Անհանգստացնող է, որ առողջապահական ոլորտի ֆինանսավորումը մշտապես եղել է անբավարար։ ՀՀ առողջապահության ֆինանսավորման համակարգը, Եվրոպայի և Ասիայի բազմաթիվ երկրների ցուցանիշների համեմատ, ունի ցածր պետական ֆինանսավորում։
Միաժամանակ, առողջապահության ոլորտում առկա է կառավարման ճգնաժամ։ Բազմաթիվ բողոքներ են հնչում կոռուպցիոն սխեմաների, մրցույթների ոչ թափանցիկ կազմակերպման, բյուջետային միջոցների չարդարացված ծախսման և ուռճացված ու անգործության մատնված որոշ առողջապահական հիմնարկների վերաբերյալ։
Միաժամանակ, հանրային բուժհիմնարկներում բարձրացվում են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են բժիշկների աշխատավարձերի ցածր մակարդակը, բժշկական սարքավորումների հնությունը, տեղամասային բժիշկների պակասը և առաջին բուժօգնության ցանցի դեֆորմացիան։ Գրեթե բոլոր մարզային բուժհաստատություններում առկա է կադրային ճգնաժամ, քանի որ երիտասարդ մասնագետները հիմնականում կենտրոնանում են Երևանում՝ բարձր վարձատրության և մասնավոր հատվածում աշխատանքի հնարավորության պատճառով։ Մարզերում գործող հիվանդանոցները հաճախ միայն ձևական են գործում՝ առանց անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական պոտենցիալի։
Առողջապահության ամենախոցելի ոլորտներից է դեղորայքի շուկան։
Կարդացեք նաև
Չկան հստակ մեխանիզմներ դեղերի գների կարգավորման, մրցակցության խթանման, ինչպես նաև գերշահույթների սահմանափակման համար։ Դեղերի շուկայում նաև հաճախակի են դեպքեր, երբ նույն դեղը տարբեր արտադրողների կողմից ներմուծվում է տարբեր գներով՝ առանց որակի տարբերության, ինչը վկայում է գների ոչ թափանցիկ ձևավորման մեխանիզմների մասին։ Մյուս կողմից էլ՝ Հայաստանում դեղագործության ոլորտը զարգացած չէ։ Դեղորայքի 92 տոկոսը ներմուծվում է, միայն 8 տոկոսն է արտադրվում Հայաստանում։ Այնինչ, դեղերի արտադրության ոլորտը կարող էր նաև նոր տնտեսական հնարավորություններ ստեղծել Հայաստանի համար և դառնալ արտահանման նոր ուղղություն։
Խնդիրներից մեկն էլ այն է, որ դեղորայքի գրանցման և վերահսկման համակարգը բավարար չափով արդյունավետ չէ։ Դեռ կան դեպքեր, երբ Հայաստան ներմուծվում են կասկածելի որակի դեղամիջոցներ, կամ նույնիսկ այնպիսիք, որոնք այլ երկրներում արգելված են օգտագործման համար։ Ու հատկապես մտահոգիչ է, որ վերջերս մամուլում տեղեկություններ են շրջանառվում վտանգավոր հետևանքների հանգեցնող դեղերի ներմուծման մասին։ Այս համատեքստում հարկ է հիշատակել նաև կենսաբանական ակտիվ հավելումների անվերահսկելի շրջանառությունը։ Շուկայում տարածված են այնպիսի միջոցներ, որոնք ներկայացվում են որպես բուժիչ, բայց չունեն համապատասխան ապացուցողական բազա, չեն անցել կլինիկական կամ լաբորատոր փորձարկումներ և որևէ կերպ չեն վերահսկվում պետության կողմից։ Այսպիսի միջավայրում քաղաքացիները հաճախ մոլորվում են՝ հավատալով գովազդային խոստումներին և վտանգելով իրենց առողջությունը։
Այս բոլոր խնդիրները դիտարկելիս ակնհայտ է դառնում, որ Հայաստանի առողջապահական համակարգը լրջագույն բարեփոխումների կարիք ունի՝ համակողմանի և համակարգված մոտեցմամբ։
Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։