Պատանի հանդիսատեսի թատրոնի ամբողջ աշխատակազմն այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել: Այստեղ երեք օր առաջ իմացել են, որ Երեւանի քաղաքապետարանը, որի ենթակայության ներքո գործում է թատրոնը, աշխատանքից ազատել է տնօրեն Էմին Թորոսյանին: Թատրոնի կոլեկտիվն այդ հրամանը համարում է անհիմն եւ պահանջում է վերանայել այն:
«Մենք բոլորս գոհ ենք մեր տնօրենի աշխատանքից եւ մի մարդու նման կանգնած ենք նրա թիկունքին, որպեսզի չզրկվենք բանիմաց, աշխատող, պրոֆեսիոնալ ղեկավարից»,-ասում են թատրոնի մարդիկ:
Նրանք արդեն երեք օր սպասում են, որպեսզի քաղաքապետարանի իրավասու պաշտոնյաները կամ նրանցից մեկը գա թատրոն, հանդիպի իրենց հետ, հիմնավորի ընդունված որոշումը, պատասխանի կոլեկտիվին հետաքրքրող հարցերին:
«Մենք չենք ուզում մտածել, որ տնօրենը մի գործ է արել, ինչի մասին մենք չգիտեինք եւ ինչի համար նրան հեռացրել են: Դրա համար պահանջում ենք հանդիպում քաղաքապետարանի համապատասխան պաշտոնյայի կամ պաշտոնյաների հետ: Հանդիպմանը անպայման պետք է մասնակցի նաեւ Էմին Թորոսյանը: Մենք ուզում ենք, որ այդ հանդիպման ժամանակ բոլորս նայենք միմյանց աչքերի մեջ: Եթե քաղաքապետարանից կհիմնավորեն իրենց ճշմարտացի լինելը, ապա մենք ինքներս տնօրենին դատի կտանք: Իսկ եթե չկարողանան, ապա պահանջում ենք, որպեսզի վերանայեն իրենց կայացրած որոշումը»,-ասում են թատրոնում:
Կարդացեք նաև
ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Սանթրոսյանը, դիմելով լրագրողներին, ասաց. «Արդեն 60 տարի՝ 1965 թվականից, աշխատում եմ այս թատրոնում: Կյանքում շատ հանցագործություններ եմ տեսել, հանցագործությունների մասին եմ լսել: Ո՛չ թատրոնում, դրսում: Բայց այսպիսի մեղադրա՜նք, իբրեւ հանցագործություն է, եւ պատժել այսպիսի՜ դաժանությամբ, աբսուրդ է: Ասելու բառ էլ չի գտնվում մի մարդու, մի տնօրենի, որից մենք շատ գոհ ենք, որը ոչինչ չի խնայում թատրոնի համար, ամեն ինչ անում է ազնիվ, մաքուր, քաղաքավարի: Այդպիսի մարդիկ երեւի պետք չեն: Մարդուն աշխատանքից հանել միայն նրա համար, որ նա հրավիրատոմս է տվել հաշմանդամություն ունեցող երեխաների՞ն, զինվորների՞ն, թոշակառուների՞ն:
Չի եղել այդպիսի բան, ես չեմ պատկերացնում, որ պլանավորեն, թե ում՝ քանի հրավիրատոմս պետք է տալ: Դա ի՞նչ դաժանություն է, ի՞նչ անմարդկային բան է: Թատրոն է: Բոլորը կարող են գալ հրավիրատոմսով: Պատկերացրեք, մարդը աշխատում է թատրոնում եւ հյուրեր ունի, ուզում է հրավիրել: Պետք է դիմի տնօրենին, նա՝ քաղաքապետարան, քաղաքապետարանը պետք է թույլ տա, թե երկու հրավիրատոմս տա՞ն:
Ի՞նչ են ուզում մեզանից: Իրենց մա՞րդն ունեն: Թող տանեն ուրիշ տեղ խոթեն: Ինչո՞ւ եք քանդում այս թատրոնը, ինչի՞ համար: 95 տարվա թատրոնն ինչի՞ համար եք ուզում քանդել: Ես չգիտեմ, մենք չգիտենք՝ ով է գալու: Օդում կախված անուններ արդեն լսել ենք: Բայց Էմինից լավ տնօրեն հազիվ թե գա, որովհետեւ նրանց գալու նպատակը այն չէ, որ թատրոնը ծաղկի, բարգավաճի, բոլոր տեսակ թերությունները վերանան, եթե կան: Նվիրված աշխատում ենք առավոտ-երեկո: Ի՞նչ եք ուզում: Թողեք աշխատենք էլի: Մենք վատ բան չենք անում: Մենք ներկայացում ենք խաղում երեխաների համար:
Եթե դուք մեր դեկորացիաները տեսնեք, տեսնեք, որ Էմինը առանց խնայելու անում է, տեսնեք՝ ի՜նչ զգեստներ ունենք: Վարագույրը բացվում է, երեխան նայում է չքնաղ տեսարանին ու գնում, մտնում է այդ հեքիաթի մեջ: Ի՞նչ եք ուզում: Փալաս-փուլո՞ւս կախենք, կոտրած նստարա՞ն դնենք: Չէ, դա մեր թատրոնի համար չի: Մենք պետք է ունենանք լավագույնը: Եվ Էմինը՝ որպես տնօրեն, դրա լավագույն ներկայացուցիչն է: Ու այդ տեսակ մարդուն աշխատանքից հանում եք աբսուրդ բանի համար: Ես չգիտեմ, ուրիշ տեղ կա՞, որ հրավիրատոմս տալու համար մարդուն աշխատանքից ազատեն:
Թող գան, նստեն, բացատրեն: քաղաքապետարանի այդ աշխատողները մի անգամ եկել ե՞ն, մեր ներկայացումներից մեկը նայե՞լ են, մեկն իր երեխայի ձեռքը բռնած եկել՞ է: Չէէէէ: Հազար տեսակի միջոցառում ենք կազմակերպում, իրենց հրավիրում: Մեկը գալի՞ս է: Որովհետեւ իրենց պետք է սրան հանել, նրան բերել, խոթել: Մենք ուզում ենք, որ մեր տնօրենը ինչպես աշխատել է, այնպես էլ շարունակի աշխատել: Նա դերասանականն ավարտել է, ռեժիսորականն ավարտել է, մենեջմենթն էլ է ավարտել»:
Թատրոնի աշխատակիցները Aravot.am-ին տեղեկացրին, որ տնօրենը անցած տարի հանձնել է ատեստավորման քննությունները, 100-ից հավաքել 100 միավոր: Եվ նա քաղաքապետ Տիգրան Ավինյանի ստորագրությունով հաստատված պետք է պաշտոնավարի մինչեւ 2028 թվականի դեկտեմբեր:
ՊՀԹ կոլեկտիվն Aravot.am-ին նաեւ տեղեկացրեց, որ որպես բողոքի ակցիա վաղվանից անժամկետ ներկայացումներ չեն խաղացվելու այնքան ժամանակ, մինչեւ քաղաքապետարանի համապատասխան պաշտոնյան կգա թատրոն եւ կպատասխանի իրենց բարձրացրած հարցերին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ