Բոլորովին վերջերս ՀԱՄԱԶԳԱՅԻՆ Հայ կրթական եւ մշակութային միության (հիմնադրամ) Գյումրու գրասենյակի նախաձեռնությամբ (Գյումրու գրասենյակի պատասխանատու՝ Արա Նախշքարյան) եւ աջակցությամբ, ՀԱՄԱԶԳԱՅԻՆ Հայ կրթական եւ մշակութային միության կենտրոնական վարչության բարձր հովանու ներքո, տպագրվեց Ռոբերտ Եսայանի «Արյան համաստեղություն» գիրքը։
Ներկայացնում ենք գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Կարինե Մարտիրոսյանի գրախոսականը՝ ժողովածուի մասին։
«ԻՆՔՆԱՄԱՔՐՄԱՆ ԽՈՐԱՆՆ Է ՃԱՆԱՊԱՐՀԸ ԲԱՌԻ»
«Իսկ ինքնությունս լռության քարե սահմանը հատել,
Բարձրանում է վեր՝ միավորելով ոգին փրկության». Ռոբերտ Եսայան
Կարդացեք նաև
Գուցե եղած-ներսում եռացող խոսքերի եւ խոհերի անսահման օվկիանից գրողի նախընտրած միակ ելքը՝ լռությունն է, որ հիմա հորդում է գրքի տեսքով, գուցե եւ անկասելի ձգտումն է դեպի լույսը, բայց անհերքելի է, որ այս ժողովածուն «չասված խոսքի շնչառությամբ» նրա վերելքն է՝ ամուր կառչած արմատներին։
Խոհերը բառ-ազատատենչ թռչնակից սահուն անցնում են գրողի մեծագույն ապրումին՝ Հայրենիքին։
«…Փաթաթվում եմ երկինքներով հայրենաբաղձ իմ հավքերի,
եւ բարձրանում ինքս ինձնից, ինչպես բառը՝ աղոթողից»։
Սա նաեւ անցումն է ընդհանուրից մասնավորին՝ իրադարձություններ, որ մեծ աշխարհի անկասելի երթի հենքին են թանձրանում։ Նրա՝ բառի, ինքնորոնման, հիշողության եւ խոհի փնտրտուքն անպայմանորեն անցնում է հայրենի կարոտ երակով՝ ճիշտ եւ ճիշտ համահունչ անցած ուղուն։ Եվ երիցս ճշմարիտ է շարքի խորագիրը, թե՝ «Ազատ հոգին երազով գերակա է տակավին»։ Արցախ, Շուշի, եւ միանգամից առնչակցումը՝ «հավատից ընկնում է մի խաչ հուշերի արյունոտ ձորում», բայց եւ զուգահեռ՝ «հավատից հնչում են երգեր, հառնում են խոյակ ու կամար»։ Ասել է՝ եթե անգամ նրա երազը բաց վերք է, միեւնույն է, հույսը չի մեռնում, որովհետեւ հար եւ միշտ «հրեշտակները երկիր են գալիս Արեւի կառքով»։ Արցախը՝ որպես սեր, որպես ապրում ու հավատ, որպես երկխոսության ակունք՝ բանաստեղծի եւ իր միջեւ։
«Քո լույսը հող է եւ ունի կշիռ,
եւ քո անձրեւը աստղատարափ է,
երկունքիդ լույսից այնպես երակվիր,
որ քո անցյալն ու գալիքը արբեն»։
Հայրենի հողը, ձգտումը լույսին եւ բառը ամենակարող. գրողն ինքն է խոստովանում. «Բառ փնտրելով, գտնում եմ դուռ,
հոգու լույս ու ազատություն,
բողբոջներս բաց երկինք են աղոթողի…»։
Ահա նրա տողերի հենքի թելերը, որ ոչ մի ակնթարթ չեն կորցնում պիրկ ոգին. չեն թուլանում երբեւիցե, եւ տենչում է մարդը քաոսի մեջ լույս, թե՝ «ցավի լույսով ե՛րգ եմ արարում»։ Սա ակունքն է մղումի, բառի երկունքի տողը, ցավի արտահայտումը բանաստեղծորեն ու մարդկայնորեն, եւ գրողի ինքնությունը, որ ի վերջո բանաձեւվում է՝ ներքին եւ արտաքին անընդմեջ պայքարի արդյունք որպես. «…լույսի բառերով կապույտ աղոթք է իմ ինքնությունը»։
Եվ կրկին. «Գուցե արյունս ուխտատեղի է
երազի համար եւ թռչունների»։
Ընթերցողը եւս ակամա անցնում է հար եւ նույն ճանապարհը՝ հեքիաթի թեւով, երազի բառով թե հիշողության. գրքում բոլոր տողերը եւ կառույցները պատկերավոր մտածողության անժխտելի պտուղներն են։
Եվ մայրերգություն, ու կարոտ այլեւս անվերադարձ մանկության.
« …մորս ձեռքն է համբուրում լուսայգը եւ տարածվո՛ւմ,
սլանում է երկինքը կարոտներիս թեւի տակ»՝
«Մայրս երգ է մրմնջացող, ժպիտ՝ հույսի կոպերով» խոսուն տողով, որ իր տրամաբանական շարունակությունն է ստանում արդեն հաջորդ՝ «Հիշողության ասուպներ» շարքում։
Եվ գուցե թե բավարար կլինի ընդամենը մեկ պատկեր՝ ներկայացնելու տողը հեղինակի տաք հուզապրումի.
«Երբ հենվում էր հայրս մտքին,
ինչպես՝ բահին,
իսկ թեւերը քշտած մայրս՝
լուռ խոնարհված իր տաշտաձեւ
օրվա վրա,
լվանում էր
իմ խաղերը փոշեթաթախ
եւ հոգսերը իր տնակյաց,
կամ երփներանգ հանդարտությամբ
ճմլում էր մի հին մտածմունք»,
«Հորս ճակատին՝ երազի սահանք,
Աչքերում՝ հաստատ վճի՜ռ կայծակի,
Նստում է քարին, քարը խորհո՛ւմ է,
ձեռքի անհամբեր ու տաք ճաքերում
երկար մնում է ճիչը սերմերի,
երկինքը կոպն է, խիղճը՝ բիբն աչքի,
հոգսը՝ մշտական աղոթատեղին»։
Ապա թե՝ «…Իմ կարոտն է դեռ երգում շնչառությամբ նռների», եւ երազ առ երազ արթնացող մանկության հուշեր, իսկ արդյունքում սահուն ու անխոչընդոտ ապահովվում է անցումը՝ կապը գրողի ու սեփական մանկության եւ հորիզոնը ճեղքող՝ դեռ անթագ արքա մի պատանու եւ գրողի միջեւ. միանում են բոլոր ժամանակները մեկ ժամանակի մեջ՝ այսօրվա։
Ամենակարեւորը՝ «Խոսում եմ,
եւ բառերը ստանում են
ձայն եւ տարածություն»։
Այնժամ հյուսվում է մանկության կապույտ երազ հեքիաթը.
«Ծխախոտի միջից
ներքաշեցի օրը՝
շիկացնելով հուշը օղակ-օղակ,
եւ հպեցի դեմքս ափիս մասունք-հողին,
որպես խղճի կնիք
ու փրկօղակ»։ Իսկ ամփոփումը. «Կյանքիս
ու երազիս վրա դողում է
ճակատագրի ձեռքը՝ կորցնելով
բաժանարար գիծը…»։
Հետո ցավն է հուշերի. «Հուշերիս պատերը ճանկռտում են քամիներն, ինչպես կատուներ…»։ Եվ էլ ինչ մանկություն, ինչ տուն ու ճակատագիր՝ առանց Արցախ աշխարհի, անուն, որ մշտակա է գրողի տողերում.
«Արցախը սկսվում է
ճառագայթներից… Հորս վերնաշապիկը
ճառագայթից կախված
հորիզոն է»։
Հայրենի տան, մանկության հուշերի շարքը, ի դեպ, ամբողջացվել է շուրջ չորս եւ ավելի տասնամյակների ընթացքում, սակայն նշված փաստը միայն թվագրությամբ է արտահայտվում, իսկ բանաստեղծությունները միասին պոեմի արժեք ունեն ներքին կապի շնորհիվ, եւ տարիների ընդհատումի մասին խոսք լինել չի կարող։
«Մի՜ շարժվիր.
իմ եւ քո շուրթերի միացման կետում
թռչնի բույն է հյուսվում. սեր կամ «Շշունջների երկինք» շարքը՝ «Ուզեցի բացել քեզ.
դու փակվեցիր,
ինչպես առեղծվածի վերք»՝ «Հավերժի բանալիով»։
Խոհի եւ փիլիսոփայության հիմքը «Ճակատագիր երկու ափերի միջեւ» շարքն է, եւ առանցքում մարդն է՝ հայացքն անսահման տարողունակ իրականությանը՝ մեկիկ-մեկիկ եւ ամբողջական ընդգրկումով, եւ ըստ այդմ էլ՝ գրողի հայացքի ներքո տրոփում է իրականության եւ, անշուշտ, մարդու հետ կապված ամեն ինչ։
Ինքնատիպ այդ մեկնակետին հեղինակը հասնում է քայլ առ քայլ.
«…Ես ապրո՞ւմ եմ,
թե՞ պարզապես հող եմ ցանում
բաց բիբերին տառապանքի», ապա՝
«Արդեն ճակատագրի միջանցքում եմ.
իմ միջով մտնում եմ
աղոթատեղի,
եւ բառերի միջեւ զորանում է
ազատությունս»,-վկայում է հեղինակը։
Ուշագրավ է ժողովածուն ամփոփող՝ «Արյան համաստեղություն» պոեմը՝ բաղկացած երեք մասից՝ «Ինքնության անդրադարձներ», «Կյանքը շրջանակից դուրս», «Երազը դուռն է ժամանակի»։ Սա հատվածական մի մղումով ասես դնում է ասելիքն ամբողջացնող վրձնահարվածները՝ սրտի դուռը բախող արյան ընդհատ-ընդհատ մղումի պես։ Սա երկարաշունչ բանաձեւի բերված՝ գրողի մտածողության ամբողջական ուղեծիրն է՝ ներսից դուրս եւ երկնքից երկինք, թե՝ «Ես ինձ չեմ շրջանցում։ Ես ինձ հաղթահարում եմ արյան կաթիլներով, որոնք որոնող աչքերն են իմ ճանապարհի», ապա եւ շարունակում. «Իմ մենությունը պտտահողմ է։ Ես իմ հիշողության երեւացող մասն եմ։ Իմ եւ իմ միջեւ սավառնում են հանգրվանները տիեզերքի։ …Ես առնչվում եմ տիեզերքի Ելքին… Ես իմ ժամանակն եմ»։
«Ե՜տ տար տողը՝
կափարիչը քաոսի, եւ կտեսնես՝
ինչպես է ծնվում ճանապարհը…»։
Մի կողմից՝ գրողի երկարուձիգ ճանապարհի նպատակակետը, հարկավ, ներդաշնակությունն է, որ երեւում է որպես վրձնահարված՝ ոգու կտավին։ Ինչ խոսք, լույսի թռիչքից ներշնչվող հեղինակին տրվել է ներքին դաշնը։ Մյուս կողմից՝ մեր օրերի շունչն է որպես հեւք ամենուր՝ տողատակում թե անթաքույց, հայի ճակատի գրից մինչեւ մեծ եւ փոքր տերությունների՝ հոգեւոր ու նյութական մրցավազք։ Եվ իբրեւ բոլոր տեսակի տարակույսների ամփոփում՝ Նժդեհին ձոնված քառատողն է եւ մոխրացած պատմության վերածնունդը. ինչ էլ որ լինի, Արցախից մինչեւ Անի, Շուշիից մինչեւ Գյումրի եւ մեծ հաշվով՝ Հայաստան, գծվում եւ վերագծվում է հույսը՝ հավատի, վերածննդի, հարության, ոգու ուժի եւ հաղթության մեկնակետերով, եւ ապրված տառապանքից լույս է ծնվում, լույս՝ երանելի եւ սպասված։
Կարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀԳՄ անդամ
«Առավոտ» օրաթերթ
13.05.2025