Ermenihaber. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր՝ սահմանելով մայիսի 15-ին Ստամբուլում կայանալիք ռուս-ուկրաինական բանակցություններում ՌԴ ներկայացնող պատվիրակության կազմը:
Ըստ այդմ՝ ռուսական կողմը ներկայացնելու են ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, ՌԴ ՊՆ գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյոկովը, պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը և մի շարք այլ պաշտոնյաներ:
ՌԴ պատվիրակությունը գլխավորելու է Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։
Հայտնի է նաև, թե ովքեր են մասնակցելու ռուս-ուկրաինական ստամբուլյան բանակցություններին ուկրաինական կողմից:
Կարդացեք նաև
Ըստ այդմ՝ ուկրաինական կողմը ներկայացնելու են Ոսկրանայի արտգործնախարար Անդրիյ Սիբիհան, Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը, Ուկրաինայի նախագահականի ղեկավար Անդրեյ Երմակը, Ուկրաինայի նախագահի խորհրդական Իգոր Ժովկվան և մի շարք այլ պաշտոնյաներ:
Հավելենք, որ Ուկրաինայի նախագահ Զելենսկին ևս մեկնելու է Թուրքիա, սակայն լինելու է Անկարայում և անձամբ հանդիպելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր Պուտինին հանդիպելու ակնկալիքով մայիսի 15-ին Ստամբուլում լինելու մասին, իսկ Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը մայիսի 14-ին ասել, որ եթե Պուտինը չմեկնի Ստամբուլ, հնարավոր է՝ Վոլոդիմիր Զելենսկին ևս չմասնակցի ռուս-ուկրաինական ուղիղ բանակցություններին։