման աշխատանքները Լ․ Մկրտչյանի ղեկավարությամբ։ Զրուցեցի հնագետների հետ։ Լ․ Մկրտչյանն ասաց՝ աշտարակը, որն իրենից ներկայացնում է ուղղանկյուն մի հարթություն և ունի մոտ 8 մ․ երկարություն, 7 մ․ լայնություն, ամբողջությամբ անմշակ քարից է պատրաստված։ Բարձրությունը դեռ չի պարզվել։

Հյուսիսային պատի բացված հատվածն ունի 2 մետրից ավելի բարձրություն։ Այս մասում աշխատող հնագետ Անժելա Գնունի-Թադևոսյանը նշեց՝ դեռ աշխատանք կա` ճշտելու պատի բարձրությունը։ Արևմտյան պատի տակ հայտնաբերվել է մի հատված, որտեղ ժամանակին պահվել են 10 և ավելի կարաս, որոնց բեկորներն են գտնվել։ Լ․ Մկրտչյանն ասաց՝ դրանք ծածկված էին մոխրաշերտով և ժամանակին մոտակայքում կանգուն եղած ու հետո փլուզված պարսպի քարերով։

Կարասների բեկորների մոտ գտնվել է նաև մի կլորավուն քար՝ մոտ 25 սմ տրամագծով։ Ըստ հնագետների՝ սանդի համար նախատեսված քար է եղել։ Հնավայրում պեղումներ են կատարվում նաև բլրի հյուսիսարևմտյան կողմում՝ ստորոտում՝ հնագետ, պ․ գ․ թ․, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստուտի գիտաշխատող Բենիկ Վարդանյանի ղեկավարությամբ։ Նույն տեղում, դեռևս 2023թ․ պեղումների ժամանակ, գերմանացի Սիմոնե Առնոլդնի ղեկավարությամբ բացվել էր մի շինության հատված։ Վերգետնյա մասում գտնվել էր սյան տուֆե խարիսխ։

Այս օրերին այս հատվածի պեղումների արդյունքում մոտ 2 մ հաստությամբ հիմնապատ է բացվել և գտնվել է ևս մի խարիսխ։ Հայտնաբերվել են նաև անտիկ դարաշրջանին պատկանող այլ իրեր։ Ամեն դեպքում շինությունը եղել է սյունակերտ դահլիճ՝ քարե սալահատակով։ Բ․ Վարդանյանը ցավով նշեց՝ ժամանակին գանձագողերի կողմից տարածքը քանդվել է, և խախտվել են շինության հիմքերը։

Փորձում են պարզել` մուտքը որ կողմից է եղել։ Պեղումների աշխատանքները դեռևս 1 շաբաթ և ավելի կշարունակվեն։ Հնագետների հետ աշխատում են նաև երիտասարդներ, ուսանողներ։ Ընթացքում շրջեցի հնավայրի տարածքում։ Զգացվում է՝ բլրի ստորին մասում ժամանակին կանգուն է եղել հզոր պարիսպը՝ աշտարակներով․ երևում են դրանց հիմքերն ու որոշակի պատեր։ Ամրոց-բնակատեղիի հիմնական մուտքը եղել է հարավային կողմից։

Հնավայրը պահող բլրի արևմտյան հատվածում, մի քանի հեկտար տարածությամբ հարթ մակերես է՝ ամբողջությամբ պատված կարմիր կակաչներով։ Խորհրդային տարիներին տարածքում իրականացվել են մելորացիոն աշխատանքներ, բնական է՝ ավերվել են այս հատվածում եղած դամբարանները, այլ կառույցներ։ Հարթության ու բլրի բաժանման հատվածը բավականին խոր հեղեղատ է։ Հնարավոր է ժամանակին այն օգտագործվել է որպես պաշտպանիչ խանդակ։ Բացի այց բլրից, տարածքում՝ բլուրների վրա ու դրանց ստորոտներում, շատ են հնադարյան պատերի ու կառույցների հիմքեր։ Լ․ Մկրտչյանը հետաքրքիր մի տեղեկություն տվեց 1918թ․ մայիսյան հերոսամարտերի մասին։

 

Մայիսի 27-ին այս բլրի վրա են ամրացել թուրքերը՝ Սարդարապատ արշավելու նպատակով, սակայն հայ մարտիկները ռմբակոծել են թշնամու դիրքերը, մեծ կորուստներ պատճառել, ու թուրքերը, խուճապի մատնված նահանջել են՝ ճանապարհին ընկնելով հայկական ջոկատների ծուղակը։ Տարածքից գտնվել են նաև այդ ժամանակների պարկուճներ։

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031