Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախկինները չեն հեռացել գնացքի նման՝ անվերադարձ՝ չուկ-չաք-չարաք-չակի հնչյունների ներքո»․ կոռուպցիայի մեջ փոխադարձ մեղադրանքներ ԱԺ-ում

Մայիս 12,2025 12:05

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ասում եք՝ որ գյուղ գնում եք, մարդիկ պահանջում են երեք նախագահներին նստեցնել, ինձնից էլ պահանջում են, թե ինչո՞ւ օրենսդրական փոփոխություն չեք առաջարկում՝ բարձրագույն պաշտոնատար անձանց հոգեբուժական քննություն իրականացնելը պարտադիր եւ պարբերաբար դարձնելու համար․ այսօր խորհրդարանում ՀՀ գլխավոր դատախազի հաշվետվության քննարկման ժամանակ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ Նա պատասխանում էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ելույթներին։

Իր ելույթի սկզբում Արծվիկ Մինասյանը դիմեց նաեւ դահլիճում նստած գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ ասելով, որ մայիսի 9-ին, «Հանրային հեռուստատեսությամբ 44-օրյա պատերազմի կեղծ լուրերի մունետիկի՝ Արծրուն Հովհաննիսյանի հայտարարությունների վերաբերյալ» իրավական ուսումնասիրություն է պետք իրականացնել, քանի որ նա մարդկության դեմ հանցագործություն իրականացրած նացիստական Գերմանիայի մեղքը մեղմելու, պատմությունը խեղաթյուրելու գնով, հայերի էմոցիոնալ ֆոնը օգտագործելով՝ ասում է՝ հիտլերյան Գերմանիան անկախ Հայաստան էր ուզում կերտել։

«Դիվահարվում եք, երբ կոռուպցիայի մասին ենք խոսում»,- ասաց Արծվիկ Մինասյանը՝ դիմելով ընդդիմադիրներին եւ հավելեց, որ Արթուր Հովհաննիսյանի մատնանշած իր մեքենան 2016 թվականի է։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Իսկ Արթուր Հովհաննիսյանն ասել էր՝ ինքն իշխող խմբակցության քարտուղարն է, Արծվիկ Մինասյանը՝ ընդդիմադիր, բայց վերջինիս մեքենան ավելի թանկարժեք է․ «Նայեք Սեյրան Օհանյանի աչքերի մեջ՝ կտեսնեք մի քանի հարկանի առանձնատուն, կպտտվեք՝ կնայեք Աննա Գրիգորյանի աչքերի մեջ՝ կտեսնեք՝ ՀԷԿ-եր, կնայեք Աղվան Վարդանյանի աչքերի մեջ եւ կարող եք տեսնել՝ ինչպես են Դավիթաշենից մի կտոր պոկում՝ դարձնում Զովունի, որ վրան հարմար տուն սարքեն, Լեւոն Քոչարյանի աչքերի մեջ կնայեք ու կտեսնեք միլիոնավոր դոլարներ, որոնք հարյուրավոր մարդկանց կյանքի գին են արժանացել»։

Շարունակելով իր քննադատությունը նաեւ ասաց՝ Երեւանի կենտրոնում, որ կանգնում ես Մայր Հայաստանի արձանի մոտ՝ վեր է խոյանում Գագիկ Խաչատրյանի շքեղ դղյակը, որը կարծես «կոռուպցիայի ու թալանի հուշարձանը» լինի Երեւանի կենտրոնում, Մոնումենտով, որ բարձրանում ես, ձախի վրա տեսնում ես ԱԺ շենքի նման Հովիկ Աբրահամյանի տունը, որը լոլիկներով էր ձեռք բերել․․․ Նրա բնութագրմամբ՝ կոռուպցիան ու թալանը այնքան էին արմատացել Հայաստանում, որ ազգային, մշակութային նշանակություն էր ստացել։

Նա ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին «կոռուպցիայի կենդանի հուշարձաններ» անվանեց։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Խմբակցության անունից իր եզրափակիչ ելույթում ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը «անատոմիական վերլուծության» ենթարկեց նախկին իշխանության կոռուպցիոն դեմքը․ հիշեց Արծվիկ Մինասյանի՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար աշխատած շրջանը, երբ ստեղծվեց Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ, որը ղեկավարում էր այն ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որն այսօր անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործերով։

Նա տարակուսեց, որ իրենց մեղադրում են անընդհատ նախկին իշխանությունների մասին խոսելու մեջ․ «Նախկինները չեն հեռացել գնացքի նման՝ անվերադարձ՝ չուկ-չաք-չարաք-չակի հնչյունների ներքո»։ Նա անդրադարձավ նաեւ Լիլիթ Գալստյանի ելույթին․ «Ձեր քաղաքակրթական կոդը՝ Մեղրին՝ Ղարաբաղի դիմաց, գույք՝ պարտքի դիմաց, Հայաստանը՝ ծայրագավառապետի դիմաց»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Իր եզրափակիչ ելույթում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը պատասխանեց պատգամավորների հարցերին։ Ասաց, որ ՀՀ-ին վերադարձված գույքերի մի մասը տրվում են վարձով՝ պետության կողմից․ օրինակ՝ ԱՕԿՍ-ի շենքը վարձով է տրվում 16 միլիոն 400 հազար դրամ է մուծվում պետբյուջե, Չայկովսկու դպրոցի հարակից տարածքում գտնվող շենքի մոտ 250 քառակուսի մետրն է վարձով տրվում, իսկ մարզերում գտնվող գույքերը հիմնականում ըստ նախկին նշանակության կօգտագործվեն։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031