«Իսկ ինչո՞ւ չպետք է մասնակցեր»,- լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով այն հարցին՝ ինչո՞ւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց Մոսկվայում Հաղթանակի շքերթին մասնակցության համար, այսպես արձագանքեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։ Նա ասաց, որ ՀՀ իշխանությունները դիվերսիֆիկացնում են մեր արտաքին քաղաքականությունը, ուստի դա նշանակում է, որ պետք է մասնակցել բոլոր ձևաչափերին․ «ՌԴ-ն խնդրահարույց երկիր չէ, մենք գործընկեր երկրներ ենք և փոխհարաբերվում ենք՝ երկուստեք շահերը հաշվի առնելով»։
Հարցին՝ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը երկկողմ հանդիպում չունեցավ ռազմավարական դաշնակից երկրի ղեկավարի հետ և արդյոք սա չի՞ վկայում այնպիսի խնդիրների մասին, որոնք չեն հաջողվում լուծել, Հասմիկ Հակոբյանը պատասխանեց․ «Տեղեկացված չեմ։ Կարող է պաշտոնական երկկողմ հանդիպում չի եղել, բայց այլ շփումներ են եղել։ Հեչ պարտադիր չէ դրոշները դնել, նստել, որ ինչ որ խոսակցություն ունենալ։ Հնարավոր է՝ այլ ձևաչափերում են եղել խոսակցություններ։ Երբեմն կարող ես ընթրիքին ավելի շատ բան խոսել, քան տեսախցիկների առաջ»։
Լրագրողները հիշեցրին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վիրավորական հայտարարություններն ԱԺ-ում, Հասմիկ Հակոբյանն արձագանքեց․ «Երբ նման կերպ եք մեկնաբանում վարչապետի խոսքը, դրա համար էլ հասարակության մեջ սխալ կարծիք է ձևավորվում, որ վարչապետն ասել է՝ սաղիդ տանեմ, լցնեմ պադվալ։ Բայց նա ասել է, որ եթե ընդդիմադիր մամուլին հետևեմ, ձեզ՝ բոլորիդ պետք է տանեմ, լցնեմ ԱԱԾ-ի պադվալ։ Ոչ միայն դա, այլև կախել հրապարակից։ Չգիտե՞ք, որ մամուլի հրապարակումները, որ լսես, հետևես, հենց էդպես էլ պետք է անես։ Բայց վարչապետն ասում է՝ մամուլով չեմ առաջնորդվում, որ տենց անեմ, որ պետք է բոլորիդ տանեմ, լցնեմ պադվալը։ Ինչ-որ մարդիկ էլ վարչապետի ասածը՝ ստեղս է հասել, ասում էին վիզը կտրելու սպառնալիքներ է հնչեցրել։ Մանիպուլյացիան այդպես է լինում»։
Կարդացեք նաև
Լրագրողները հիշեցրին՝ սահմանային կրակոցներ են, Խնածախում քաղաքացիական տուն է վնասվել ադրբեջանական կրակոցներից, Հասմիկ Հակոբյանն ասաց․ «Սահմանային կրակոցների մասին մենք հստակ մեր պատկերացումներն ասել ենք, թե դրանք ինչի հետևանք են։ Ադրբեջանը հետևողականորեն փորձում է ՀՀ-ից ստանալ ագրեսորի կերպար և դիրքավորվել՝ իբրև խաղաղասեր միջազգային հանրության առաջ»։ Լրագրողները փաստեցին՝ բայց քաղաքացիական տուն է վնասվել, ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց․ «Այո, ցավալի է, և մենք քննադատում ենք այդ ամենը, սակայն սա չի նշանակում, որ մենք պետք է պատասխան կրակենք, որովհետև սա նշանակելու է իրենց ցանկության հաղթանակը»։ Լրագրողների հարցին՝ բայց այդ մարդիկ ահուսարսափի՞ մեջ ապրեն, Հասմիկ Հակոբյանն արձագանքեց․ «Ես այդ մարդկանց հետ հանդիպումից եմ գալիս, և իրենց տեսակետը լավ գիտեմ»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ