Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանում Սամվել Շահրամանյանը կայացրել է մեկ այլ հրամանագիր, որով անվավեր է ճանաչվել Արցախը լուծարելու մասին հրամանագիրը. Ռոման Երիցյան

Մայիս 14,2025 10:36

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Փաստաբան Ռոման Երիցյանի ֆեյսբուքյան գրառումը

Վստահ եմ՝ շատերդ գիտեք կամ հասկանում եք Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի կողմից հայկական երկրորդ պետությունը լուծարելու վերաբերյալ հրամանագիր կայացնելու դրդապատճառները։ Ոմանք նաև պատկերացնում են, որ որևէ պաշտոնյա, այդ թվում՝ պետության ղեկավարը, հրամանագրով պետություն լուծարելու լիազորություն չունի։

Այնուամենայնիվ, հանրության տարբեր շրջանակներ, հաշվի չառնելով անգամ այն, որ, այսպես կոչված, Արցախը լուծարելու վերաբերյալ հրամանագիրը, որպես իրավական ակտ, անգամ ուժի մեջ չի մտել, տարբեր եղանակներով շահարկել են այն, Սամվել Շահրամանյանին անվանել Արցախը լուծարող նախագահ և այլն։

Ավելին՝ հենվելով հրամանագրի բովանդակության վրա՝ ՀՀ-ում տարբեր անձանց, այդ թվում՝ արցախյան համայնքների ղեկավարներին և ավագանու անդամներին առաջադրվել են քրեական մեղադրանքներ՝ պատճառաբանելով, որ Արցախի պետությունն ու համայնքները լուծարված են, իսկ պաշտոնատար անձանց լիազորություններն էլ դադարեցված, հետևաբար նրանց կողմից այս կամ այն լիազորությունն իրականացնելը քրեորեն պատժելի է։

Ինչ-որ հրամանագրով Արցախի Հանրապետությունը լուծարված լինելու հարցին լուրջ վերաբերողների համար և հետագա շահարկումներից խուսափելու նպատակով Երևան տեղափոխվելուց հետո Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը կայացրել է ստորև հրապարկված մեկ այլ հրամանագիր, որով նույն հարթակում անվավեր է ճանաչվել 2023 թվականի սեպտեմբերի 26-ին ստորագրված Արցախը լուծարելու մասին հրամանագիրը։

Այս մասին Սամվել Շահրամանյանը պաշտոնական նամակով տեղեկացրել է Հայաստանի Հանրապետության իշխանությանը:

Սամվել Շահրամանյանի հրամանագիրը, որով անվավեր է ճանաչվել 2023 թվականի սեպտեմբերի 26-ին ստորագրված Արցախը լուծարելու մասին հրամանագիրը

Չնայած ո՛չ այս, և ո՛չ էլ Արցախը լուծարելու վերաբերյալ հրամանագրերը որևէ իրավական ուժ չունեն, երկուստեք հակասում են թե՛ Արցախի մայր օրենքին, թե՛ հրամանագրից բարձր իրավաբանական ուժ ունեցող այլ իրավական ակտերի դրույթներին, ուժի մեջ չեն մտել և հետևաբար որևէ հետևանք անգամ առաջացնել չեն կարող, այնուամենայնիվ, հրապարակում եմ ԱՀ նախագահի 659-Ն հրամանագիրը՝ բոլորին խնդրելով Արցախը լուծարված լինելու մասին այլևս չխոսել։

Հիշեցնում եմ նաև, որ Ադրբեջանը մոտ 30 տարի Շուշիի, Աղդամի և այլ համայնքների ղեկավարներ է ունեցել, ուստի տարածքային կորստով Արցախի էջը փակված մի՛ համարեք։
Մենք մերը հետ ենք ստանալու։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031