Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրազ Խաչատրյան. «Օրենքն ավելի շատ տանելու է զինված ուժերի քանակական և որակական թուլացման, երկարատև պլանում ոչ թե ավելանալու է, այլ կրճատվելու է համալրման բազան». «Փաստ»

Մայիս 15,2025 09:00

Պատերազմների անդառնալի հետևանքները տեսնելուց հետո և մշտապես անհանգստության մեջ ապրելու պայմաններում, որ վաղն Ադրբեջանը կարող է հերթական պատերազմը սանձազերծել կամ էլ ռազմական սադրանքների դիմել, իշխանական պատգամավորն առաջարկում է զինապարտներին՝ վճարել 15-20 միլիոն դրամ և ավելի քիչ ծառայել: Նման միտք թերևս նրա գլխում առաջացել է այն բանից հետո, երբ պարզ է դարձել, որ 2020-24 թթ. ընթացքում արական սեռի 8721 ներկայացուցիչ հրաժարվել է Հայաստանի քաղաքացիությունից: Ուստի, որոշվել է նրանց իբր «այլընտրանք» առաջարկել. ծառայել 24 ամիս և ստանալ բարձր դրամական ապահովություն պետության կողմից, ծառայել 6 ամիս և պետբյուջե վճարել 15 միլիոն դրամ, ծառայել 1 ամիս և պետբյուջե վճարել 20 միլիոն դրամ։

Անարդարություն, ակնհայտ առավելություն ապահովված ընտանիքներին, բանակի կազմաքանդում և այլն: Պատգամավորի առաջարկների շուրջ քննարկումներն այս հիմնական կետերին են հանգում: Մի կողմից՝ այս նախագիծը կարող է դիտարկվել որպես պետական բյուջե հավելյալ եկամուտ ներգրավելու միջոց, մյուս կողմից՝ օրինական տարբերակով բանակում քիչ ծառայելու կամ չծառայելու տարբերակ: Մեկ ամիսն ի՞նչ ծառայություն: Իսկ գուցե սա հարված է մեր երկրի անվտանգության երաշխավորին՝ բանակին:

Հենակետ վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանը նշում է՝ որքան էլ նմանատիպ նախագծերը մի կողմից դիտարկենք զուտ որպես պետբյուջեն հավելյալ եկամուտներով լրացնելու մեխանիզմ, հակառակ տեսանկյունից փաստ է, որ նմանատիպ նախագծերը խորքային կերպով վնասելու են բանակի նկատմամբ վստահությանը, մեծացնելու են սոցիալական անարդարությունը և կարճատև, նաև երկարատև ժամանակահատվածում թուլացնելու են պետության պաշտպանունակությունը:

«Նախ՝ բազմաթիվ հարցեր կան այն մասով, թե այդպիսի նախաձեռնությունը, որն ընդունելի է նաև պետության ղեկավարի կողմից, անվտանգության ոլորտի ի՞նչ մասնագետների գնահատականների և որոշումների արդյունքում է կայացվել, ի՞նչ հաշվարկներ են դրված, թե անգամ պետբյուջե գումարներ մուտք անելով՝ զորակոչը 20 տոկոսով կավելանա, այդ ի՞նչ կանխատեսումներ են ընդհանրապես: Կամ՝ ենթադրենք՝ 20 տոկոսով ավելանում է, մեկ ամիս իբր ծառայություն կրող զինծառայողի օգտակար գործողության գործակիցը բանակին ի՞նչ է տալու: Այս նախագիծն իր մեջ բազմաթիվ ռիսկեր է պարունակում: Այն բերելու է սոցիալական անհավասարության խորացման, ինչը կարող է լրջորեն քայքայել հանրային համերաշխությունը, արդարության զգացումը երիտասարդների և, ընդհանրապես, հասարակության լայն շրջանակների մեջ: Հասարակության բևեռացումը լրջագույն խնդիր կդառնա պետության համար:

Երկրորդ՝ կարծում եմ, որ զինվորական համակարգի հեղինակազրկման գործընթաց է տեղի ունենում, այն էլ՝ վաղուց, երբ իշխանականները փորձում են հանրային գիտակցության մեջ նվազեցնել բանակային ծառայության դերը: Խնդիր է նաև այն, որ օրենքն ավելի շատ տանելու է զինված ուժերի քանակական և որակական թուլացման, երկարատև պլանում ոչ թե ավելանալու է, այլ կրճատվելու է համալրման բազան, ինչն արտաքին սպառնալիքների պայմաններում քաղաքական սխալ (իսկ գուցե՝ միտումնավոր) ուղերձ է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Խաչատրյանը:

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031