ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարինութիւնն ու ատրպէյճանական պահանջի իրական շարժառիթը.
Ամենեւին պատահական չէ, որ Ատրպէյճանը, այսպէս կոչուած խաղաղութեան պայմանագրի նախագծի համաձայնեցման մասին յայտարարութեան մէջ հենց շեշտեց իր առանցքային նախապայմաններից մէկը՝ ՀՀ Սահմանադրութեան փոփոխութիւնը, որն ըստ Պաքուի, Ատրպէյճանի նկատմամբ պարունակում է տարածքային հավակնութիւններ։ Ատրպէյճանի բոլոր մակարդակների պաշտօնական ներկայացուցիչներն առիթը բաց չեն թողնում այս պահանջը շարունակ կրկնելու։
Հայաստանի Սահմանադրութեան փոփոխութեան հարցը, ինչպէս նշեցինք, Պաքուի առանցքային նախապայմաններից մէկն է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու պահանջի հետ միասին։ Ուստի, սոյն յօդուածով առաջարկում ենք հասկանալ, արդեօ՞ք ՀՀ Սահմանադրութեան փոփոխութիւնն է, որ խանգարում է Պաքուի՝ խաղաղութեանը տրամադրուած ազնիւ մղումներին, որքանով է գործնականում հնարաւոր ՀՀ Սահմանադրութեան փոփոխութիւնը եւ, եթէ հնարաւոր չէ, ապա այս պահանջով Պաքուն արդեօ՞ք չի հետապնդում խաղաղութեան գործընթացն ամբողջութեամբ տապալելու քաղաքականութիւն եւ այս պահանջն ընդամէնը պատրուակ է։
Առհասարակ, Հայաստանի հետ յարաբերութիւններում Ատրպէյճանը ունի ռազմավարական եւ իրավիճակային նախապայմաններ։ Ռազմավարական կարելի է դիտել նրանց հեռահար նպատակները՝ ատրպէյճանցիների վերադարձ, «Արեւմտեան Ատրպէյճան», Հայաստանում գտնուող Արցախեան շարժման ակտիւ դերակատարների արտայանձնում, առհասարակ Հայաստանի կենսունակութեան կաշկանդում եւ անվտանգային համակարգի կազմաքանդում, իսկ իրավիճակային պահանջները քաղաքական որոշակի ժամանակում առաջ քաշուած նախապայմաններն են, որոնց մի մասը բաւարարուել է Հայաստանի իշխանութիւնների կողմից՝ օրինակ երկուստեք դատական հայցերի հետ կանչը, միակողմանի զիջումները սահմանազատման գործընթացում կամ յիշեալ երկու նախապայմանները Սահմանադրութեան փոփոխութեան եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին։
Կարդացեք նաև
Հարցի նախապատմութիւնը
1995 թ․ Յուլիսի 4-ին ընդունուած, ապա 2005 եւ 2015 թթ․ փոփոխութիւնների ենթարկուած ՀՀ Սահմանադրութեան նախաբանում գրուած է․ «Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախութեան մասին հռչակագրում հաստատագրուած հայոց պետականութեան հիմնարար սկզբունքները եւ համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետութեան վերականգնման իր ազատասէր նախնիների սուրբ պատգամը, նուիրուած հայրենիքի հզօրացմանը եւ բարգաւաճմանը, ապահովելու համար սերունդների ազատութիւնը, ընդհանուր բարեկեցութիւնը, քաղաքացիական համերաշխութիւնը, հաւաստելով հաւատարմութիւնը համամարդկային արժէքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութիւնը:
ՀՀ անկախութեան հռչակագիրն իր հերթին նախաբանում եւ 11-րդ կէտում համապատասխանաբար սահմանում է «․․․հիմնուելով 1989 թուականի Դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիաւորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագոյն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրայ․․․» եւ «Հայաստանի Հանրապետութիւնը սատար է կանգնում 1915 թուականին Օսմանեան Թուրքիայում եւ Արեւմտեան Հայաստանում հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործին»:
Այս ձեւակերպումներն են, որ առաջին հայեացքից հանգիստ չեն տալիս Ատրպէյճանին եւ Թուրքիային, բայց այս հարցի նախապատմութիւնը թերեւս աւելի խորքային է։
Ատրպէյճանի Սահմանադրութիւնը
Իրավիճակի աբսուրդայնութիւնը հասկանալու համար բաւական է հայեացք գցել Ատրպէյճանի Սահմանադրութեանը, որը նոյն տրամաբանութեան հողային պահանջներ է ներկայացնում ոչ միայն Հայաստանին, այլեւ իր ցամաքային հարեւան բոլոր պետութիւններին Իրանին, Վրաստանին, Ռուսաստանին, գուցէ նաեւ Թուրքիային։
Գէորգ Ղուկասեան
Քաղաքական գիտութիւնների թեկնածու, ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կեդրոնական գրասենեակի յատուկ ծրագրերի պատասխանատու
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հորիզոն» շաբաթաթերթի այսօրվա համարում: