«Ես՝ որպես ՄԻՊ, ճիշտ չեմ համարում այն իրավիճակը, երբ ազատությունից զրկումը չի ծագել անմիջապես ծագած կասկածի հիման վրա, և անձին ազատությունից զրկել են տնային հագուստով, որը ըստ անձի օգտագործվում է նաև որպես գիշերազգեստ և հողաթափերով։ Այդ առումով մի անգամ էլ կոչ եմ անում մեր իրավապահ մարմինների գործընկերներին և ոչ միայն նրանց, բոլորին, որ կարողանան ցուցաբերել պատշաճ զգայունություն, քանի որ վատ վերաբերմունքի կանխարգելումն ընդհանրապես կապ չունի, թե անձն ինչ արարք է կատարել։ Նույնիսկ ամենածանր արարք կատարած անձը պետք է զերծ լինի վատ վերաբերմունքի որևէ տեսակի դրսևորումից»,- խորհրդարանում, ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցերի, հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Անահիտ Մանասյանը։
Ագնեսա Խամոյանը հետաքրքրվեց՝ որքանո՞վ է իրավաչափ, ի վերջո բարոյական քաղաքացուն՝ այս դեպքում լրագրող Լիլիթ Աղեկյանին բերման ենթարկել գիշերազգեստով և հողաթափերով․ «Դատապարտո՞ւմ եք, թե ոչ այն հանգամանքները, որի շրջանակներում բերման է ենթարկվել Լիլիթ Աղեկյանը, որը մեղադրվում է խուլիգանության մեջ, ոչ թե մանկապղծության, ոչ թե մարդասպանության մեջ»։ Անահիտ Մանասյանն ասաց, որ նշված գործի հետ կապված հանդիպել են տիկին Աղեկյանի և նրա հարազատների հետ․ «Պահանջել եմ նրանց ներկայացրած բոլոր բողոքները քննարկել, և որ վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում պետք է պատշաճ գնահատականի արժանանա։
Ագնեսա Խամոյանը հարցրեց՝ կարո՞ղ ենք արձանագրել, որ Դուք նաև Ձեր արձանագրության ժամանակ կդատապարտեք տեղի ունեցածը․ այդ ձևակերպումը կարո՞ղ ենք լսել Ձեր շուրթերից, Անահիտ Մանասյանն այսպես արձագանքեց․ «Ես հատուկ նշեմ՝ առաջին հերթին պարզաբանում ենք պահանջել եղելության հետ կապված։ Պետք է լսենք բոլոր կողմերին։ Արդեն նշեցի, որ ես ճիշտ չեմ համարում կնոջը հնարավորություն չտալ փոխելու տնային հագուստը, որն օգտագործվում է որպես գիշերազգեստ, և հողաթափերը և այդ ձևաչափով տեղափոխել համապատասխան վայր։ Եթե ասում եմ՝ ճիշտ չէ, նշանակում է մտահոգված եմ և դատապարտում եմ»։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն էլ նկատեց․ «Ճիշտ չհամարելը և դատապարտելը տարբեր բաներ են։ Լավ կլիներ, որ համարձակ գնահատական տայիք և չվախենայիք»։
Կարդացեք նաև
Անահիտ Մանասյանն էլ արձագանքեց․ «Իմ համարձակության և վախենալ- չվախենալու հարցին պատասխան տվել են այն բոլոր պրոֆեսիոնալ գնահատումները, որոնք անցել եմ ոչ միայն ՀՀ-ում, այլև տարբեր միջազգային աշխատանքներում, հետևաբար հարկ չեմ համարում այստեղ ինչ-որ բան ապացուցել։ Այդ գնահատումներն ինձ համար շատ կարևոր են»։
Գառնիկ Դանիելյանն էլ ի պատասխան ասաց․ «Մտահոգվել իրեն կարող է թույլ տալ մարդը, որը պետական պաշտոն չի զբաղեցնում, իր համար նստած մտահոգվում է։ Դուք ոչ թե մտահոգություն պետք է հնչեցնեք, այլ կոնկրետ գնահատական տաք կոնկրետ օղակների կողմից տարվող աշխատանքին։ Որ ուզում եք ցույց տալ՝ ավելի շատ գիտելիքներ ունեք, նենց չի, որ հավակնում եմ այդ ասպարեզում առաջինը լինել։ Ձեր մասնագիտությունն է, Ձեզ հետ մրցելու խնդիր էլ չունեմ»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ