«Ես, ի տարբերություն Հայկ Կոնջորյանի՝ որևէ բան մերկապարանոց չեմ խոսում, որևէ բանի դիվահարված չեմ արձագանքում, ես խոսեցի չոր պողպատե փաստերի մասին»,- լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի՝ իր հայտարարությունների վերաբերյալ արձագանքին, ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Նա կրկնեց այն, ինչ խորհրդարանի ամբիոնից էր հայտարարել․ «Հայփոստի մոտավորապես 3 հազար աշխատակիցներ շատ ավելի ցածր աշխատավարձ են ստանում՝ միջինը տարեկան 1,8 միլիոն դրամ, բայց Հայկ Կոնջորյանի կինը ստացել է շատ ավելի բարձր աշխատավարձ։ Հետո դարձել է Հայփոստի ղեկավար։ Ես հարցրել եմ՝ կա՞ կոռուպցիոն ռիսկ, որ թռիչքային աճը հենց Հայկ Կոնջորյանի կինը լինելու հանգամանքով է պայմանավորված։ Քաղաքական խոսույթը վիրավորանքների վերածելը ոչ միայն բարոյական չէ, մարդկային չէ, ոչ միայն հակաէսթետիկ է, այլև մի քիչ նիկոլական է։ Ես պարզ հարցադրում եմ հնչեցրել՝ կա՞ կոռուպցիա, թե՞ ոչ։ Դրանից հետո սկսեց ինձ թիրախավորել»։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ունի՞ երեք բնակարան ինչպես Հայկ Կոնջորյանն է պնդում, Թագուհի Թովմասյանը պատասխանեց․ «Ուզում եմ Հայկ Կոնջորյանին, Նիկոլ Փաշինյանին և մյուսներին հայտարարել, որ ես՝ «Ժողովուրդ» օրաթերթի հիմնադիրս, այո, ունեմ բնակարաններ, որից մեկը «Ժողովրդի» խմբագրությունն է։ Մինչև ամուսնանալն ունեցել եմ երկու բնակարան, ամուսնանալուց հետո ամուսնուս հետ գնել ենք ևս մեկ բնակարան։ Հիմա երեքն ունեմ, առաջիկայում պատրաստվում եմ գնել չորրորդը՝ եկամտահարկի օրենքից օգտվելով։ Պետք լինի՝ հինգերորդն էլ կառնեմ, որովհետև ես իմ հայրենիքում եմ պատկերացնում իմ հետագա կյանքը»։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ լրագրող լինելով ինչպե՞ս է կարողացել այդ բնակարանները ձեռք բերել, Թագուհի Թովմասյանը պատասխանեց․ «Եթե Հայկ Կոնջորյանը լավ լրագրող լիներ, ինքն էլ կկարողանար ունենալ բնակարան, և ես՝ որպես թերթի հիմնադիր, գուցե իրեն էլ այդ ժամանակ ընդունեի աշխատանքի, ինչպես իրենց խմբակցությունից մի քանիսին։ Կստանար բարձր աշխատավարձ և ինքն էլ կկարողանար բնակարան գնել՝ ինչպես մեր մյուս աշխատակիցները»։
Կարդացեք նաև
Լրագրողները հիշեցրին՝ Հայկ Կոնջորյանն ասում է՝ Թագուհի Թովմասյանն այդ բնակարանը ձեռք է բերել մինչև պատգամավոր դառնալը, Թագուհի Թովմասյանն ի պատասխան ասաց․ «Այո, ոչ թե ձեր նման մանդատ եմ ստացել, իշխանության եկել, հետո տների տեր դարձել։ Ես կայացած եմ եղել մինչև պատգամավոր դառնալը»։
Պատգամավորը վստահեցրեց՝ ինչ ունեմ, օրինական հիմքերով գնված, հիփոթեքով գնված բնակարաններ են․ «ԱԱԾ-ն ստուգել է, ՊՊԾ-ն ստուգել է, ՊԵԿ-ը ստուգել է, ռազմական ոստիկանությունը ստուգել է։ Բոլոր պետական մարմիններն ինձ 2018-ից սքանինգ են արել։ Հիմա իմ վրա, որ մի բան լիներ, ինձ վաղուց Նիկոլ Փաշինյանը կալանավորել էր։ Երեք բնակարան ունեմ, չորրորդն էլ առնելու եմ, հարց լինի, բոլոր հարցերին կպատասխանեմ»։
Հարցին՝ հայրենի Վարդենիսում տուն կառնե՞ք, Թագուհի Թովմասյանը պատասխանեց «Վարդենիսում մենք տուն ունենք, բայց իմը չէ»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ