Փաստաբան Արա Ղարագյոզյանը օրեր առաջ ահազանգել էր ոստիկանական խոշտանգումների հերթական դեպքի մասին՝ հրապարակելով տեսանյութ եւ լուսանկարներ, որոնք փաստում են ոստիկանների՝ քաղաքացու նկատմամբ կիրառած բռնությունը: Այսօր «Մեդիա կենտրոնում» քննարկում էր կազմակերպվել «Սկոչով փակել են բերանը ու ծեծել. հերթական խոշտանգումը ոստիկանությունում» թեմայով:
Սերգեյ Աբրահամյանը տեղի ունեցածի մասին ասաց, որ սկզբում ինքը ծանուցագրով նշանակված ժամից ուշանալու մասին հեռախոսով տեղեկացրել է ոստիկանությանը եւ ավելի ուշ ներկայանալու պայմանավորվածություն է ձեռք բերել: Պայմանավորված ժամին նա գնացել է Արմավիրի ոստիկանություն, սակայն հերթապահ ոստիկանն ասել է, որ իրեն չեն ընդունելու: «Ես անմիջապես հենց քննչականից զանգեցի Մարդու իրավունքներ եւ տեղեկացրի, քանի որ նախկինում՝ 2021 թվականին էլ է միջադեպ եղել, որ տարել, ծեծել են ու քրեական գործ կա հարուցված: Դրանից հետո գնացել եմ տուն»,- ասաց Սերգեյ Աբրահամյանը եւ նկարագրեց հաջորդ օրն առավոտյան իրենց տանը ոստիկանների մասնակցությամբ կատարվածը:
Ըստ նրա, ոստիկաններն առավոտյան եկել են իրենց տուն, ինքը ներս է հրավիրել, անգամ կինը սուրճ է հյուրասիրել: «Այդ ընթացքում ոստիկաններից մեկն անընդհատ դուրս էր գալիս, հեռախոսով խոսում: Իսկ երբ արդեն ցանկացա դուրս գալ, մի խումբ այլ ոստիկաններ ներս մտան, ուժ կիրառելով ինձ պառկեցրին հատակին, որպեսզի կանդալեն, տանեն: Տեսաձայնագրության մեջ երեւում է, որ հարցնում եմ, թե ինչի համար են ուզում ինձ կանդալել, երբ որ ես գալիս եմ: Այդ ժամանակ են ինձ բռնության ենթարկում: Հետո որ տանում են համայնքային ոստիկանության բաժին, այնտեղ ոտքերս էլ են կանդալում, լայն սկոչով բերանս կապում եւ քացիներով սկսում են հարվածել: Այդ ընթացքում փսխում ունեցա:
Պաշտոնավորներից մեկը նկատեց, որ խեղդվում եմ՝ քթիս միջնապատն էլ ջարդված էր ու չէի կարողանում քթով լիարժեք շնչել, հրահանգում է, որ չհարվածեն՝ ասելով. «Մեռավ՝ մնաց վրեքս»: Դրանից հետո սկոչը քանդում, գցում են սեղանի տակի դատարկ աղբամանը: Մինչեւ ժամը 4-ը, 5-ը պահել են, հետո տարել քննչական բաժին: Ոստիկանության դիմաց եմ կնոջս ասել, որ զանգի Մարդու իրավունքներ, որպեսզի իրենք շտապ օգնություն կանչ գրանցեն, որը չի եկել»,-պատմեց քաղաքացին:
Կարդացեք նաև
Արդեն քննչական բաժնում քննիչի մոտ բերման ենթարկելու արձանագրության մեջ Սերգեյ Աբրահամյանը գրառում է կատարել: «Քանի որ դեմքս, գլուխս ամբողջությամբ տեսանելի էր, այդ պատճառով քննիչը տեսախցիկը չի միացրել: Քննիչը դուրս եկավ, կարծում եմ՝ պետի մոտ: Վերադարձավ ու ասաց, որ գնամ ու տնից շտապ օգնություն կանչեմ: Տնից կինս է շտապ օգնություն կանչել: Ես կնոջս մանրամասն թելադրել եմ տեղի ունեցածը: Մարդու իրավունքների ցուցումով նկարել ու WhatsApp-ով ուղարկել եմ ու դիմել եմ պաշտպանիս՝ Արա Ղարագյոզյանին»,-ասաց Սերգեյ Աբրահամյանը:
Փաստաբան Արա Ղարագյոզյանի խոսքով. «Սա անպատժելիության հերթական դեպքն է: Այս գործով մենք նայեցինք տեսանյութերը, նաեւ տուժողին լսեցինք, թե այդտեղ ինչ անմարդկային խոշտանգման, նաեւ արժանապատվությունը նվաստացնող տարրեր կան: Անձի նկատմամբ բռնություն իրականացնելու որեւէ պատճառ չի եղել»,- ասաց փաստաբանը:
Անդրադառնալով այս դեպքի առիթով ՆԳ նախարարի մամլո խոսնակի հայտարարությանը, թե քաղաքացին դրսեւորել է ոչ պատշաճ վարք՝ չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին՝ Արա Ղարագյոզյանն ասաց. «Այդ հայտարարության վերաբերյալ ես նաեւ դիրքորոշում էի հայտնել, որ ոստիկանության խոսնակը չի կարող անպատասխանատու հայտարարություններ կատարել: Տեսանյութը նոր էր հրապարակվել, քրեական վարույթ էլ դեռ չկար: Ու ոստիկանությունը շուտափույթ հայտարարություն է տարածում: Կարելի է ասել, որ սա արդարացում է համարվում: Ինչպե՞ս կարող է ոստիկանությունը արդարացնել բռնությունը:
Հայտարարությունը տարածվել է, երբ դեռ որեւէ ոստիկան ու տուժողը չեն հարցաքննվել, այդ ինչպե՞ս իմացաք, որ տուժողը հրաժարվել է կատարել ոստիկանության օրինական պահանջը եւ ոստիկանությունը ստիպված է եղել ուժ կիրառել: Այսինքն, սա նշանակում է, որ գործում է անպատժելիություն՝ անմիջապես փորձում են տպավորություն ստեղծել, որ ոստիկանությունը գործել է օրենքի սահմաններում, իսկ քաղաքացին օրենքի սահմաններից դուրս գործողություն է կատարել:
Տուժողի կինը տանը ոստիկանության բռնությունները լուսանկարահանում էր, դե, պատկերացրեք ոստիկանությունում, որտեղ լուսանկարահանող չի եղել, ինչ բռնություններ են կիրառել: Խոշտանգման մեղադրանքով ընդամենը քրեական վարույթ է նախաձեռնվել: Դեպքից ինչքա՞ն ժամանակ է անցել ու մինչեւ օրս որեւէ ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել»,-արձանագրեց փաստաբան Արա Ղարագյոզյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի