Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ ուզում լինել այն պաշտոնյաներից մեկը, որի արած սխալների պատճառով մեր թոռները պատասխան տան»․ Դավիթ Առուշանյանը՝ Շիրակի մայր բուհում

Մայիս 14,2025 19:15

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մարզպետը սկսեց իր հարազատ բուհից՝ Շիրակի պետական համալսարանից՝ դասախոսներին ու ուսանողներին խնդրելով իրեն հարց տալու ժամանակ չկաշկանդվել, ընդունել որպես բուհի նախկին ուսանողի։

«Չէի ասի բուհի լավագույն ուսանողներից էի»,-կատակեց Դավիթ Առուշանյանը՝ վկայակոչելով դահլիճում նստած իր դասախոսներից մեկին։

Մարզպետը ներկաներին մտահոգող տարբեր հարցերի պատասխանեց, անդրադարձավ թե՛ «Շիրակ» օդանավակայանի ծառայությունների ընդլայնման անհրաժեշտությանն ու տուրիզմի խթանմանը, թե՛ Գյումրու «Կումայրի» արգելոց թանգարանում գտնվող կառույցների պատմամշակութային տեսքին, թե՛ միջհամայնքային տրանսպորտ չլինելուն կամ վատ աշխատելուն։

Ի դեպ, սա ուսանողներին ամենահուզող խնդիրներից է, քանի որ շատերն են շրջակա համայնքներից ամեն օր գալիս համալսարան։

Չնայած օրակարգ չկար՝ բավական անկեղծ զրույց ստացվեց․ մարզպետին քաղաքական հարցեր չուղղվեցին։

«Նման հանդիպումները հնարավորություն են տալիս չինովնիկական կյանքից դուրս գալ, կտրվել կաբինետից, ոտները դնել հողին ու շփվել մարդկանց հետ, հասկանալ՝ մարդկանց խնդիրները, հատկապես երիտասարդների պարագայում նրանց մտածմունքը՝ իրենց մտքերն ու գաղափարները։ Հանդիպումների շարքը դրանով է պայմանավորված, դրանք որպես այդպիսին՝ օրակարգ չունեն, այդ օրակարգը այսօր մենք միասին կձևավորենք, կշփվենք միասին ազատ ու անկաշկանդ»,- ներկաներին ասաց Դավիթ Առուշանյանը։

Նա ասաց նաև, որ բարդ ժամանակահատված է ապրում Հայաստանը, ուսանողները հաստատ կունենան տանը քննարկած թեմաներ, որոնց պատասխանները չունեն, բայց որոշ չափով ինքը՝ որպես մարզպետ ունի։

Գրական հայերենով խոսող Դավիթ Առուշանյանը զրույցի կեսից մտափոխվեց․ անցավ Գյումրվա բարբառին։

«Լեննականի բարբառով խոսամ էլի, մեկ է՝ պաշտոնական մասն էղավ չէ՞ արդեն, կռնամ արդեն անցնիմ մեր խոսքին», -ասաց Դավիթ Առուշանյանը՝ հումորային մի պատմություն հիշելով։

«Երբ գնացինք Երևան, աղջիկս առաջ դասարան էր, դասատուին ասել էր՝ գիտեք ընկեր Սարգսյան, ես համ հայերեն կարող եմ խոսել, համ էլ Էրևանի բարբառով։

Մենք էլ համ հայերեն կարող ենք խոսել, համ գրական, համ էլ էլ Էրևանի բարբառով։

Ազգային ժողովում իմ խոսույթի մեջ անընդհատ Լեննագանի բարբառն եղել է, գործընկերներս՝ պատգամավորներն ասում էին՝ Առուշանյանը տեքստը որ կարդա՝ «կ»-ն «գ»-ով է կարդում, ամեն դեպքում մեր լեզուն է»,-ժպտալով վերհիշեց Դավիթ Առուշանյանը։

Նա ասաց, որ ժողովրդի հետ խոսել է պետք, որովհետև նրանք մտահոգ են երկրի, մարզի, քաղաքի ապագայով։

«Իր ցանկությունն է՝ այն տեղեկությունները, որոնք պաշտոնատար անձինք ունեն, զրույցի ընթացքում փոխանցեն ժողովրդին, որպեսզի նրանք էլ մի քիչ հանգիստ լինեն։

Ինչի՞ համար են այս հանդիպումները կարևոր, ես մի բան եմ հասկացել, որ մեր երեխեքը պատասխան տվեցին քառօրյա ու 44-օրյա պատերազմի ժամանակ՝ մեր մեծերի արած սխալների պատճառով։

Ես չեմ ուզում դառնալ այն պաշտոնյաներից, որի արած սխալների պատճառով մեր թոռները պատասխան տան։ Ես կուզեմ շատ բաներ միասին բաց խոսենք, այն սխալները, որ գուցե մենք արել ենք, դուք չանեք, գուցե այն պատկերացումները, որոնք մենք սխալ ենք պատկերացրել, դուք ավելի ճիշտ պատկերացնեք, ու սխալների համար որևիցե մեկդ որևէ ժամանակ պատասխան չտաք։ Իսկ այն, որ սխալների համար միշտ պատասխան կուտաք, կարող եմ վստահեցնել, որ մենք էլ չտանք, մեր երեխեքը կտան մեր սխալների համար պատասխան»,-ասաց Դավիթ Առուշանյանը։

Մարզպետը մի խոսուն օրինակ հիշատակեց։

«Մի բան է իմ մեջ մտել ու պատասխանատվության զգացումը իմ մեջ կա, ես մի օրինակ բերեմ, շինարարությունից էինք խոսում, դա մտավ իմ մեջ ու դարձավ կարմիր գիծ։

88 թվականի երկրաշարժից առաջ, երբ որ շինարարություն էր ընթանում Լենինականում, դպրոցներ, շենքեր էին սարքում, շինարարներն էլ հիմիկվա շինարարների պես էին, պաշտոնյաներն էլ էին հիմիկվա պաշտոնյաների պես պաշտոնյաներ, մեկը ցեմենտը պակաս լցրեց, մեկն արմատուրը ճիշտ չդրեց, երրորդը ատկատ վերցրեց, մյուսն էլ աչք փակեց այդ ամենին։ 88 թվականի երկրաշարժին պատասխան տվեցին բոլորը․ երկրաշարժի ժամանակ Աստված չնայեց էդ դպրոցի մեջ շինարարի երեխեն էր, էդ շենքի մեջ պաշտոնյայի հայրն ու մայրն էին, ուղղակի երկրաշարժ եղավ, քաղաքն ավիրվեց, ու էդքան զոհեր ունեցանք։

Ես չեմ ուզում լինել էն պաշտոնյաներից մեկը, որի արած սխալների պատճառով սերունդները պիտի պատասխան տան։ Դրա համար ուզում եմ միշտ շփվենք իրար հետ, հասկանամ՝ որտեղ եմ սխալ անում, սխալները փորձեմ ուղղել։

Շիրակի մարզպետը նաև նշեց՝ որքան էլ տհաճ լինեն քննադատությունները, եթե դրանք առողջ են, անչափ կարևոր են։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031