Լրահոս
Օրվա լրահոսը

Գրականություն և պատմություն՝ մեկ էսսեով. ինչո՞ւ է միասնական էսսեն խնդրահարույց

Մայիս 13,2025 22:55

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Նախորդ ուսումնական տարում ԿԳՄՍ նախարարության փորձնական ծրագրով Տավուշի մարզի բոլոր դպրոցների 9-րդ դասարանն ավարտող աշակերտները հանրակրթության նոր չափորոշչի ներդրման շրջանակում առաջին անգամ «Հայոց պատմություն» և «Գրականություն» առարկաներից քննություն հանձնեցին միասնական էսսեի ձևաչափով։

Այս տարի ևս, համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2025 թվականի մայիսի 12-ի՝ 1079-Ա/2 հրամանի, Տավուշի մարզի բոլոր դպրոցներում 9-րդ դասարանի աշակերտները «Հայոց պատմություն» և «Գրականություն» առարկաներից բանավոր քննություն տալու փոխարեն քննություն կհանձնեն միասնական էսսեի ձևաչափով։ Իսկ 2026–2027 ուսումնական տարում այս ձևաչափը կներդրվի ՀՀ ամբողջ տարածքում։

Նախ եկեք հասկանանք, թե ի՞նչ է էսսեն և արդյոք այն միասնական ձևաչափով կիրառելի է «Հայոց պատմություն» և «Գրականություն» առարկաների համար։

Էսսե, հայերեն՝ փորձագրություն (լատ.՝ exagium — «կշռադատել», անգլ.՝ essay — «ակնարկ, հոդված, փորձ», ֆր.՝ essai — «ակնարկ, փորձ»), գրականագիտության ժանրերից մեկն է։ Դա ազատ ոճով գրված և հեղինակի խորհրդածություններով հագեցած ակնարկ կամ հոդված է, որը նվիրված է որևէ կոնկրետ ստեղծագործության կամ գրողի վաստակի ընդհանուր բնութագրմանը։

Էսսեի բնորոշ օրինակներ են՝ Ավ. Իսահակյանի «Միքայել Նալբանդյանի անմահ հիշատակին», «Տարաս Շևչենկո» և այլ հոդվածներ, Գ. Զոհրապի «Ծանոթ դեմքեր» շարքը, Մ. Մեծարենցի «Նարեկացիին հետ» հոդվածը։ Արևմտահայերը այս ժանրը կոչել են «դիմաստվեր» (օրինակ՝ Հ. Ասատուրի «Դիմաստվերներ» գիրքը)։

Էսսեն ունի երեք փուլ՝ սկիզբ, միջնամաս և ամփոփում։

Ստացվում է, որ էսսեն գրականագիտության ժանրերից է և, այո՛, կիրառելի ձևաչափ է «Գրականություն» առարկայի դասավանդման մեթոդիկայում։ Իսկ թե որքանով է այն արդյունավետ փոխարինելու «Գրականություն» առարկայի բանավոր քննությանը՝ ես չեմ կարող ասել, քանի որ գրականագիտության մասնագետ չեմ։ Այս հարցին թող պատասխանեն գրականության մասնագետները։

Ես խնդիրը կդիտարկեմ պատմության դասավանդման մեթոդիկայի տեսանկյունից։

Ո՞րն է 9-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի բանավոր քննության նպատակը։

9-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի բանավոր քննությունն ուղղված է վերլուծական մտածողության, բառապաշարի, ինքնարտահայտման հմտությունների, ինչպես նաև՝ առարկայական գիտելիքների ստուգմանը։

1.Բանավոր քննությունը հնարավորություն է տալիս պարզել՝

  • սովորողն ինչքանով է հասկացել, այլ ոչ միայն հիշել թեման,
  • սովորողն որքանով է պատկերացնում պատմական իրադարձությունների միջև կապը,
  • սովորողն ինչպիսի՞ պատմաքննական-վերլուծական կարողություն ունի։

2.Բանավոր քննությունը զարգացնում է սովորողի՝

  • գրագետ խոսելու կարողությունը,
  • պատմական տերմիններով արտահայտվելու կարողությունը,
  • սեփական տեսակետը ձևակերպելու և պաշտպանելու կարողությունը։

3.Բանավոր քննությունը տալիս է բաց հարցեր, որոնց պատասխանները պահանջում են՝

  • տարբեր պատմական աղբյուրների համադրում,
  • պատճառահետևանքային կապերի բացահայտում։

«Հայոց պատմություն» առարկան, ըստ նոր չափորոշչի, ունի նաև քաղաքացիակրթական նպատակներ, իսկ այդ համատեքստում բանավոր քննությունը ստուգում է՝

  • արդյոք սովորողն ունի պատմական մտածողություն,
  • արդյոք նա հասկանում է պատմության դերը ինքնության, հիշողության և արժեքների ձևավորման ու պահպանման գործում։

Այսինքն՝ սա քննություն է ոչ միայն անցյալի, այլև ներկայի մեջ գիտակից ապրելու կարողության մասին։

 

Ինչո՞ւ չի կարելի «Հայոց պատմություն» և «Գրականություն» առարկաների առանձին բանավոր քննությունները փոխարինել և կաղապարել միասնական էսսե գրելու ձևաչափի շրջանակներում

Ստորև ներկայացնում եմ հիմնական պատճառները, թե ինչո՞ւ է էսսեի միասնական ձևաչափը խնդրահարույց՝ հատկապես այս երկու առարկաների պարագայում։

  1. Առարկայական և բովանդակային տարբերությունները

Գրականագիտությունը հիմնվում է գեղարվեստական տեքստերի վերլուծության, գրական կերպարների բնութագրման, հեղինակային գաղափարների ընկալման և վերլուծության վրա։

Պատմությունը հիմնվում է պատմագիտական և աղբյուրագիտական փաստերի, պատճառահետևանքային կապերի, ժամանակագրական գործընթացների վերլուծության վրա։

  1. Գրականագիտական վերլուծությունն ու պատմագիտական վերլուծությունը ունեն տարբեր մեթոդներ

Էսսեն՝ որպես գրականագիտական ժանր, կենտրոնանում է զգայական ընկալման, խորհրդանշական վերլուծության, լեզվական և ոճական արտահայտչամիջոցների վրա, իսկ պատմությունը հիմնվում է աղբյուրների վերլուծության, փաստերի համադրության վրա և մերժում է գեղարվեստական շարադրանքի դրսևորումները։

ԱՄՓՈՓՈՒՄ

Էսսեի միասնական ձևաչափը կիրառելի չէ «Հայոց պատմություն» և «Գրականություն» առարկաների քննության համար, որովհետև՝

  • այն անտեսում է առարկայական, բովանդակային և մեթոդաբանական տարբերությունները,
  • չի ապահովում արդար և հավասար գնահատում,
  • խոչընդոտում է յուրաքանչյուր առարկայի իրական նպատակների բացահայտմանը։

Հետևաբար, նման մոտեցումը կարող է հանգեցնել ձևական արդյունքների և նվազեցնել քննության բովանդակային արժեքը։

Միասնական էսսեն չի կարող արդյունավետ կերպով ծածկել երկու առարկայի վերջնարդյունքները։

 

Վանո Կարապետյան

Պատմաբան, կրթության հարցերով անկախ փորձագետ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031