Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Հովսեփյան. «Եթե այսօր Գևորգի մորը մեղադրում են, որ ինքը դատական իշխանությունն է հեղինակազրկում, մեղադրանք է ինստիտուտին»

Մայիս 13,2025 18:18

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Փաստինֆո». Բարձրագույն դատական խորհրդում հարցուպատասխանի ընթացքում Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Նաիրա Հովսեփյանը հետաքրքրվեց՝ իրեն մեղադրում են դատական իշխանության հեղինակությունը չպաշտպանելու, թե հեղինակազրկելու մեջ, ինչին ի պատասխան Արդարադատության նախարարության ներկայացուցիչը նշեց՝ վերագրվում է դատավորի վարքագծի ընդհանուր կանոնների խախտում։ Ըստ ԱՆ-ի՝ վարույթների նպատակն է պաշտպանել դատական իշխանությունը։

«Ումի՞ց եք պաշտպանում դատական իշխանությունը, ես չեմ հասկանում մեղադրանքը, որ պաշտպանվեմ»,- նշեց Նաիրա Հովսեփյանը՝ դիմելով նախարարության ներկայացուցչին, ինչին արձագանքելով՝ ԱՆ ներկայացուցիչը հայտնեց, որ վերագրվում է դատական իշխանությանը հեղինակազրկելը։

Հարցուպատասխանի ընթացքում Նաիրա Հովսեփյանն ընթերցեց միջնորդության մեջ նշված հիշատակումը՝ ԲԴԽ նախորդ որոշումից, համաձայն որի՝ իրեն կարգապահական պատասխանատվության չեն ենթարկել՝ հաշվի առնելով իր կյանքում անձնական բացառիկ հանգամանքների գոյությունը՝ «դատավորի որդու զոհվելը»։

«ԲԴԽ որոշման մեջ նշված է՝ դատավորի որդու «անմահանալը», ինչո՞ւ եք գրել զոհվել (դատավորի որդին զոհվել է 44-օրյա պատերազմի ժամանակ- խմբ) բառը, իմ որդին զոհ չէ, նպատակը ո՞րն է այդպես գրելու, ինձ ցավեցնե՞լը»,- նշեց Նաիրա Հովսեփյանը։

ԱՆ ներկայացուցիչը արձագանքեց, որ հատուկ նպատակ չի եղել, եթե ցավեցրել են, ապա ներողություն են խնդրում։

ԲԴԽ նիստի ընթացքում Նաիրա Հովսեփյանը պարբերաբար հուզվել է, արտասվել։

Հարցուպատասխանից հետո կողմերը հանդես եկան եզրափակիչ ելույթներով, որի ընթացքում Նաիրա Հովսեփյանը կրկին խոսեց որդուց՝ ինչպես նախորդ գործի քննության ժամանակ։

«Այսօր ինձ համար տխուր օր է, շատ տխուր, նրանով չէ տխուր, որ ես ԲԴԽ-ում եմ, ինձ համար այս դահլիճը շատ լավ դահլիճ է, որովհետև մեր դատական իշխանությունն է խորհրդանշում։ Ցանկացած դատավորի հետ կարող է նման բան կատարվել, բայց տխուր է ինձ համար այնքանով, որ ինձ մեղադրեն, որ ես հեղինակազրկում եմ դատական իշխանությունը ոչ թե նրա համար, որ ես 29,5 տարվա դատավոր եմ, այլ որ ես Գևորգի մայրն եմ, ու Գևորգն այստեղ է, տանջվում է Գևորգս։ Հետաքրքիր է՝ ինչ պիտի անեի, էլ ո՞նց պիտի պահեի դատական իշխանությունը։ ԲԴԽ-ն 10 ձայնով որոշում է կայացրել, 2020-2024 թթ․ պատերազմից հետո իմ աշխատանքը կատարվել է թերացումներով, սա հաստատված փաստ է։ ԱԺ ընտրությամբ, ՀՀ նախագահի հրամանագրով, ԲԴԽ որոշմամբ ընտրվել եմ Վճռաբեկ դատարանի դատավոր, այսինքն՝ պետությունը գտել է, որ ես արժանի եմ գտնվելու դատավորի պաշտոնում՝ ոչ միայն գիտելիքներով, այլև՝ իմ բարոյական կերպարով։ Հերոսի մայր լինելը սովորական ֆիզիկական անձ չէ, դա հավաքական կերպար է, ինստիտուտ է և եթե այսօր Գևորգի մորը մեղադրում են, որ ինքը դատական իշխանությունն է հեղինակազրկում, մեղադրանք է ինստիտուտին»,- նշեց Նաիրա Հովսեփյանը՝ հավելելով, որ շնորհակալության, խոնարհումի փոխարեն ԱՆ-ն իրեն մեղադրում է․ «Նպատակը ո՞րն է, որ ես ընկնեմ դեպրեսիայի մեջ, չկարողանա՞մ աշխատել»։

Հովսեփյանը միջնորդեց կարճել վարույթը, որովհետև ԲԴԽ նախորդ որոշումը եղել է նույն հանգամանքներում։

Կողմերին լսելուց հետո ԲԴԽ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Որոշումը կհրապարակվի հունիսի 2-ին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031