Հոդվածաշարի նախորդ մասը կարդացեք այստեղ:
Նեոնիկոլական դավադրապաշտները, իրենց հիմնական՝ «Սերժն է բերել Նիկոլին» բանաձեւի տարբեր մոդիֆիկացիաներում հիմա էլ հետեւողականորեն փորձում են չեզոքացնել երրորդ նախագահի պաշտոնավարման տարիների թե՛ արտաքին քաղաքական եւ թե՛ տնտեսական ձեռքբերումները։ Բայց քանի որ փաստերը լվացք չեն, որ լողակես՝ գունափոխվեն, նեոնիկոլիստներին, որոնցից շատերը ֆունդամենտալ տեղավորված են երկրորդ նախագահի պրոպագանդիստների թիմում, հակադարձելու ենք զուտ փաստերով։
Եվ այսպես, սույն պարոնայք եւ տիկնայք հետեւողականորեն փորձում են գերազանցել Դոստոեւսկու հայտնի հերոսին եւ շրջանառել բթամիտ մի թեզ, ըստ որի, Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիների «պրավալային» արտաքին քաղաքականությունն ու դիվանագիտությունն է պարարտ հող ստեղծել մեր երկրում Նիկոլի արտաքին տերերի ակտիվացման համար։
Իհարկե, շատ պայթունավտանգ երեւակայություն է պետք ունենալ, որ տարբեր հարթակներից հերձես երրորդ նախագահի վարած արտաքին քաղաքականությունն ու այնտեղ նիկոլածին, այն է՝ թուրքական օրակարգի ակտիվ վիրուսներ հայտնաբերես, բայց, խոսենք փաստերով։
Կարդացեք նաև
Թվարկեմ երրորդ նախագահի ամենամեծ արտաքին քաղաքական ձեռքբերումներից մի քանիսն ու առաջինը արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացն էր, որն ուներ բացարձակ միջազգային աջակցություն եւ վկան՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահների՝ հինգ համատեղ հայտարարություններն ի աջակցություն տարվող բանակցային բովանդակության, որի հանգուցալուծումը պիտի լիներ միջազգային իրավական ուժ ունեցող հանրաքվեով Արցախի անկախության միջազգային ճանաչումը։ Եվ 16-ի ապրիլյան պատերազմից հետո էր, որ Ալիեւը հայտարարեց, թե՝ «փակ դռների հետեւում ինձ ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը»։ Ի՞նչ եք կարծում, պարոնայք եւ տիկնայք նեոնիկոլականներ, հավեսի համա՞ր էին ստիպում։ Հաստատ չէ, ստիպում էին Հայաստանի կողմից տարվող գրագետ դիվանագիտության արդյունքում։
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման աննախադեպ առաջմղում, որի արդյունքում արդեն նաեւ Թուրքիայի մտավորական էլիտան շատ ավելի բաց ու համարձակ էր սկսել խոսել Օսմանյան Թուրքիայի կազմակերպած ցեղասպանության մասին, Հայաստանի բալանսավորված հարաբերություններ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ եւ արժանապատիվ հարաբերություններ ԵՄ-ի հետ, որի հետ կնքված CEPA-ն լրջագույն համագործակցային փաստաթուղթ էր։ Սրան գումարած՝ ակտիվ խորհրդարանական դիվանագիտություն՝ 50-ից ավելի երկրների եւ 10 միջխորհրդարանական միջազգային կազմակերպությունների հետ: Սրան էլ գումարած՝ ԵԱՏՄ, ՄԱԿ-ի տարբեր կառույցներում, ՇՀԿ-ում, ՍՏՀ-ում, ՏՐԱՍԵԿԱ-ում Հայաստանի տնտեսական առաջնահերթությունների եւ ազգային շահերի հետեւողական առաջմղում։ Ու պատահական չէր, որ 44-օրյա պատերազմից հետո Ալիեւը հայտարարեց, թե Ադրբեջանը նախկինում միջազգային կառույցներում մշտապես պարտվել էր Հայաստանին։
Թվարկածս արտաքին-քաղաքական, դիվանագիտական այս գրագետ ճանապարհի ո՞ր հանգրվանում տեսաք Նիկոլ ծնող սերմերի համար «պրավալներ»։
Ի՞նչ ունենք այսօր՝ 18-ի իշխանազավթումից հետո։ Ունենք աշխարհաքաղաքական Գիքորի վերածված Հայաստան, որին իրավունք չի վերապահված անգամ մասնակիցը լինելու իր գոյաբանական խնդիրների քննարկմանն աշխարհաքաղաքական սեղանի շուրջ։ Ունենք նիկոլիզմի ձեռամբ աշխարհաքաղաքական բոմժի վերածված մի սուբյեկտ, որից փախնում են անգամ երբեմնի դաշնակիցները։
Իսկ Հայաստանի միջազգային իզգոյացման համար միայն 2024 թվականին պետական բյուջեից արտաքին գործերի նախարարությանը վճարվել է 17 միլիարդ 63 միլիոն դրամ։
Սա մի փոքր լիկբեզ էր պրոքոչարյանական վերլուծաբանների եւ ագիտատորների համար, որոնք Սերժ մերժելու իրենց հոգեբանական ֆիքսացիայում որոշել են թռնել ակնհայտ փաստերի վրայից։
Չի ստացվելու։
Մարիամ ՂԱԶԱՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
13.05.2025