Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը և Գերտ Յան Կուպմանը անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընթացիկ փուլին

Մայիս 13,2025 17:06

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը կարևորել է Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների զարգացումը և ընդգծել ՀՀ Կառավարության հանձնառությունը՝ խորացնելու և ընդլայնելու համագործակցությունը բոլոր ուղղություններով: Վարչապետն ընդգծել է, որ ԵՄ հետ համագործակցությունը կառուցվում է փոխադարձ հարգանքի, ընդհանուր արժեքների և գործընկերության հիմքի վրա, որի առանցքում ժողովրդավարության ամրապնդումն ու օրենքի գերակայության ապահովումն են։

Գերտ Յան Կուպմանը իր հերթին բարձր է գնահատել Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունները՝ ընդգծելով, որ ԵՄ-ը դիտարկում է Հայաստանը որպես վստահելի և արժանահավատ գործընկեր։ Նա դրական է գնահատել վերջերս ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքին՝ նշելով, որ դա կարևոր ուղերձ է, որը վկայում է Հայաստանի եվրոպական ընտրության անկեղծության և հետևողականության մասին։ Կուպմանն ընդգծել է, որ ԵՄ-ն ողջունում է ՀՀ Կառավարության բարեփոխումների հավակնոտ օրակարգը եւ պատրաստ է հետևողականորեն աջակցել այդ գործընթացին՝ ընդլայնելով համագործակցությունը բոլոր այն ոլորտներում, որոնք նպաստում են Հայաստանի կայուն զարգացմանն ու քաղաքացիական հասարակության զարգացմանը։

Զրուցակիցները հանգամանալից անդրադարձ են կատարել Հայաստան-ԵՄ հարաբերությունների ընթացիկ փուլին, այդ թվում՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ընթացքին, տնտեսական և ոլորտային համագործակցությանը, թվայնացման, կանաչ էներգիայի, կրթության, ենթակառուցվածքների զարգացման և ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ տարվող աշխատանքներին։

Այս համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են 2024 թվականին Բրյուսելում հայտարարված Դիմակայունության և աճի պլանի ներքո 2025-2027թթ. համար նախատեսվող միջոցառումներին՝ ընդգծելով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ ակտիվ համագործակցության անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող խնդիրներ, մասնավորապես, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին առնչվող հարցեր:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031