«Բազմաթիվ են դեպքերը, երբ մեր հաստատությունների կողմից արձանագրվում են անհամաչափ ուժի գործադրման դեպքեր»,- խորհրդարանում հայտարարեց մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառմանը։
Նաև մտահոգություն հայտնեց՝ հավաքների ընթացքում հատուկ միջոցների կիրառումը շարունակում է բազմաթիվ հարցեր առաջացնել ցանկացած հատուկ միջոցի կիրառումից հետո․ «Մասնավորապես խնդրահարույց է հանրությանը բավարար տեղեկատվության չտրամադրումը հատուկ միջոցների կիրառման ձևաչափերի, կանոնակարգի գործադրման հետ կապված, հանրության հետ ոչ պատշաճ հաղորդակցության և այլնի մասով»։
Անահիտ Մանասյանը նաև մտահոգություն հայտնեց քրեական հետապնդումների բացակայությունների մասով՝ իրավապահ մարմինների այն ներկայացուցիչների նկատմամբ, որոնք ենթադրաբար կարող են կասկածվել ոստիկանության կողմից անհամաչափ ուժի գործադրման և այլ արարքների համատեքստում․ «Քրեական հետապնդման բացակայությունն իրապես հանրային ընկալման տեսանկյունից կասկածներ է հարուցում թե անկողմնակալության, թե պրոֆեսիոնալիզմի առումով։ Հետևաբար պատասխանատվության անխուսափելիության խնդրին պետք է առաջնահերթ ուշադրություն ցուցաբերել»։
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը փաստեց՝ զինծառայողների՝ զինված ուժերում մահացությունների դեպքերը հիմնականում հիվանդությունների պատճառով են, և հարցրեց՝ ի՞նչ է ցույց տալիս իրենց վիճակագրությունը՝ նրանք ծառայության ընթացքո՞ւմ են ձեռք բերում այդ հիվանդությունները, թե՝ կյանքի հետ անհամատեղելի հիվանդությունների պայմաններում զորակոչվում են և բանակում մահանում, Անահիտ Մանասյանը պատասխանեց․ «Մենք վիճակագրություն չենք վարում։ Այստեղ միանշանակ բժշկական օգնության և սպասարկման բարելավման անհրաժեշտություն կա։ Կուզենամ նաև արձանագրել՝ մենք չենք կարող բացահայտել այդ հանգամանքն առանց քննության, թե հիվանդությունը ո՞ր պահին է ձեռք բերվել։ Բայց ամեն դեպքում անկախ նրանից՝ հիվանդությունը ձեռք է բերվել մինչև զորակոչվելը, թե՝ զինծառայության ընթացքում, բայց անձի առողջության պաշտպանության պարտականությունը պետությունն է կրում»։
Կարդացեք նաև
Թագուհի Թովմասյանը նաև խնդրեց գնահատական տալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի՝ իր նկատմամբ պահվածքին, ՄԻՊ-ը պատասխանեց․ «Իմ տեսանկյունից քաղաքական բանավեճում ներգրավվելն արգելված է»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ