Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2025 թ. ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ բանջարեղենը թանկացել է 17,9 տոկոսով, միրգը՝ 7,9: Ավելին՝ բանջարեղենի և մրգի գները բարձրացել են նաև այս տարվա մարտի համեմատ: Շարունակվող գնաճը մտահոգիչ է, երբ հատկապես խոսքն առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների մասին է: Տնտեսագետ Սուրեն Պարսյանն ընդգծում է՝ գնաճի հիմքում, որը հաշվարկում է վիճակագրական կոմիտեն, ինչպես նաև սահմանում է Կենտրոնական բանկը, հաշվի է առնվում 425 ապրանքի միջին գների աճը։
«Հիշեցնեմ, որ ունենք բավականին զգալի գնաճ նաև կրթության ոլորտում. այն կազմում է 7,8 տոկոս՝ և՛ բարձրագույն կրթության, և՛ նախակրթարանների, և՛ հիմնական կրթության ոլորտում:
Կրթությունն այն գործիքն է, որը թույլ է տալիս մարդկանց դուրս գալ աղքատությունից, բարեկեցիկ կյանք ունենալ: Երբ կրթությունը թանկանում է, դառնում է անհասանելի շատերի, հատկապես աղքատ խավի համար: Աղքատությունը ծնում է աղքատության, երբ երեխաները, չստանալով բավարար որակյալ կրթություն, ապագայում, մեծ հավանականությամբ, նույնպես աղքատ են դառնում: Ի դեպ, այս տարի ևս որոշակի գնաճ է նախատեսվում դարձյալ կրթության ոլորտում, քանի որ և՛ նախակրթարանների, և՛ դպրոցների, և՛ բուհերի վարձերը պարբերաբար վերանայվում են: Սա միանշանակ մեծ ազդեցություն է թողնում երեխաների և նրանց ընտանիքների կյանքի որակի վրա: Մարդիկ ամեն ինչից հրաժարվում են իրենց երեխային կրթության տալու համար: Վերադառնալով սննդի թեմային՝ պետք է նշենք, որ ունենք գնաճ նաև այն ապրանքների առումով, որոնք տեղում ենք արտադրում և բավարար քանակությամբ կարող ենք արտադրել: Դրա վառ օրինակը կարտոֆիլն է: Մեր պարենային անվտանգության համար անհրաժեշտ քանակից շատ կարող ենք կարտոֆիլ արտադրել, բայց, արի ու տես, որ ունենք բավականին բարձր գնաճ՝ ապրիլին՝ 47 տոկոս: Բարձր գնաճ ունենք նաև այլ ուղղություններով՝ կաղամբի՝ 14,2, ծաղկակաղամբի՝ 23,6, կանաչ լոբու՝ 20,8, խնձորի՝ 16,4 տոկոս»,-հավելում է տնտեսագետը:
Վարվող տնտեսական քաղաքականությունը կարո՞ղ է էլ ավելի վատթարացնել մարդկանց սոցիալական վիճակը: «Գործող կառավարության կողմից վարվող տնտեսական և սոցիալական քաղաքականությունը նպաստում է մարդկանց եկամուտների կտրուկ նվազմանը: Դրա վառ օրինակը հարկային քաղաքականությունն է փոքր ու միջին բիզնեսում: Վերջինս, զրկվելով իր եկամտից, լրացնելու է աղքատների կամ չունևորների շարքերը: Երբ գործող կառավարությունը տնտեսական քաղաքականություն է իրականացնում, պետք է հաշվի առնի դրա սոցիալական հետևանքները, որը, ցավոք, չի անում: Իրավիճակն էլ ավելի է սրվում, հատկապես այս տարի դա ակնհայտ է փոքր ու միջին բիզնեսի պարագայում: Նրանց և՛ հարկերն են ավելացել, և՛ շրջանառությունն է նվազել, չեն կարողանում խոշորների հետ մրցակցել: Դրան գումարած՝ նաև ռուս ռելոկանտների «փողերն» են կրճատվել Հայաստանի տնտեսության մեջ, դա ևս իր ազդեցությունն է ունեցել: Առհասարակ, պետությունն իր սոցիալական խնդիրը չի կարող միայն սոցիալական գործիքներով լուծել, պետք է փորձի լուծել նաև տնտեսական գործիքներով։ Սոցիալական գործիքներով պետք է լուծի այն դեպքում, երբ տնտեսական գործիքները դեռ հասանելի չեն մարդկանց, կամ այս կամ այն պատճառով խնդիր կա»,-եզրափակում է Սուրեն Պարսյանը:
Կարդացեք նաև
Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։