Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս է վերաշարադրվելու պատմությունը

Մայիս 15,2025 10:00

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Օրեր առաջ Հայոց ցեղասպանությանը նվիրված իմ տեսագրությանն ի պատասխան՝ ստացա հետեւյալ մեկնաբանությունը. «իսկ դու հասկացել էս որ վարչապետը ինչա ասո ւմ ՞։ հիմա հարց քէզ, չէ որ հայերը թուրքերի հետ ապրել են 1000 տարի ինչի համար որոշեցին ցեղասպանել՞ որովհետև քո նմանները ռուս թուրքական պատերազմին միացան»: Բնագրի ուղղագրությունը պահպանել եմ՝ ցույց տալու համար, որ գրագիտության ու մշակութային մակարդակի առումով վարչապետն ու նրա երկրպագուները չեն տարբերվում:

Բայց խնդիրը, բնականաբար, ոչ միայն հայոց լեզուն եւ վարվեցողության կանոններն են, այլ, առաջին հերթին, պատմական գիտելիքները: Ստացվում է, որ հայերը ուրախ եւ երջանիկ ապրել են Օսմանյան կայսրությունում, բոլոր սուլթանները (այդ թվում վերջինը՝ Աբդուլ Համիդը) նրանց ընկալում էին որպես հարազատ որդիների, սրբորեն պահպանում էին մեր վանքերն ու պատմական ժառանգությունը:

Բայց 1914 թվականին սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, եւ «ինձ նման» հիմար կամ «ռսաստրուկ» հայերը, փոխանակ ծառայեն իրենց այդքան շատ բարիքներ շնորհած հարազատ պետությանը, սկսեցին կռվել Ռուսական կայսրության կողմից: Երիտթուրքական կառավարությանն այլեւս ոչինչ չէր մնում, քան կոտորել մեկուկես միլիոն հայերին, այդ թվում՝ ռուսական բանակի հետ կապ չունեցող երեխաներին, կանանց եւ ծերերին:

Ցեղասպանության այս բացատրությունը չափազանց մոտ է թուրքական պաշտոնական «պատմագիտության» հիմնական ուղղություններին: Բայց պարզ է, որ մեկնաբանություն գրող նիկոլականը չի օգտվել թուրքական պաշտոնական աղբյուրներից՝ նրա աղբյուրը Փաշինյանն է ու նրա քարոզիչները:

Կարծում եմ՝ եթե Փաշինյանը եւս մի քանի տարի մնա իշխանության, ապա հենց այդ նարատիվն էլ կդրվի պատմության դասագրքերի հիմքում, նաեւ կտեղափոխվի ակադեմիական ոլորտ: «Հայ» պատմաբանները ատենախոսություններ կպաշտպանեն մոտավորապես հետեւյալ թեմայով. «Ինչու տեղի ունեցավ ցեղասպանությունը. հայերի դավաճանությունը Օսմանյան կայսրությանը եւ դրա հետեւանքները»:

Սակայն դրանով «պատմության վերաիմաստավորումը» չի սահմանափակվի: 1988 թվականի իրադարձությունները նույնպես «վերաշարադրանքի» կարիք կունենան: Դատելով Փաշինյանի՝ «իրական Հայաստանի» մասին «ուղղորդող ցուցումներից»՝ պաշտոնական մեկնաբանությունը կլինի հետեւյալը. «Տասնամյակներ շարունակ հայերը բարգավաճել են Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում: Սակայն 1988 թվականին մի խումբ արկածախնդիրներ Ռուսաստանի հրահանգով սկսեցին պահանջել ԼՂԻՄ միացումը Հայաստանին: Դրանով Ռուսաստանը ցանկանում էր իր ազդեցության տակ պահել Հայաստանը եւ թույլ չտալ մեր երկրի իրական անկախությունը»:

Հիմա գուցե ձեզ զարմանալի թվա, որ պատմության դասագրքերում նման բաներ կարող են գրվել: Բայց դա, հավատացնում եմ ձեզ, միանգամայն հնարավոր է: Պարզապես դժվար է ասել, թե դե-ֆակտո ո՛ր երկրի կազմում այդ պահին կլինի Հայաստանը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031