«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը, որը ՌԴ նախագահի աշխատակազմի հրավերով մայիսի 9-ին Կարմիր հրապարակում ներկա է գտնվել ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 80-ամյակի զորահանդեսին, «Հայելի» ակումբում անդրադառնալով զորահանդեսի քաղաքական կողմին՝ նշել է. «Զորահանդեսի քաղաքական կողմն այն էր, որ կարելի է ասել՝ Չինաստանի ղեկավարը Վլադիմիր Պուտինի հետ համատեղ էր ընդունում զորահանդեսը: Դա նշանակում է, որ այսօրվա աշխարհաքաղաքական իրավիճակում եւ Արեւմուտք-Ռուսաստան բախման գործընթացում Չինաստանը իր վերաբերմունքն է ցույց տալիս: Եվ մասնակցությունն այդ զորահանդեսին մեսիջ էր աշխարհին, թե ինչպիսի պրոցեսներ կան, ինչպիսի համագործակցություն կա: Մասնակցությունը զորահանդեսին, բնականաբար, նաեւ զենքերի ցուցադրություն է: Բայց այդտեղ շատ կարեւոր է նաեւ քաղաքական կողմը, որտեղ Հայաստանը, փաստացի, զորախումբ չէր ներկայացրել: Դա Նիկոլ Փաշինյանի պատճառով էր: Ինչպես ասում են, տնից մեկն է մասնակցում: Եվ նա Ալիեւի փոխարեն ընդունում էր ադրբեջանական զորախմբին Կարմիր հրապարակում:
Ես մի բան ասեմ, որ կադրից դուրս է մնացել: Միակ զորախումբը, որ սխալ թույլ տվեց մարշի ժամանակ, ադրբեջանական զորախումբն էր՝ իրենց, այսպես կոչված, «սպեցնազը»: Քայլելու ժամանակ մի հոգի ձեռքից գցեց ավտոմատը եւ ամբողջ շարքերը խախտվեցին: Եվ այդ զորախումբը միայն Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության արդյունքում է նաեւ մեզ պարտության մատնեց:
Նիկոլ Փաշինյանը աշխարհաքաղաքական թափառաշրջիկի կարգավիճակ ուներ եւ խոժոռ դեմքով նստած էր մի մութ անկյունում: Հոնքերը կիտել էր, բայց լացը չտեսա: Համարյա այդպիսի պատկեր էր:
Կարելի է ասել, որ մենք Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական դաշնակից ենք գոնե փաստաթղթերով: Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ արել է, որ այդպես չլինի: Նաեւ ՀԱՊԿ-ի անդամ ենք: Ճիշտ է՝ Նիկոլ Փաշինյանը սառեցրել է անդամությունը: Բայց այդ առումով շատ զարմանալի է, որ մենք չենք մասնակցում ՀԱՊԿ-ին այսօրվա իրողությունները հաշվի առնելով, որովհետեւ այդուհանդերձ, Հայաստանը ռուսական անվտանգային համակարգի հետ միեւնույն շրջանակի մեջ է եւ առնվազն տարօրինակ է, որ մենք չենք մասնակցում:
Կարդացեք նաև
Դա Նիկոլ Փաշինյանի արեւմտյան տերերի հրահանգն է երեւի: Հիշում եք՝ որոշ ժամանակ առաջ այնտեղից ցուցում եկավ, որ հանկարծ չմասնակցի մայիսի 9-ի զորահանդեսին: Նիկոլ Փաշինյանը մասնակցեց, բայց զորախումբ չտարավ, իսկ Ադրբեջանը հակառակն արեց… Բայց ինքը զորախումբ ուղարկեց: Եվ հաղթողի տրամաբանությամբ իրենք մասնակցեցին մայիսի 9-ի տոնակատարությանը: Եվ դա այն դեպքում, երբ Ադրբեջանը, հայերի հետ համեմատությամբ, մեղմ ասած, ոչ համադրելի մասնակցություն ունի ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում»,-ասել է Անդրանիկ Թեւանյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ