Լրահոս
Օրվա լրահոսը

«Որքան էլ հաճելի չլինի, օրվա հերոսը միշտ ես լինեմ, քննադատությունը շատ կարևոր է»․ Դավիթ Առուշանյանը՝ ուսանողներին

Մայիս 14,2025 20:15

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Շիրակի մարզպետ Դավթի Առուշանյանը, որն այսօր հյուրընկալվել էր Շիրակի պետական համալսարանում՝ ուսանողա-դասախոսական կազմի հետ շփվելու, նրանց մտահոգող խնդիրներին անդրադառնալու, հայտարարեց, թե չի ուզում դառնալ այն պաշտոնյաներից մեկը, որի սխալների պատճառով տուժեն սերունդները։

Նրա խոսքը փիլիսոփայական էր, որը երբեմն մատուցում էր՝ հումորային դրվագների մեջբերմամբ։

Մարզպետն ասաց․ «Ինչքան էլ իմ համար հաճելի չլինի, բայց Լիլիթ Աղեկյանի էջը պարբերաբար կարդում եմ, ինչքան էլ իր օրվա հերոսը միշտ ես լինեմ՝ «տուրիստ Դավոն», էդ գրառումների մեջ ես փորձում եմ գտնել, գուցե ճշմարիտ բաներ կա՞ն գրված։ Թեև իմացա, որ օրինակ՝ ես Սայաթ-Նովայի վրա տուն ունեմ, ես ջհանդամ, կինս՝ Անին էլ իմացավ, իհարկե, հիմի չգիտեմ իրականում ինչ ձևի Անիին համոզեմ, որ մենք չունենք տուն Սայաթ-Նովայում, բայց ամեն դեպքում կա։

Խոսքս այն մասին է , որ ամեն դեպքում քննադատությունը պիտի լինի, իսկ առողջ քննադատությունը շատ կարևոր է ու առանց քննադատության հնարավոր չէ հասկանալ՝ ճիշտ ես անո՞ւմ, թե՞ սխալ։ Ինչքան էլ տհաճ լինի, այն բլոգերները, որոնք քննադատում են ինձ, ես պարբերաբար նայում եմ իրենց, ի դժբախտություն կամ Փառք Աստծո, պակասը չկա իրենց, մեկից պրծնում ենք, մյուսն է սկսում, կարևոր է քննադատություն կարողանալ լսել, ու այդ ամենից իրական պատկերներ ստանալ», -ասաց Դավիթ Առուշանյանը։

Նա նաև ասաց, որ չի ուզում որևիցե մեկը իրեն նայի որպես չինովնիկի։

«Ես Դավիթն եմ, լեննականցի եմ, ես ձեր ուսանողն եմ ու ձեր ավագ ընկերն եմ։

Պետական պաշտոնյային փչացնողը ժողովուրդն է, ես այդպես եմ հասկացել, պետական պաշտոնյան ինքն իրեն չի փչանա, եթե մի տեղ ես գնում մտնելու ու դուռը բացում, ճանապարհ են տալիս քեզ մեծ մարդիկ, մեկ-երկու-երեք ու քեզ թվում է՝դա օրինաչափ է, որ տարիքով մարդիկ քեզանից առաջ անցնեն, դուռը բացեն ու քեզ ճամփա տան։

Երբ որ քո աշխատակիցներդ՝ օգնականը կլինի, խորհրդականը կլինի, մեքենային ես մոտենում ու դուռը բացում են, դրանով փչացնում են մարդուն․ մեկ-երկու-երեք, կսկսեն սովորեցնել, որ դա լավ բան է։ Որ կողքից նայում ես ,դա լավ բան չէ։

Առաջին անգամ, երբ 2018 թվականին մտա այս պրոցեսների մեջ՝ որպես ռեյտինգային թեկնածու, իմ փորձառու ընկերներիցս մեկն ասաց՝ գիտես, ամենադժվար բանը ո՞րն է այս ամենի, հարցրեցի՝ ո՞րը, պատասխանեց՝ չփչանալը, ուշադիր եղիր, քեզ փչացնելու են՝ պտի գնաս մի տեղ, պտի ասեն՝ սեղանի գլխին դու նստի, դուռը պտի բացեն, անցնես։ Ամենադժվար բանը էդ պահն է, չես էլ հասցնում հասկանալ, թե դա քեզ փչացրե՞ց, թե՞ չփչացրեց։

Ու էդ ժամանակ ընկերներիցս մեկին, ով անընդհատ կողքիս էր, խնդրեցի՝ եթե փչանամ, ձայն հանիր էլի, մեկը պիտի կողքիդ ձայն հանի, որովհետև 40 տարի, երբ ապրում ես քո պատկերացումներով, հետո երբ մի քանի տարի պաշտոն ես ունենում ու էդ պաշտոնի ընթացքում փչանում ես, ջուրն ես լցնում էն 40 տարին, որ ապրել ես ու ջուրն ես լցնում այն տարիները, երբ դրանից հետո պիտի ապրես։

Կարճ ժամանակահատվածը, որ դու պաշտոն ունես, չարժե էնքան, որ դու ջուրը լցնես հետագա ապրելիք, կյանքդ, որովհետև պաշտոնը հավերժ չէ ու պաշտոնը՝ որպես այդպիսին, հասկացող մարդու համար պատասխանատվություն է», -ասաց Դավիթ Առուշանյանը՝ ակտիվ հարց ու պատասխանի մեջ մտնելով ներկաների հետ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031