Մերձավանի դպրոցում տեղի ունեցածը հանրային մեծ ռեզոնանս առաջացրեց, և դա հասկանալի է։ Հարցը ներկայացվեց մոտավորապես այսպես․ ուսուցչուհին աշակերտներին ասել էր, որ 1905 թվականին հայ-թաթարական բախումները ռուսներն են հրահրել, պետք է նորմալ վերաբերվել թուրքերին և այլն, դպրոցի ուսուցիչներն ու աշակերտներն էլ, ծնողների հետ միասին, ի նշան բողոքի դասադուլ են կազմակերպել, փողոցային բառապաշարով անարգանքի սյունին գամել ուսուցչուհուն, և այլն։
Բայց ակնհայտ էր, որ այս պատմության մեջ ինչ-որ բան այն չէ։ Նախ՝ ուսուցչուհին առանձնապես նոր բան չէր ասել (ո՞վ չգիտի, որ հայ-թաթարական բախումներն իսկապես էլ ցարական Ռուսաստանի իշխանություններն են հրահրել), ու հազիվ թե դա բողոքի նման ալիք բարձրացներ, և երկրորդ՝ ուղղակի աչք էր ծակում, որ սոցկայքերում այդ ուսուցչուհուն պաշտպանում էին հատկապես այն «հանրային դեմքերը», որոնք առավել ակտիվ են պաշտպանում Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը։
Ու ի՞նչ է պարզվում։ Պարզվում է, որ այս առճակատումը ամիսների պատմություն ունի, Արմավիրի մարզպետարանում էլ շատ լավ տեղյակ են եղել խնդրին ու հակված են եղել ազատվել այդ ուսուցչուհուց։ Մասնավորապես՝ մարզպետարանի ներկայացուցիչը «Հայկական ժամանակ»-ին ասել է, որ «ներկայացված մեղադրանքներին Ռոզա Դավթյանը որևէ հակափաստարկ բերել չի կարողանում», եթե անհրաժեշտ լինի՝ այդ ուսուցչուհին կհեռացվի և այլն, թերթն էլ իր հերթին տեղեկացրել է, որ դասադուլ իրականացնողների պնդմամբ՝ այդ ուսուցչուհին, ուշադրություն, «ոչ պատշաճ կերպով է արտահայտվում արցախցիների մասին․․․»։ Հասկացա՞ք։
Հետո թե մի քանի ժամվա մեջ ինչ է փոխվում՝ հայտնի չէ, բայց ԿԳՄՍ-ն հայտարարում է, թե նույն այդ «Արմավիրի մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությամբ» որոշում է ընդունվել աշխատանքից ազատել դպրոցի տնօրենի ժպ-ին (ըստ երևույթին՝ այդ իսկապես խայտառակ ակցիան կազմակերպելու կամ չկանխելու համար)։ Բա իհարկե, «արցախցիների մասին ոչ պատշաճ կերպով արտահայտվողները» պիտի իմանան, որ իշխանություններն իրենց թիկունքին են։
Կարդացեք նաև
Մարկ ՆՇԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում