«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը
Օրեր առաջ մի ուշագրավ հրապարակում եղավ OCCRP-ի (Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծ) կայքում այն մասին, որ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ադրբեջանի պետական նավթային ընկերության նավի նկատմամբ, որը մեղադրվում է ռուսական նավթ տեղափոխելու մեջ՝ շրջանցելով միջազգային պատժամիջոցները։ Նավը, որը պատկանում է ASCO-ին (SOCAR-ի դուստր ընկերություն), օգտագործվել է ռուսական ծագմամբ նավթը այլ անուններով ԵՄ հասցնելու համար։ Հետաքրքրական էր նաև նավի անունը՝ «Զանգեզուր»։ Ինչպես երևում է ադրբեջանական կողմի երևակայությունը միշտ հանգում է հայկական տեղանուններին․․․
Հետաքննությունը բացահայտում է, որ ռուսական նավթի տեղափոխումը հնարավոր է դարձել պետական մակարդակով աջակցությամբ, ինչը հարցեր է առաջացնում Ադրբեջանի՝ ԵՄ-ին որպես էներգետիկ գործընկեր ներկայացնելու ճշմարտացիության վերաբերյալ։
Նյութում նշված է․ «Մեծ Բրիտանիան մայիսի 9-ին հայտարարեց պատժամիջոցների մի լայն փաթեթ, որը ներառում էր հինգ ադրբեջանցու՝ ռուսական նավթի առևտրով զբաղվելու մեղադրանքով, ինչպես նաև երկու ընկերության անուն։ Բրիտանիայի վարչապետի գրասենյակը նշել է, որ պատժամիջոցները ուղղված են «մութ նավահանգստային ցանցի» դեմ, որը ղեկավարվում է Պուտինի մերձավորների կողմից և ֆինանսավորում է Ուկրաինայում Կրեմլի ապօրինի պատերազմը։
Կարդացեք նաև
«Զանգեզուր» նավը հայտնվել է պատժամիջոցների ենթարկված մոտ 100 նավերի ցանկում։ Պարզվել է, որ այն պատկանում է «Ադրբեջանի Կասպյան ծովային նավարկության ընկերությանը», որի 100% բաժնետոմսերը պատկանում են Ադրբեջանի կառավարությանը։
Մեծ Բրիտանիայի հայտարարությունը առաջին դեպքը չէր, երբ Ադրբեջանի անունը կապվում է ռուսական նավթի արտահանման հետ։ 2024 թվականի հուլիսին Global Witness-ը հրապարակեց տվյալներ, համաձայն որոնց՝ Ադրբեջանի պետական սեփականություն հանդիսացող STAR նավթավերամշակման գործարանը մշակել է մեծ քանակությամբ ռուսական հում նավթ։
Տվյալների համաձայն՝ 2024-ի առաջին երեք ամիսներին ԵՄ արտահանումները այդ գործարանից աճել են 40 տոկոսով՝ համեմատած 2022 թվականի նույն ժամանակահատվածի հետ, երբ սկսվեց Ուկրաինայի դեմ պատերազմը»։
Փաստացի, Ադրբեջանն ուղիղ մեղադրվում է ռուսական նավթ արտահանելու մեջ, իսկ որ մի քիչ էլ հետազոտեն ԵՄ գործընկերները շատ «պատահական» կհայտնաբերեն, որ իրենց «հուսալի գործընկերը» իրենց նաև ռուսական գազ է մատակարարում՝ քաղելով դրա թե՛ տնտեսական, և թե՛ քաղաքական օգուտները․․․