Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի կողմից վարվող ակտիվ հակահայկական քարոզչությունը կարող է ի վերջո փոխել միջազգային մասնագետների կարծիքը, եթե դրանց չտրվեն համարժեք պատասխաններ

Մայիս 12,2025 11:39

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

2020 թվականի հայ-ադրբեջանական 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի իշխանությունները իրենց կողմից տասնամյակներով փայփայած, այսպես կոչված, «արևմտյան Ադրբեջան» բառակապակցությունը տեղեկատվական միջազգային տիրույթում հասկանալի դարձնելուց հետո, այժմ էլ շրջանառության մեջ են դրել, այսպես կոչված, «Աղվանա-ուդիական ուղղափառ եկեղեցի» ասույթը, որը «արևմտյան Ադրբեջան» խոսույթի տրամաբանական շարունակությունն է։ Այսինքն «արևմտյան Ադրբեջան» ասելով նրանք նկատի ունեն ներկայիս Հայաստանի ինքնիշխան տարածքը, իսկ «Աղվանա-ուդիական ուղղափառ Եկեղեցի» ասելով նկատի ունեն Ադրբեջանի Աղվանա-ուդիական քրիստոնեական համայնքը, որը, ըստ նրանց, իրավահաջորդն է այն ամենի, կամ համարյա այն ամենի, ինչը, մասնավորապես հայկական Արցախում, գտնվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի իրավասության ներքո և ոչ միայն։

Ադրբեջանի կառավարության կողմից հեռուն գնացող նման նկրտումները առաջին հայացքից զավեշտալի են, սակայն անհրաժեշտ է նրանց շատ լուրջ վերաբերվել։

Գենադի Մնացականյան

Աղվանա-ուդիական քրիստոնեական համայնքը ղեկավարվում է Ադրբեջանի կառավարության կողմից և օգտագործվում է հակահայկական քարոզչության ու քաղաքական նպատակներով։ 2023 թվականին Արցախում էթնիկ զտում իրականացնելու պատասխանատվությունից հետագայում խուսափելու նպատակով Ադրբեջանին պետք է համոզել աշխարհին, որ հայերը Արցախում բնիկ ժողովուրդ չեն, ժամանակին եկել էին ու հիմա էլ գնացել են, իսկ այնտեղ կառուցված եկեղեցիները աղվանական են և հայության հետ կապ չունեն։

Այն, որ հայերը Արցախում բնիկներ են և Արցախի տարածքում գտնվող սրբավայրերի և հուշարձանների մեծ մասը հայկական են, դրա մասին գիտի ամբողջ աշխարհը և դա գիտականորեն ապացուցված է, սակայն Ադրբեջանի կողմից վարվող ակտիվ հակահայկական քարոզչությունը կարող է ի վերջո փոխել միջազգային մասնագետների կարծիքը, եթե դրանց չտրվեն համարժեք պատասխաններ։

Դեռևս մի քանի ամիս առաջ անհավանական կթվար 2025 թվականի ապրիլի 10-ին Սուրբ Աթոռի Գրիգորյան համալսարանում տեղի ունեցած գիտաժողովի կայացումն ու 2025 թվականի մայիսի 3-ին Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի կողմից Ադրբեջանի նախագահի կնոջը ՌՈՒԵ «Սուրբ հավասարառաքյալ Օլգայի» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրումը, սակայն դրանք արդեն կայացած իրողություններ են և մենք պարտավոր ենք դրանցից շատ լուրջ հետևություններ անել։

Իհարկե, Վեհափառ Հայրապետի, Արցախի թեմի առաջնորդի, Արցախի մարդու իրավունքների պաշտպանի, հայ և այլազգի մի շարք հարգարժան իրավապաշտպանների կողմից պարբերաբար հնչող ահազանգերը շատ կարևոր են, սակայն, ըստ իս դրանք հայ և միջազգային հասարակության կողմից չեն արժանանում պատշաճ ուշադրության ու զորակցության։ Այս ուղղությամբ մասնագիտական շրջանակների մոբիլիզացիան ու հայկական հիմնադրամներից որևէ մեկի կողմից ֆինանսավորումը կարող է իրավիճակը փոխել հայկականության օգտին։

Ադրբեջանի հակահայկական քարոզչությանը համարժեք կլինեն այն պատասխանները, որոնք կհնչեն առաջին հերթին Հայաստանի կառավարության կողմից, համարժեք կլինեն այն հակադարձումները, որոնք կհնչեն պարբերաբար կազմակերպվող միջազգային գիտաժողովներում ու վավերագրական ֆիլմերում և, իհարկե, արդյունավետ կլինեն նաև հասցեական ու արդարացի այն գնահատականները, որոնք կտրվեն քրիստոնեական աշխարհի առաջնորդների կամ նրանց ներկայացուցիչների կողմից, որոնց մեծ մասը այժմ, զարմանալիորեն, լուռ դիտորդի դերում են հայտնվել։

Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031