Լրահոս
Օրվա լրահոսը

Փոքր Առնո Բաբաջանյանի ու փոքր Մարտինի նույն ճակատագիրը ներկայացնող ֆիլմի հերոսն այսօր էլ շարունակում է դաշնակահարի իր հաղթարշավը միջազգային մրցույթներում և ուսումը նշանավոր համալսարաններում

Մայիս 14,2025 16:04

Արևմտյան մամուլից տեղեկացանք, որ շուրջ մեկ ամիս առաջ Ֆրանսիայի Պոնտուալ քաղաքում կայացած Piano Campus 23-րդ միջազգային մրցույթում շուրջ 100 մասնակից դաշնակահարներից Մարտին Շահբազյանը արժանացել է բրոնզե Piano Campus 2025 մրցանակի:

Հանդիպել երիտասարդ արվեստագետի հետ չհաջողվեց, փոխարենը պարզեցինք, որ Մարտինը ուսանում է ԱՄՆ-ում, Տեխասի նահանգի Ֆորտ-Ուերտ քաղաքի համալսարանում: Կապվեցինք դաշնակահարի հետ:

Կադր «Ստեղծագործելու բանաձև» ֆիլմից

Մինչ զրույցը ներկայացնելը՝ ասենք որ Մարտինին «Առավոտը» առաջին անգամ հանդիպեց 2014թ. «Ոսկե ծիրան» 10-րդ փառատոնի շրջանակներում մեծ հետաքրքրություն առաջացրած՝ կինոռեժիսոր Նիկոլայ Դավթյանի «Ստեղծագործելու բանաձև» ֆիլմի պրեմիերային ցուցադրումից հետո: Իհարկե, այս մասին ժամանակին տեղեկացրել ենք, բայց վստահ ենք, որ հիշյալ ֆիլմի սցենարի սեղմ հիշեցումը այսօր էլ կհետաքրքրի այն երաժշտասերներին, որոնք չեն դիտել ֆիլմը: Իսկ վերջինս պատմում է, թե ինչպես որոշ հանգամանքների բերումով մի «բարի քեռի» հայտնվում է բացառիկ երաժշտական ունակություններով օժտված 5-ամյա երեխայի կյանքում և այդ պահից, ինչպես ասում են, «ձեռքից բռնած վեր բարձրացնում» նրան: Այդ տաղանդավոր երեխան Առնո Բաբաջանյանն էր, իսկ «բարի քեռին»` Արամ Խաչատրյանը: Սցենարը զարգանում է այնպես, որ տեսնում ենք, թե ինչպես մեր օրերում մեկ այլ տաղանդավոր երեխայի կյանքում «բարի քեռի» չի հայտնվում: Ձեր համբերությունը շատ չչարաշահելու համար նշենք, որ այդ տաղանդավոր երեխան Մարտին Շահբազյանն է:

Հարց կծագի, թե ինչ կապ Առնո Բաբաջանյանի և Մարտինի միջև: Ֆիլմում բացատրությունը կա. երկուսն էլ 5 տարեկանում դաշնամուր չեն ունեցել և պատուհանագոգն են օգտագործել իբրև դաշնամուր, երկուսն էլ, ինչպես ֆիլմում է, անառարկելի տաղանդավոր են, շատ են սիրում ֆուտբոլ և շախմատ խաղալ, երկուսն էլ 12 տարեկանում առաջին անգամ երաժշտական մրցույթում լավագույնն են ճանաչվել… Միայն մեկ տարբերություն կա` Առնոյին Խաչատրյանը նկատում է Երևանում, իսկ Մարտինն ապրում էր Մոսկվայում, «բարի քեռիներից» աննկատ: Մի տարբերություն էլ կա` Առնոն մասնակցում էր միայն Խորհրդային Միությունում անցկացվող մրցույթներին, իսկ Մարտինը` նաև միջազգային:

Նշենք, որ Մարտինի կյանքում «բարի քեռին» հայտնվեց, երբ նա արդեն սովորում էր Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 3-րդ կուրսում, պրոֆեսոր Արմեն Բաբախանյանի դասարանում: Ի դեպ, նա առաջին ուսանողն էր, որ ERASMUS+ ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրի շրջանակում երեքամսյա դասընթացների է մասնակցել Ֆինլանդիայի Տուռկու քաղաքի կիրառական գիտությունների համալսարանում /TUAS/:

Մեզ հետ զրույցի ընթացքում Մարտինը նախ ասաց, թե 2001-ին, Երևանի կոնսերվատորիան ավարտելուց հետո, մեկնել է ԱՄՆ, ինչպես վերևում նշեցինք՝ Ֆորտ-Ուերտ քաղաքի համալսարան, զուգահեռ ուսանել է Ֆինլանդիայում: «Ֆորտ-Ուերտում ապրում և ուսանում եմ, ավարտել եմ մագիստրատուրան: Սա շատ մեծ ու հայտնի համալսարան է, որտեղ անցկացվում է Վան Քլայբերնի անվան դաշնակահարների ամենահայտնի մրցույթը: Ներկայումս աշխատում եմ «Արտիստ Դիպլոմա» հետմագիստրոսական կատարողական պրոֆեսիոնալ որակավորման ծրագրի վրա: Ուսուցման երեք տարին հետևում է, մնացել է մեկ տարի և ավարտելուց հետո կվերադառնամ հայրենիք», – հավաստիացրեց դաշնակահարը:

Խնդրեցինք փոքր-ինչ մանրամասն խոսել Ֆրանսիայում կայացած մրցույթի մասին: «Մասնակից 100 դաշնակահարներից կիսաեզրափակիչում էինք 10-ը: Սա եզակի մրցույթ է, որտեղ ժյուրիի 10 անդամները, կազմակերպիչները և իհարկե, կիսաեզրափակիչ անցած 10 արվեստագետներն ամեն օր անցկացնում էինք միասին, ջերմ ու մտերմիկ մթնոլորտում, ընթրում էինք, ճաշում միասին, մասնակցում վարպետաց դասերի, և այս ամենը ֆինանսավորվում էր մրցույթի կողմից: Նման հաճելի ու մասնագիտական առումով օգտակար օրեր անկացրինք մինչև առաջին փուլը սկսվելը:

Ծրագիրը հիմնականում ազատ էր, բայց ներառում էր պարտադիր մեկական ստեղծագործություն` Ռավելի Դաշնամուրի և նվագախմբի կոնցերտ և ֆրանսիացի կոմպոզիտոր Ռեգիս Կամպոյի, հատուկ մրցույթի համար գրված, դարձյալ Դաշնամուրի և նվագախմբի կոնցերտ: Ես այս և այլ ստեղծագործությունների թվում ընդգրկել էի նաև Բաբաջանյան: Մրցույթի ժյուրիի նախագահն էր աշխարհահռչակ Էմիլ Նաումովը: Ասեմ նաև, որ Հայաստանը ներկայացնող միակ հայ ներկայացուցիչն էի, ներկայացված էին Բելգիան, Կանադան, Ճապոնիան, Չինաստանը, Ռուսաստանը, Միացյալ Թագավորությունը և Ադրբեջանը: Բացի ֆինանսական մրցանակից, ստացա նաև հրավեր հաջորդ համերգաշրջանում Ֆրանսիայում ելույթներ ունենալու: Մրցանակների արժանացան նաև Չինաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները», -խոսքն ավարտեց Մարտին Շահբազյանը:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարներում` հայ դաշնակահարն արևմտյան մրցույթներում ու փառատոներում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031