Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ նոր դավեր են մտմտում Բաքուն ու Անկարան

Մայիս 15,2025 12:00

Սկիզբը՝ այստեղ:

Ալիեւը մերժեց Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մերժել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը, լուրը հայտնեց ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Նման հաղորդագրություն ստացանք, որ Ալիեւը, ցավոք, չի ժամանի», – ասել էր Ուշակովը։ ՌԴ նախագահի օգնականի խոսքով՝ պաշտոնական Բաքուն Ադրբեջանի առաջնորդի Մոսկվա չմեկնելը բացատրել է «Հեյդար Ալիեւին նվիրված ներքին միջոցառումներին մասնակցությամբ»։

Հեյդար Ալիեւը ծնվել է 1923թ. մայիսի 10-ին, եւ, մայիսի 8-9-ին Ալիեւը, ցանկության դեպքում, կարող էր թեկուզ մի քանի ժամով գտնվել Մոսկվայում: Այդ օրերին Ադրբեջանի պետական քարոզչամեքենան, իհարկե, Իլհամ Ալիեւի եւ նրա տիկնոջ կողմից միջոցառումների բուռն մասնակցության համապատասխան ֆոն ապահովեց:

Օրինակ, մայիսի 9-ին նրանք այցելել են Շուշի, մասնակցել առողջարանային կենտրոնի եւ մզկիթի բացման արարողությանը։ Նույն օրը Ալիեւը Խոջալուում մասնակցել է մեկ այլ խիստ «կարեւոր» միջոցառման` գյուղացիական-ֆերմերական տնտեսության, անասնապահական համալիրի բացման արարողությանը։ Իսկ մայիսի 10-ին Իլհամ Ալիեւը եւ Մեհրիբան Ալիեւան Աղդամում մասնակցել են մուղամի կենտրոնի բացման արարողությանը, որտեղ Ալիեւը հանդես է եկել ելույթով:

Բաքուն սպասում է ռուսական կողմի զեկույցին

Իրականում, ռուս-ադրբեջանական հարաբերություններում Բաքուն պահպանում է հրապարակային դժգոհությունների քաղաքական գիծը:

Վերջերս հայտարարվեց, թե Բաքուն սպասում է, որ Ռուսաստանն ավարտի ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետաքննությունը: Ադրբեջանի արտգործնախարարի փոխանցմամբ՝ ռուսական կողմի հետ շփումները շարունակվում են: «Մեզ ասում են, թե հետաքննությունը շարունակվում է», – ասել է Ջեհյուն Բայրամովը:

Վերջերս Բաքվից դժգոհել էին, թե Մոսկվան մինչ օրս պարզաբանումներ չի ներկայացրել անցած դեկտեմբերին Ակտաուի օդանավակայանի մոտ տեղի ունեցած ավիաաղետի վերաբերյալ: Ադրբեջանական լրատվամիջոցները պնդել էին, որ նաեւ այդ պատճառով է նախագահ Իլհամ Ալիեւը չեղարկել Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 80-ամյակի զորահանդեսի կապակցությամբ մայիսի 9-ի այցը Մոսկվա։

«AZAL-ի ինքնաթիռի կործանումից անցել է հինգ ամիս, սակայն Ռուսաստանը որեւէ կոնկրետ տեղեկություն չի հրապարակել հետաքննության ընթացքի մասին», – գրել էր ադրբեջանական APA-ն։ Գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, նշել էր, թե ադրբեջանական կողմն այս հարցով ամեն ամիս դիմում է ռուսներին, սակայն ռուսական կողմը տարբեր պատրվակներով ձգձգում է հետաքննությունը եւ չի արձագանքում հարցումներին։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահը վթարից հետո հայտարարել էր, թե դրա մեղավորը Ռուսաստանն է, եւ արդար քննություն էր պահանջել:

Բացի այդ, այս ամսվա սկզբին Բաքուն Մոսկվային մեղադրեց փետրվարին ադրբեջանական իշխանամերձ լրատվամիջոցների նկատմամբ իրականացված կիբերհարձակումների մեջ։ Մասնավորապես, ադրբեջանական լրատվամիջոցների պնդմամբ, հետաքննության արդյունքում թե՛ հարձակումն իրականացնելու համար օգտագործված տեխնիկական մեթոդները, թե՛ վարքագծի օրինաչափությունները պարզել են, որ հարձակումն իրականացրել է Ռուսաստանի հետ կապված APT29 («Cozy Bear») խումբը:

«Կիբերհարձակումներ Ադրբեջանի լրատվամիջոցների վրա» թեմայով հանրային քննարկումների ժամանակ այս մասին հայտարարել է Միլի մեջլիսի արտաքին միջամտության եւ հիբրիդային սպառնալիքների հակազդման հանձնաժողովի նախագահ Ռամիդ Նամազովը: Նա նշել է, որ այս կազմակերպված խումբը հատկապես կարեւոր կիբերգործողություններ է իրականացնում։ «APT29-ի կիբերլրտեսական գործունեությունը հիմնականում ուղղված է կառավարական կառույցների, օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների, ինչպես նաեւ քաղաքական, պաշտպանական, էներգետիկ, լրատվամիջոցների եւ այլ կարեւորագույն ոլորտների դեմ։ Ինչ վերաբերում է աշխատանքի մեթոդներին, այն օգտագործում է կիբերմիջամտության բազմազան մեթոդներ եւ գործիքներ։ Դրանցից մեկը թիրախային համակարգերը նախապես թափանցելն է, եւ ճիշտ պահին գործողությունների անցնելը։ Հենց այս մեթոդն ու քաղաքական դրդապատճառներն են, որոնք տարբերում են նրանց մյուս կիբերհանցագործ խմբերից։ Այսպիսով, այս տարվա փետրվարի 20-ի հետաքննության համաձայն՝ APT29 անունով կիբերլրտեսական խումբն ամբողջությամբ տիրանում է սեփական համակարգերում գտնվող մեդիա ռեսուրսներին, որտեղ այն գաղտնի գործել է մոտ 2-3 տարի»,- ասել է Նամազովը։ Նա հավելել է, որ կիբերհոգեբանական վերլուծության արդյունքում պարզ է դարձել, թե որտեղից է գալիս հարձակման դրդապատճառը։ «Պատճառն այն է, որ փետրվարի 3-ին փակվել է «Ռուսական տուն»-ը՝ ռուսական տեղեկատվական եւ մշակութային կենտրոնը, որը գրանցված չէր որպես իրավաբանական անձ, եւ որի գործունեությունը դադարեցվել էր իրավական պահանջների լուրջ խախտումների պատճառով, ինչպես նաեւ «Russia Today»-ի (Sputnik) ներկայացուցչությունն Ադրբեջանում, որի լուծարման շուրջ բանակցություններ էին ընթանում։ Հենց այդ գործընթացների պատճառով է տեղի ունեցել կիբերմիջամտության քաղաքականապես մոտիվացված միջադեպը»,- պնդել է ադրբեջանցի պատգամավորը։

Ի դեպ, գրեթե երկու շաբաթ առաջ Ռուսաստանը նախ ձերբակալել, ապա արգելել էր Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Ազեր Բադամովի մուտքը երկիր։ Ըստ ԱՊԱ ադրբեջանական գործակալության, ադրբեջանցի պատգամավորը ռուսական կողմի հրավերով ուղեւորվել էր Աստրախան՝ Հեյդար Ալիեւին նվիրված միջոցառումներին մասնակցելու, սակայն ռուսական կողմը Մոսկվայի օդանավակայանում նրան թույլ չէր տվել նստել դեպի Աստրախան թռչող ինքնաթիռ։ Բադամովին, ըստ ադրբեջանական կողմի, Մոսկվան որեւէ բացատրություն չի ներկայացրել։ «Մենք դիմել ենք Ռուսաստանի ԱԳՆ, պաշտոնական ներկայացուցիչն ասել է, որ դեպքը կհետաքննվի, բայց պատճառները չի բացատրել»,-նշել էր Ադրբեջանի ԱԳՆ-ի խոսնակը։ Հաջիզադեն պնդել էր, թե «Բաքուն սա համարում է ոչ բարեկամական քայլ եւ սպասում է Ռուսաստանից պարզաբանումների»։

Ադրբեջանական լրատվամիջոցները ենթադրել էին, որ միջադեպը տեղի է ունեցել ՌԴ Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուեւի հասցեին Բադամովի հայտարարությունների պատճառով։ Ամիսներ առաջ, երբ Բաքուն որոշեց փակել «Ռուսաստանի տունը», Վալուեւը իր Telegram ալիքում վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել ադրբեջանցիների հասցեին։ Բադամովը հակադարձել էր նրան՝ ֆեյսբուքյան իր էջում։

Ի դեպ, ուշագրավ էր, որ վերոնշյալ միջադեպը տեղի ունեցավ Մոսկվայի ու Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի՝ Ադրբեջան այցի ֆոնին: Հիշեցնենք, որ մայիսի 3-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ու Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիեւան, Բաքվում ընդունել էին Ռուսիո պատրիարքին։ Վերջինս Մեհրիբան Ալիեւային պարգեւատրել էր Ռուս Ուղղափառ Եկեղեցու սուրբ իշխանուհի Օլգայի 1-ին աստիճանի շքանշանով՝ հասարակությունում ավանդական արժեքների պահպանման գործում ունեցած ներդրման համար։

Բացի այդ, պատրիարք Կիրիլը փոխանցել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերը՝ մասնակցելու Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումներին։

Բայց փաստորեն, Իլհամ Ալիեւը հոր ծննդյան տարեդարձի միջոցառումների եւ այլ խիստ «կարեւոր» արարողությունների պատրվակով արհամարհեց Պուտինի հրավերը: Սա փաստում է այն մասին, որ իրականում ռուս-ադրբեջանական հարաբերություններում լարվածության այլ պատճառներ դեռեւս պահպանվում են:

Թուրք-ադրբեջանական տանդեմն ակտիվացրել է շփումները

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մայիսի 7-ին պետք է մեկներ Ադրբեջան: Այդ այցն, ակնկալվում էր, որ կտեւի մինչեւ մայիսի 11-ը: Հաղորդվել էր, որ այցի ընթացքում Նեթանյահուն Ադրբեջանի նախագահի հետ կքննարկի երկու երկրի միջեւ կապերի ամրապնդման հարցերը:

Սակայն անցյալ շաբաթ հայտնի դարձավ, որ Նեթանյահուն հետաձգել է իր այցը Ադրբեջան։ «Գազայի եւ Սիրիայի ճակատներում տեղի ունեցող զարգացումների եւ ռազմաքաղաքական զբաղված օրակարգի պատճառով վարչապետ Նեթանյահուն որոշել է հետաձգել իր այցը Ադրբեջան, այն կլինի ավելի ուշ», – ասվում էր Իսրայելի կաբինետի ղեկավարի գրասենյակի հայտարարության մեջ։

Տեղական լրատվամիջոցները, սակայն, չեղարկումը կապեցին Թուրքիայի կողմից Իսրայելի վարչապետի պաշտոնական ինքնաթիռին թռիչքի թույլտվություն չտրամադրելու հետ, գրել էր Turkiye today-ը։ Walla լրատվականը հայտնել էր, որ Նեթանյահուն քննարկել է թռիչքի ուղղությունը Հունաստանի եւ Բուլղարիայի օդային տարածքներով վերաուղղորդելու հնարավորությունը, սակայն հրաժարվել է այդ տարբերակից, քանի որ դա գրեթե կկրկնապատկեր թռիչքի ժամանակը։ Սոցցանցերում շրջանառվող ենթադրություններին ի պատասխան՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կտրականապես հերքել էր Նեթանյահուի ինքնաթիռին թռիչքի թույլտվություն տրամադրելու մասին պնդումները:

«Այն պնդումները, որ Իսրայելի վարչապետի ինքնաթիռը ստացել է թռիչքի թույլտվություն, բացարձակապես անհիմն են: Մեզ նման խնդրանք չի ուղարկվել»,- նշել էր նախարարության խոսնակը։

Հիշեցնենք, որ 2024թ. նոյեմբերին Թուրքիան փաստացի խոչընդոտել էր Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի մասնակցությանն Ադրբեջանում COP29 գագաթնաժողովին՝ արգելափակելով նրա ինքնաթիռի թռիչքը իր օդային տարածքով:

Իսրայելի իշխանությունները ցանկացել էին օգտագործել Թուրքիայի օդային տարածքը Հերցոգի ինքնաթիռի համար, սակայն թուրքական կողմից մերժում էին ստացել։ Ի վերջո, Հերցոգի այցը Բաքու չեղարկվել էր։ Ներկայում Իսրայելից Ադրբեջան ուղիղ չվերթները սովորաբար պահանջում են Թուրքիայի, Սիրիայի, Իրաքի կամ Իրանի օդային տարածքի հատում։ Հիշեցնենք նաեւ, որ Թուրքիան իր օդային տարածքը փակել է իսրայելական ինքնաթիռների համար 2024թ. սկզբից՝ ի պատասխան Գազայի վրա Իսրայելի հարձակումների։

Թեեւ Նեթանյահուն հետաձգեց իր այցը Ադրբեջան, սակայն մայիսի 8-ին Բաքվում անցկացվեցին Իսրայելի եւ Թուրքիայի պատվիրակությունների բանակցությունները: Իսրայելի հանրային հեռուստատեսության փոխանցմամբ՝ Ադրբեջանի միջնորդությամբ կազմակերպված բանակցությունների ընթացքում կողմերը քննարկելու էին Սիրիայում տիրող կացությունը։

Նշվում էր, որ իսրայելական կողմը մասնավորաբար պատրաստվում է երկու հիմնական պահանջ ներկայացնել Թուրքիայի ներկայացուցիչներին։ «Իսրայելական կողմը պահանջում է, որպեսզի իր սահմանների հարեւանությամբ ռազմական ներկայությունը հասցվի նվազագույնի, ինչպես նաեւ բացառվի Սիրիայի տարածքում որեւէ տեսակի ռազմավարական սպառազինության առկայությունը, որը կարող է ուղղակի վտանգ ներկայացնել Իսրայելի տարածքի համար»,- նշում են իսրայելական լրատվամիջոցները։

Այս բանակցություններից մի քանի օր անց թուրքական լրատվականները հայտնեցին, որ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերն է այցելում Ադրբեջան: Նշվում էր միայն, որ Ադրբեջանում թուրքական ռազմական գերատեսչության ղեկավարը մի շարք հանդիպումներ կանցկացնի, այլ մանրամասներ չեն հաղորդվել։

Թուրք-ադրբեջանական պաշտպանության համագործակցության վերաբերյալ հայտնի է միայն այն, որ ադրբեջանցի զինվորականները կմասնակցեն Anatolian Phoenix-2025 զորավարժություններին։ Զորավարժությունները նախանշված են մայիսի 12-23-ը Թուրքիայի Քոնյա քաղաքում։ Ադրբեջանը զորավարժություններում կներկայացվի ՌՕՈՒ օդաչուներով, որոնողական-փրկարարական ծառայությունների մասնագետներով, տեխնիկական անձնակազմով եւ ավիացիոն տեխնիկայով։

Ի դեպ, անցյալ շաբաթ Ադրբեջանի եւ Թուրքիայի զինծառայողների մասնակցությամբ համատեղ հրամանատարական զորավարժություններ են անցկացվել Նախիջեւանում։ Այս մասին տեղեկատվություն էր տարածել Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։

Ի՞նչ նոր դավեր են մտմտում Բաքուն ու Անկարան…

Թուրք-ադրբեջանական տանդեմի ինտենսիվ շփումները, ըստ ամենայնի, տարածաշրջանային նոր իրողությունների մասին ազդակներ են:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.05.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031